Աշխատանքային այց Ուկրաինա
Ապրիլի 15-ին և 16-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը աշխատանքային այցով մեկնել էր Ուկրաինա։ Նա որպես փորձագետ ներգրավված էր Ֆրանսիայի՝ «Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձր խորհրդի» կողմից իրականացվող Խարկովի տնտեսագիտության ազգային ինստիտուտի «Տնտեսագիտություն» մասնագիտության բարձրագույն կրթության երրորդ մակարդակի (դոկտորանտուրա) կրթական ծրագրի հավատարմագրման գործընթացում:
Հավատարմագրումն իրականացվում է «ERASMUS+»-ի «C3QA» ծրագրի շրջանակներում, որի կոնսորցիումի անդամ է հանդիսանում նաև ՀԳՊԱ-ն: Փորձագիտական խմբում ընդգրկված էին նաև Ֆրանսուա Պերնոն (Ֆրանսիա), Ժիլ Ժակոն (Ֆրանսիա), Տսոգսուրեն Բայասգալանը (Մոնղոլիա), Սերգեյ Գլազունովը (Ուկրաինա), Դարինա Մոմոտը (Ուկրաինա):
Փորձագետներն ուսումնասիրել են Խարկովի տնտեսագիտության ազգային ինստիտուտի աշխատանքային խմբի կողմից կատարված վերլուծությունը, հանդիպումներ են ունեցել բուհի ռեկտորի, պրոռեկտորների, վարչական աշխատակիցների, դասախոսների, ուսանողների, գիտական խորհրդի ներկայացուցիչների, ինչպես նաև մի շարք արտաքին շահակիցների հետ: Քննարկվել են «Տնտեսագիտություն» ծրագրի շրջանակներում բուհի հաջողություններն ու դժվարությունները: Ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո փորձագիտական խումբը կկազմի հաշվետվություն, որի հիման վրա «Հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձր խորհուրդը» կկայացնի որոշում վերոնշյալ կրթական ծրագրի հավատարմագրման վերաբերյալ: