Համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողները՝ միջազգային մրցույթի հաղթողներ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համակարգչային գրաֆիկայի բաժնի ուսանողներն արդեն երրորդ տարին է մասնակցում են Խարկովի գեղարվեստի ակադեմիայում անցկացվող «Տառատեսակների ուսանողական միջազգային մրցույթին»: Մրցութային հանձնաժողովի անդամ, մեր ակադեմիայի դասախոս Էդիկ Ղաբուզյանի առաջարկով այս տարի անվանակարգերի մեջ ավելացել է «Տեքստային տառատեսակ» անվանակարգը, որի առանձնահատկությունը ոչ թե գրերի արտահայտչականությունն է, այլ տեքստին դրանց դյուրընթեռնելիություն հաղորդելը, հնարավորինս թուլացնելու հատկապես ծավալուն տեքստերի ընթերցանության լարվածությունը: Մեր ուսանողների այս տարվա մասնակցությունը սպասվածից արդյունավետ է եղել. նրանք շահել են մրցանակային երեք գլխավոր տեղերը: Աշխատանքները չեն վերադարձվել, դրանք մասնակցելու են Խարկովում կայանալիք ցուցահանդեսին:
Դրվատանքի խոսքեր ուղղելով մասնակից ուսանողներին՝ համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանը, անդրադառնալով Թումո կենտրոնում նախորդ տարի կայացած մրցույթում մեր ուսանողների հաջողությանը, ասաց, որ Խարկովի մրցույթը հաստատեց նրանց մասնագիտական բարձր որակներն ու արժանիքները. միանգամից 3 գլխավոր մրցանակ, որը պատիվ է բերում և՛ ակադեմիային, և՛ ուսանողներին: Նա նաև ասաց, որ դասախոսների կողմից միշտ էլ խրախուսվում է հայկական տառատեսակների մշակումը, սակայն չգիտես ինչու, ուսանողներն առավելություն տալիս են լատինատառին: Փայասլյանը հորդորեց հետագա տարբեր աշխատանքներում օգտագործել իրենց կողմից ստեղծված տառատեսակները, և ոչ թե փնտրել ուրիշներ:
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանն ընդգծեց ուսանողների վերջին երկու տարիների ակտիվությունը. «Այնքան արագ են հաջորդում միմյանց ցուցահանդեսներն ու մրցույթները, որ չենք հասցնում մասնակցել»: Դիմելով համակարգչային գրաֆիկայի բաժնի՝ միջոցառմանը ներկա ուսանողներին, նա հորդորեց ավելի ուշադիր լինել ամբիոնի հայտարարություններին և ակտիվ վերաբերմունք ցուցաբերել, հիշեցնելով վերջերս Մոսկվայում կայացած «Золотая линия» մրցույթին հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների հաջողության մասին, որին, սակայն, համակարգչային գրաֆիկայի ուսանողները չմասնակցեցին:
Խարկովի մրցույթը հանգամանալի ներկայացրեց մրցութային հանձնաժողովի անդամ Էդիկ Ղաբուզյանը. նա նաև տեղի ուսանողներին դասավանդելու մեկամսյա հրավեր էր ստացել և գործուղվել Խարկով: Ղաբուզյանը նշեց, որ Ազգային գրադարանի տնօրենի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կազմակերպելու տառարվեստի ցուցահանդես ՀԳՊԱ-ի ուսանողների մասնակցությամբ: Մեր ուսանողները հաջողությամբ մասնակցում են նաև աշխարհի տարբեր քաղաքներում (Սեուլ, Ռեյկյավիկ) անցկացվող Հայաստանի կողմից նախաձեռնած «Գրանիշ» միջազգային մրցույթին:
Եվ ինչպես սպասվում էր, Հայկ Փայասլյանը Խարկովի մրցույթի հաղթողներին հանձնեց դիպլոմներ և մասնակցության սերտիֆիկատներ: Առաջին տեղում Հասմիկ Զաքարյանն է («Տեքստային տառատեսակ» անվանակարգ), երկրորդ տեղում՝ Ինեսա Պողոսյանը («Տեքստային տառատեսակ» անվանակարգ, նաև երրորդ մրցանակ՝ «Պլակատային ձևավորման տառատեսակ» անվանակարգում), երրորդ տեղում Վահագ Մինասյանն է («Տեքստային տառատեսակ» անվանակարգ): Մասնակցության սերտիֆիկատներ ստացան նաև Մերի Շարմազյանը, Սիրանուշ Զուրաբյանը, Շողակաթ Զաքարյանը, Ջեմմա Հայրապետյանը, և իհարկե՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ նման հաջողություն արձանագրելու համար:
Մելանյա Բադալյան