Ի՞նչ կարելի է գնել Լուվրում 34 000 դոլարով
Պատկերացրեք, որ մենակ եք աշխարհի ամենամեծ և հանրահայտ թանգարանում, որի այցելուների քանակը տարեկան 10,2 միլիոն մարդ է։ Որոշակի գումար ունենալու դեպքում կարող եք այդ երազանքն իրականության կոչել։
Լուվրի ամենօրյա այցելուների քանակը 23 000 է։ Ըստ «BBC» մեդիաընկերության տվյալների, Բեոնսեի և Ջեյ Զիի՝ Լուվրում 2018-ին նկարահանած տեսահոլովակը երկու միլիոնով ավելացրել է թանգարանի այցելուների քանակը՝ առանց այն էլ 2017-ի տպավորիչ 8,1 միլիոնը հասցնելով 10,2 միլիոնի։ Ֆրանսիական Լուվրը այցելուների քանակով զիջում է միայն տեղական Դիսնեյլենդին, սակայն վերջինում միայնակ լինել ձեզ չի հաջողվի։ Այնինչ Լուվր արդեն իսկ կարող եք հաճախել միայնակ կամ մինչև չորս հոգի հասնող խմբով, եթե, իհարկե, պատրաստ եք վճարել… 34 000 դոլար: Այս գինն է առաջարկում վճարել 90 րոպե տևող անհատական այցելության համար փարիզյան «Family Twist» զբոսաշրջային ընկերությունը, որը մասնագիտանում է եվրոպական այցերի լյուքս սեգմենտում։
Ընկերության հիմնադիր Մագալի Դեչելետը անհատական տուրեր է վաճառում արդեն շուրջ երեք տարի։ «Առաջինը իմ վաղեմի հաճախորդն էր Շանհայից, որը բազմիցս եղել էր Լուվրում: Նա խոստովանեց, որ երազում է գեթ մեկ անգամ մենակ լինել Լուվրում։ Հաճախորդի երազանքն իրականություն դարձնելու համար մի քանի ամիս ծախսեցի»,- ասում է Մագալին։
Տուրն ավելի շատ ներկայացում է հիշեցնում։ 18:30-ին վարորդը դիմավորում է անհատական այցելուին նրա հյուրանոցի դռների մոտ և Տեսլա մեքենայով սլանում փարիզյան փողոցներով դեպի Լուվրի գլխավոր մուտքը։ Շաբաթվա չորս օրերին թանգարանը փակվում է 18:00-ին, ևս երեսուն րոպե տրվում է շարքային այցելուներին Լուվրից դուրս բերելու համար։
Մուտքի մոտ անհատական այցելուին դիմավորում է անձամբ Մագալին և առաջնորդում նրան թանգարանի միջնադարյան բաժանմունք։ Այստեղ այցելուին սպասում է արվեստի պատմության մասնագետը։ Նա ծրարների տրցակներ է տալիս հաճախորդին. յուրաքանչյուրի մեջ որևէ հայտնի կտավի դետալ է պատկերված՝ օրինակ, Մոնա Լիզայի աչքը կամ Վերոնեզեի «Կանայի հարսանիքը» նկարի կատուն։ Տուրի ընթացքում այցելուները, համապատասխան կտավին հասնելուն պես, համադրում են դետալները բնօրինակների հետ։ Լուվրի հավաքածուն կես միլիոն նմուշ է պարունակում, 38 000-ը՝ ցուցասրահներում։ 90 րոպե տևող այցելության ընթացքում, իհարկե, հաճախորդը միայն ամենահայտնի գործերն է տեսնում։
Տուրը նաև անակնկալներ է պարունակում։ Դեպի հաղթանակի աստվածուհու մարմարե արձանը տանող աստիճանների վրա, օրինակ, այցելուներին դիմավորում է պարող բալերինան։ Ինչպես ցանկացած ներկայացում, տուրն իր Grand finale-ն ունի՝ «Մոնա Լիզան»։ Այցելուին այստեղ հնարավորություն է տրվում անշտապ հիանալ գլուխգործոցով, մինչ գիդը պատմում է կտավի ստեղծման պատմությունը։
Տոնը շարունակվում է նաև այցելության ավարտից հետո։ Հաճախորդին ուղեկցում են դեպի Արվեստների կամուրջ, ուր նրան նավ է սպասում։ Հաջորդում է Սենայով մեկ ժամ տևող շրջագայությունը, որի ընթացքում հիասքանչ Փարիզի տեսարանները հաճելիորեն համադրվում են շքեղ ընթրիքի հետ։ Մագալին ասում է, որ բազմաթիվ հաճախորդներ ունի աշխարհի տարբեր անկյուններից։ Ինչ վերաբերում է շանհայցի առաջին այցելուին, նա այնքան տպավորված է, որ պատրաստվում է մոտ ապագայում ևս մեկ անգամ կրկնել տուրը։