Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը «Մետրոպոլիտեն» թանգարանում է
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում օրերս բացված «Armenia» խորագրով ցուցահանդեսում ի թիվս այլ նմուշների ներկայացված է նաև Մշո Սուրբ Կարապետ վանքի XIII դարով թվագրվող փայտյա դուռը, որը 1915-ից ի վեր հանրությանը հասանելի է դառնում առաջին անգամ:
Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մուշի հռչակավոր Սուրբ Կարապետ վանքը դարեր շարունակ հայ գրչության, կրթության և մշակութային կենտրոնն է եղել և փաստացի հանդիսացել է Հայաստանի երկրորդ հոգևոր կենտրոնը՝ Էջմիածնից հետո: 1915-ի Մեծ եղեռնից հետո վանքը թալանվել և հիմնահատակ ավերվել է, հրաշքով է փրկվել միայն 1212-ին հայ վարպետների կողմից ստեղծված Սուրբ Կարապետի երկփեղկանի փայտյա դուռը: Այն հայ միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոց է համարվում: Ներկայումս դուռը պահվում է Կանադայում՝ փակ մասնավոր հավաքածուում: Անհավանական սյուժեով արկածային ֆիլմի է նման դրա հայտնաբերման պատմությունը, որն իր հուշապատման մեջ մանրամասն նկարագրել է ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Այդ հուշապատումը տպագրվել է «Գարուն» ամսագրում 1997-ին:
Վանքի դուռը 1976-ին 5000 գերմանական մարկով ձեռք է բերել և իր տանը գաղտնի պահել Ստամբուլում բնակվող Արմեն Հախնազարյանի ծանոթը՝ գերմանացի արվեստագետ Ռիխտերը: Այդ հարցում նրան օգնել է թուրք հարևանը՝ պաշտոնաթող բարձրաստիճան մի զինվորական: Վերջինս դրանից ամիսներ առաջ հանգամանքների բերումով գտնվելով Արևմտյան Հայաստանի Մուշ նահանգի քրդաբնակ գյուղերից մեկում, իրեն հյուրընկալած գյուղապետի տան մառանում անսպասելի հայտնաբերել էր այդ դուռը և կարողացել տեղափոխել այն Ստամբուլ: Ռիխտերի հրավերով Արմեն Հախնազարյանը Ստամբուլ էր եկել և մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հաստատել, որ ձեռք բերվածն իրոք անգին գանձ է՝ Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը: Սակայն առաջացել էր անլուծելի թվացող խնդիր. ինչպե՞ս մասունքը դուրս բերել Թուրքիայից:
Այդ հարցով Արմեն Հախնազարյանը դիմել էր իր մեկ այլ ծանոթի՝ Անկարայում գերմանական դեսպանատան մշակութային կցորդ՝ դոկտոր Ցինզերին: Ռիխտերը դուռը հասցրել էր Անկարա, որտեղից էլ Ցինզերը, որպես դիվանագետ, իր անձնական իրերի հետ այն տեղափոխել էր Գերմանիա: Այդպիսով՝ դուռը հանգրվանել էր Ֆրանկֆուրտ քաղաքի մի արհեստանոցում: Սակայն նորից բարդություններ էին առաջացել: Անսպասելի, կեղծ մեղադրանքների հիման վրա, Ստամբուլում ձերբակալվել էր Ռիխտերը և սրտի տագնապից բանտում մահացել: Որոշ ժամանակ անց Արմեն Հախնազարյանը Գերմանիայում հանդիպել էր արվեստագետի այրուն և տեղեկացել, որ տիկին Ռիխտերը պատրաստվում է վաճառել դուռը, քանի որ ֆինանսական լուրջ խնդիրների առջև է կանգնած:
Այդ օրվանից տարիներ անցան, բայց ես միշտ տարբեր առիթներով փնտրում էի մեկին, որ դուռը գնի և փոխադրի այնտեղ, ուր իր միակ արդար տունն է` Հայաստան,- պատմել է Արմեն Հախնազարյանը:- Ինձ մտերիմ և բարեկամ մի անձնավորություն ժամանակին հետաքրքրվեց, սակայն մի խորհրդատուի սխալ միջնորդությունը խանգարեց, ուղիղ նպատակից շեղեց, և տարիներ շարունակ հետևողականորեն տարված գործը ձախորդվեց: 1996-ի աշնանը, Լոնդոնում աճուրդի դրվեց մի բուռ հայոց պատմություն, և մուրճի հարվածով Մշո Սուրբ Կարապետի դուռը վաճառվեց անհայտ օտարի»:
Այդպես հրաշքով հայտնաբերված Մշո Սուրբ Կարապետ վանքի դուռը 1996-ին ընդամենը 50 000 դոլարով լոնդոնյան աճուրդներից մեկում գնվեց անհայտ մի անձի կողմից: Եվ ահա զարմանալի այս պատմությունը հիմա անակնկալ և ուրախալի զարգացում է ունեցել՝ «Արմենիա» ցուցահանդեսի կազմակերպիչները կարողացել են կապ հաստատել դռան սեփականատիրոջ հետ և այդ բացառիկ մասունքը լայն հանրությանը ներկայացնել Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում»:
Հիշեցնենք, որ «Armenia» ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 22-ին: Ներկայացված է հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգությունը՝ սկսած IV դարից՝ քրիստոնեության ընդունումից, հայերեն գրերի գյուտից, մինչև XVII դար: Նմուշների մեծ մասը տարված են Հայաստանի Պատմության թանգարանից, Էջմիածնի Մայր Աթոռի թանգարաններից և Մատենադարանից։ Ցուցահանդեսը գործելու է մինչև 2019-ի հունվարի 13-ը։