Կարավաջոյի կտավը աճուրդի է հանվելու 171 մլն դոլարով
2014-ին ֆրանսիացի աճուրդաբան Մարկ Լաբարբին զանգահարեց նրա վաղեմի ընկերը։ Թուլուզի իր տան ձեղնահարկում նա մի կտավ էր գտել՝ փոշու ու կեղտի հաստ շերտով պատված, խոնավության արտահայտված հետքերով։ Այնուամենայնիվ, նույնիսկ նման վիճակում կտավը արժեքավոր էր թվում։ Լաբարբն անմիջապես ժամանեց Թուլուզ, կտավի վրա պատկերված դեմքերից մեկը մաքրեց ջրում թրջված բամբակով, լուսանկարեց այն ու ուղարկեց արվեստագետ Էրիկ Տուրկինին։
…Հինգ տարի անց Տուրկինն ուշի ուշով հետևում էր, թե լոնդոնյան Քոլնագի պատկերասրահի աշխատակիցներն ինչպես են պատրաստում կտավը գալիք ցուցահանդեսի համար։ Նկարի հեղինակությունն արդեն հաստատված էր. այն Միքելանջելո Մերիսի դա Կարավաջոյի «Հուդիթ և Հողոփեռնեսն» է (1607): Քոլնագիում անցած շաբաթ կայացած մամլո ասուլիսի ժամանակ Տուրկինը հայտարարել է, որ Լաբարբը հունիսի 27-ին Թուլուզում աճուրդի է հանելու կտավը 171 մլն դոլար նախնական արժեքով։ «Սա իմ երբևէ հայտնաբերած ամենահիասքանչ կտավն է,- ասել է Տուրկինը,- այն ինչ-որ չափով անգամ կատաղի է կարելի որակավորել։ Սակայն Կարավաջոն պարզապես մարմնավորել է տեքստը. նրա հանճարը հենց դրանում էլ կայանում էր. Կարավաջոն տեքստերը կյանքի էր կոչում»։
Հուդիթի պատմությունը Հին Կտակարանից է վերցված։ Հողոփեռնեսը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր II արքայի բանակի զորապետն էր: Նա պաշարել էր Հուդայի քաղաքները: Դրանցից մեկում ապրում էր Մանասե Բետիղուացու երիտասարդ, առաքինի ու աստվածավախ այրին՝ Հուդիթը։ Քաղաքացիներին պատել էր հուսահատությունը. նրանք ոչ մի ելք չէին տեսնում՝ թոթափելու թշնամու լուծը: Հագնելով գեղեցիկ հանդերձանք ու իր հետ վերցնելով ծառային՝ Հուդիթը գնում է թշնամու բանակատեղին: Այստեղ նա կարողանում է շահել Հողոփեռնեսի վստահությունը: Եվ մի օր, երբ Հողոփեռնեսը քնում է, Հուդիթը գլխատում է նրան ու վերադառնում հարազատ քաղաք: Թշնամու բանակը, մնալով առանց ղեկավարի, խուճապահար ցրվում է: Հուդիթը կրկին վերադառնում է իր նախկին կյանքին և ցկյանս այրի մնում:
Տուրկինը նշում է, որ կտավը բարդ պատմություն ունի։ Մարդասպանության մեջ մեղադրվող Կարավաջոն ստեղծել է այն Նեապոլում, ուր ժամանակավոր ապաստարան էր գտել Հռոմից փախուստի դիմելուց հետո։ «Կտավում առկա են այն բոլոր փոփոխությունները, որոնց ենթարկվում է Կարավաջոյի վրձինը Հռոմից հեռանալուց հետո։ Գույները մթագնվում են, կտավի մթնոլորտը մռայլ է, սյուժեն՝ բռնությամբ լի»,- ասում է Տուրկինը։
Աճուրդին ներկայացվելու է կտավի ծագումը հաստատող չորս փաստաթուղթ. 1607-ին Մանտուայի դուքսին ուղղված երկու նամակ, ուր պատմվում է նկարի մասին, նկարիչ Լուի Ֆինսոնի 1617-ի կտակը և նրա գործընկերոջ՝ Աբրահամ Վինկի գույքացուցակը՝ կազմված 1619-ին Անտվերպենում։ «Դրանից հետո կտավի հետքերը կորչում են»,- ասում է Տուրկինը։ Նախքան Թուլուզի ձեղնահարկում հայտնաբերվելը կտավը հայտնի է եղել միայն Լուի Ֆրիսոնի պատճենի միջոցով։