Milano Print Makers-ը՝ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում
Այս օրերին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի դահլիճում ընթացող Միլանի տպագրիչների միության (Milano Print Makers) ներկայացուցիչների աշխատանքների ցուցադրությունը մաս է կազմում «Ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդես» ընդհանուր ծրագրի։ Դրա հիմնական՝ «Ժամանակակից արվեստի ազատ ձայները» և «Ժամանակակից արվեստի ձայնային գծերը» ցուցահանդեսները կազմակերպվել են մասնակից արվեստագետների ընտրության տարբեր սկզբունքներով, առաջինը՝ որպես հրավերք և երկրորդը՝ առցանց, ազատ մասնակցությամբ՝ հայ և իտալացի մասնագիտական ժյուրիի ընտրությամբ: Ցուցահանդեսի նպատակն է հայ-իտալական մշակութային կապերի ընդլայնման շրջանակում Հայաստան բերել հնարավորինս շատ այլազգի արվեստագետներ, մեր երկիրը և մշակույթը ավելի ճանաչելի դարձնել միջազգային հարթակներում: Ցուցահանդեսի համակարգողներն են Մազդակ Ֆաիզնիան և Մարինա Հակոբյանը:
Ցուցահանդեսները նախատեսված են երևանյան մի շարք մշակութային կենտրոններում՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան, Հայկական բարեգործական ընդհանուր միության սրահ, Գաֆէսճյան արվեստի կենտրոն, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահ, ՀայԱրտ, ՆՓԱԿ, Հայաստանի նկարիչների միություն: Ցուցահանդեսների նախաձեռնողն ու կազմակերպիչը Երևանում գործող իտալական «Shaula International LLC» կազմակերպությունն է:
Հիմնական ցուցադրություններին զուգահեռ կազմակերպվում են նմանաբնույթ այլ միջոցառումներ ևս: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում գործող փորագրանկարչության լաբորատորիայում ուսանողների աշխատանքների դրական տպավորությամբ Milano Print Makers-ի մասնագետները նպատակահարմար են գտել այստեղ կազմակերպել իրենց գործերի ցուցադրությունը, որը հատկապես առանձնանում է գեղարվեստական ինքնատիպ մտածողությամբ, տեխնիկական կատարման ոչ ավանդական ձևերի ներմուծմամբ: Նախապես այս ծանոթությունը ուսանողներին օգուտ կբերի ոչ միայն մշակութային փոխշփումների, փոխազդեցությունների առումով, այլև երկու շաբաթ անց ակադեմիայի դահլիճում իտալացի մասնագետների վարպետության դասերին նրանց մասնակցության ժամանակ:
Մելանյա Բադալյան