Անատոլի Գրիգորյանի աշխարհները
Ազգային պատկերասրահում ընթանում է նկարչի հետմահու առաջին ցուցահանդեսը
«Ինչքան շատ է մեր ժառանգությունը՝ մեր հանճարեղ նախնիների, այնքան ծանրանում է մեր այսօրվա բեռը»,- Էդուարդ Իսաբեկյանի օրագրությունների մեջ այսպիսի գրառման ենք հանդիպում՝ 1967-ին արված: Այսպիսի բեռը որքան ծանր, պարտավորեցնող, նույնքան պատասխանատու, միաժամանակ հոգեպես բարձրացնող, հպարտացնող է: Այս տողերը հիշեցի Ազգային պատկերասրահում Անատոլի Գրիգորյանի հետմահու առաջին ցուցահանդեսի բացմանը հնչած ելույթների, նկարչի թոռնուհու կարճ ու արժանապատիվ խոսքի տպավորությամբ: Աշխարհի տարբեր վայրերում ցուցադրված նկարիչն ասել է. «Ամեն անգամ ցուցադրվելիս, կարծես թե մերկանում ես»:
Անատոլի Գրիգորյանը կյանքից հեռացավ երկու տարի առաջ, նկարիչ, որ ինչպես ընկերներն են վկայում, վրձինը ձեռքից վայր չդրեց մինչև կյանքի վերջը: Ցուցահանդեսի էքսպոզիցիան ներառում է 70 աշխատանք, եզրափակվում 2016-ին արված վերջին, անավարտ կտավով: Անատոլի Գրիգորյանի նկարչության ձեռագիրը անշփոթելի է, կնիքը՝ սեփական գեղարվեստական մտածողության և աշխարհընկալման, հստակ դաջված յուրաքանչյուր կտավի վրա: Այս հայացքի ներքո աշխարհի կանոնիկ ձևերը կերպարանափոխվում են, նկատելի դեֆորմացիայի ենթարկվում: Իրականության ընկալումը և վերարտահայտումը գեղանկարչորեն անցնում է գեղարվեստական այն համակարգերի միջով, որ ստեղծել է նկարչի ստեղծագործ երևակայությունը: Նա սիրում է դրանց հաղորդել թատերային բնույթ, առաջին պլան մղել կրկեսային շարժումները, ձևերը (կլոուններ, դիմակներ, բեմական դետալներ): Մտացածին այս աշխարհը, որ գործողություններ է ծավալում կտավի վրա, չգիտես՝ դեկորատի՞վ է իր նշանակությամբ, թե՞ ենթատեքստային բովանդակություն ունի. ըստ ամենայնի, կյանքի վարագույրը այսկերպ բացող արվեստագետը դիմակի ետևում տեսնում է խաղ, որ մարդկանց կամ թե պարտադրված, կամ թե չգիտակցված է նրանց կողմից: Իսկ գուցե մարդկային հարաբերությունների խաթարված դրամա՞ն է, որ խեղկատակի ձայնով բարձրացնում է ծաղրածուն… Շատ աշխատանքներում կենդանու, թռչունի պատկերը կոմպոզիցիոն լրացնող դետալ է և կամ նշան, որ դիտողի մոտ ընկալվում է տարատեսակ իմաստներով:
Կտավի վրա կարելի է տեսնել տարբեր աշխարհներ, որոնք փորձ են անում ճանաչել միմյանց այդ նույն հարթության մեջ. սովորականը վերածվում է անսովորի, պատկերի դեֆորմացիան դառնում է ճանաչողության միջոց: Անատոլի Գրիգորյանի արվեստի ինքնատիպությունն ու անհատական ոճը պայմանավորված է իր նկարչության մոտիվներով, գունային հնչեղ հարաբերակցություններով, կոմպոզիցիոն հնարքներով:
Ցուցահանդեսի էքսպոզիցիան, որ ընդգրկում է վաղ շրջանից մինչև նրա վերջին, անավարտ գործը (գեղանկարներ, գրաֆիկական գործեր, ճեպանկարներ), նաև ժանրային առումով բազմազան, ամբողջական տպավորություն է ստեղծում նրա ստեղծագործական ժառանգության մասին: Ցուցադրված են նաև անձնական իրեր՝ վերջին ներկապնակը, վրձիններ, մոխրաման և լուսանկարներ: Ինչպես ցուցահանդեսը համակարգող Մարինա Հակոբյանն է նկատում, նկարչի՝ ձեռագրի, ոճի առումով հանրային ճանաչում ունեցած նկարների կողքին (թատերայնացված պատկերներ, բազմաֆիգուր կոմպոզիցիաներ), այս ցուցադրությունը նորություն է նրանով, որ բացահայտում է նրա ստեղծագործության անծանոթ մի հատված. «բնանկարներ՝ այլաբանական շեշտադրումներով, կանացի դիմանկարներ։ Ինձ համար հայտնություն էին փոքրածավալ, թանձր շերտերով արված գործերը»:
Անատոլի Գրիգորյանը երկար տարիներ աշխատել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ուսանողներին նա ընդունում էր որպես կրտսեր ընկեր, կոլեգա: Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը, որ ուսանել է նրա մոտ, տարիների վաղեմության հեռուստատեսային մի նկարահանման մասին պատմեց, երբ նկարչի արվեստանոց այցելելության ժամանակ սուրճ էին խնդրել, և վարպետը ինքն իր ձեռքով պատրաստել ու հյուրասիրել էր, միայն թե շաքարի փոխարեն աղ էր դրել…
Նրան հիշում են որպես արվեստի նվիրյալ անձի, որպես ազնվագույն ու արդարամիտ մարդու: Ավելի քան տասը տարի ղեկավարել է ակադեմիայի գեղանկարչության ամբիոնը: «Փառք Աստծո, ամբիոնի վարիչ էի նշանակել մի մարդու, որից բարություն էր ճառագում, հանդուրժողականություն: Իր արվեստից էլ այդ նույն ուրախությունն է ճառագում: Ես զարմանում եմ մեր կինոաշխարհի, թատերական գործիչների վրա, որ չեն օգտագործել նրա արվեստը, հենց իրեն, որովհետև ինքը բեմադրություն է ստեղծել իր նկարչությամբ: Այն երևակայությունը, որ ունի նա, կարելի է համեմատել Յան Բրեյգելի հետ, հայկական Բրեյգել կարելի է ասել: Ինքը թեմայի հետ խնդիր չուներ: Մենք տեսնում էինք՝ ինչպես էր ամեն օր թղթի վրա էսքիզներ անում: Սա նորամուծություն էր ամբիոնի վարիչի համար, որովհետև անում էր հենց տեղում, աշխատանքային սենյակում, և դա հրաշալի էր».– Արամ Իսաբեկյանը երկար աշխատել է նրա հետ և ցուցահանդեսի էքսպոզիցիան ինքն էլ արել է:
Տաղանդավոր արվեստագետը, իրենից հետո լավ հետք թողած մարդը հիշվում է ափսոսանքով, ցավով, ջերմությամբ: Մտնում ես ցուցասրահ և երեք սենյակներում գույնի տոն է, ստեղծագործ մտքի վառ երևակայություն: «Ափսոսալ պետք չէ, թող ափսոսան այն մարդիկ, որոնք ժամանակին չօգտագործեցին այդ հսկայական շնորհքը, այդ հսկայական ներկայությունը մեր կյանքում, և ոչ միայն Տոլիկի: Վերջերս մեկը մյուսի ետևից գնացին տաղանդավոր նկարիչներ՝ Էդուարդ Արծրունյան, Աշոտ Մելքոնյան, նկարիչներ, որոնք մեր հայ կերպարվեստի առաջին պալիտրան էին՝ իրենց գոյությամբ, գիտելիքով, իրենց մակարդակով, որոնք այդպես էլ իրենց արժանի վերաբերմունքը չտեսան».- Ֆերդինանտ Մանուկյանը հիշեց համատեղ սովորելու 14 տարիները՝ Մերկուրովի նկարչական դպրոցից, Թերլեմեզյանի ուսումնարանից մինչև գեղարվեստաթատերական ինստիտուտ. «Բնատուր էր նրա տաղանդը, Տոլիկը ի՞նչ էր սովորում, երբ արդեն սովորած էր: Զարմանալի թիվ մեկ նկարիչն էր, որ վրձինը մի վայրկյան չի իջեցրել: Եղել է՝ միասին ընտանիքներով հանգստանալու ենք գնացել, ճաշի ժամանակ մի ձեռքով նկարում էր, մի ձեռքին գդալն էր: Ասում էի՝ այ անաստված, գոնե մի հավեսով կեր, տեսնենք էլի՛: Այդ ձևով ապրում էր: Դա իր համար ոչ թե մասնագիտություն էր, այլ կրոն էր, հավատ էր, և ինքը մինչև վերջ գնաց այդ հավատքի ետևից»:
Մելանյա Բադալյան