Կոմիտասյան շաբաթը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում
Երևանի պետական կոնսերվատորիայի նախաձեռնությամբ սկսված արվեստի բուհերի համագործակցության ծրագրի հիմնական նպատակը արվեստագետ ուսանողների միջև հետաքրքրությունների ընդհանուր դաշտ ստեղծելն է, որն իր շուրջը կհամախմբի նրանց, կնպաստի մերձեցմանը: Այս մասին տեղեկացրեց կոնսերվատորիայի որակի ապահովման բաժնի ղեկավար Նարինե Ավետիսյանը։ Նա նշեց, որ սա առաջին հանգրվանն է, գարնանը այն կշարունակվի ավելի ակտիվորեն, հորդորեց ուսանողներին ոչ միայն մասնակից լինել, այլև՝ նախաձեռնող: Կոմիտասի 150-ամյա հոբելյանը լավագույն առիթը եղավ նման մտահղացման:
Կոնսերվատորիայում ընթացող Կոմիտասյան շաբաթվա շրջանակներում տեղի են ունենում դասախոսություններ, գիտաժողովներ, վարպետաց դասեր, համերգներ՝ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ: Նոյեմբերի 21-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում կայացած ուսանողական համերգն այս ծրագրի մասն էր. հնչեցին Կոմիտասի լավագույն գործերից: Կոմիտասի քառյակների գեղեցիկ ասմունքով հանդես եկան Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ուսանողները: Ընտրվել էին քառյակներ, ինչպես ուսանողներից մեկն ասաց, որ խոսել են իրենց սրտի հետ: Կոմիտասի բանաստեղծական աշխարհը նույնքան առինքնող ու հարուստ է, որքան երաժշտականը, բառերի պատկերայնությունն ու զգացմունքայնությունը սիրո լուսավոր մթնոլորտ են ստեղծում՝ գունեղ ու տաք։ Եվ ասմունքողները նույնպիսի ջերմությամբ փոխանցեցին այն՝ հոգեկան վայելք պատճառելով ունկնդրին: Ներկա էր Թատրոնի ֆակուլտետի դեկան Աննա Հեքեքյանը:
ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը շնորհակալություն հայտնեց Կոնսերվատորիայի ղեկավարությանը, կազմակերպիչներին, ուսանողներին ծրագրի մտահղացման և իրականացման համար, Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին նմանապես, հիշեց տարիների համատեղ աշխատանքային, ստեղծագործական անցյալը: Արվեստի տարբեր բուհերի ուսանողների շփումների, մերձեցման մասին խոսելով, ասաց՝ «Կոմիտասի անունը թող համախմբի ձեզ»: Իսկ այդ մերձեցումը անհրաժեշտություն է արվեստի ամբողջական, լիարժեք մթնոլորտ ձևավորելու համար: Տարբերությունները միմյանց իմանալու ու հասկանալու հետաքրքրություն են ստեղծում. գեղարվեստի աշխարհը մի ընդհանուր դաշտ է, այնտեղ գործում են նույն կանոններն ու սկզբունքները, դրանք փոխկապակցված լրացնում են իրար, հարստացնում և ունեն միմյանց կարիքը՝ գույնը, մեղեդին, բառը, շարժումը, պատկերը:
Մելանյա Բադալյան