
Հետազոտողի կրթական ծրագիրն անցնում է արտաքին գնահատում
Ապրիլի 30-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա այց կատարեց փորձագիտական խումբը՝ գնահատելու բուհի հետազոտողի կրթական ծրագիրը և իրականացվող հետազոտական աշխատանքները: Արտաքին գնահատումն իրականացվում է «ERASMUS+» «Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» («C3QA») դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Այցի հիմնական նպատակը բուհում առկա հետազոտողի կրթական ծրագիրը և երրորդ աստիճանի համար դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ներդրված որակի ներքին ապահովման համակարգը գնահատելն էր՝ հիմնվելով բուհի կողմից տրամադրված ինքնավերլուծության զեկույցի և համապատասխան փաստաթղթերի վրա: Փորձագիտական խմբում ներգրավված էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ), Լեհաստանի, Մոնղոլիայի, Ղազախսատանի, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի գործընկեր հաստատությունների ներկայացուցիչները:
Այցի ընթացքում փորձագիտական խումբը հանդիպումներ ունեցավ բուհի ուսումնագիտական գծով պրոռեկտորի, «C3QA» ծրագրի աշխատանքային խմբի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների, հետազոտողի կրթական ծրագիրը սպասարկող համապատասխան ամբիոնի, գիտքարտուղարի, հետազոտող-ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի և ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում ներկայացվեցին բուհում հետզոտության ռազմավարությամբ սահմանված գործողությունները, հետազոտողի կրթական ծրագրի վերանայման համար իրականացվող անհրաժեշտ քայլերը, ինչպես նաև նոր վերջնարդյունքահեն հետազոտողի կրթական ծրագիրը: Անդրադարձ կատարվեց նաև ներդրված որակի ներքին ապահովման համակարգին և հետագա քայլերին՝ միտված բուհի հետազոտողի կրթական ծրագրի և հետազոտության գործունեության գնահատմանն ու բարելավմանը:
Փորձագիտական խմբի անդամները ծանոթացան բուհում առկա ռեսուրսներին՝ այցելելով գրադարան, լաբորատորիաներ, և հետազոտությանը նպաստող միջավայրի գործունեությանը: Նրանք ուսումնասիրեցին բուհի կողմից ներկայացված հավելյալ փաստաթղթերը: Իսկ հանդիպումների և քննարկումների արդյունքում ներկայացվեցին նախնական ամփոփումները: Փորձագիտական խմբի եզրակացությունն ու համապատասխան դիտարկումներով զեկույցը կտրամադրվի բուհին հետագա բարելավումների և շտկումների նպատակով:
«ERASMUS+» «Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» դրամաշնորհային ծրագրին ՀԳՊԱ-ն մասնակցում է 2016-ից, որի շրջանակներում վերանայել է բուհի հետազոտության ռազմավարությունը և մշակել երրորդ աստիճանի կրթության որակի ներքին ապահովման համակարգ (մեխանիզմներ և գործիքակազմ)՝ նպատակ ունենալով բարելավել բուհի հետազոտական միջավայրը ու շարունակաբար գնահատել կրթական ծրագրի արդյունավետությունը: Դրամաշնորհային ծրագիրը կավարտվի 2019-ի հոկտեմբերին։