Հանդիպում Սպերասոֆթ կազմակերպության ներկայացուցիչների հետ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Սպերասոֆթ կազմակերպության համագործակցության արդյունքում սույն թվականի մայիսի 2-ին տեղի ունեցավ հանդիպում ՀԳՊԱ-ի ուսանողների հետ, որի նպատակն էր ներկայացնել խաղ մշակող կազմակերպությունների արվեստի բաժինների, երկչափ (2D) և եռաչափ (3D) նկարիչների գործունեությունը:
Սպերասոֆթ կազմակերպության ներկայացուցիչները ուսանողներին ներկայացրեցին խաղի մշակման ընթացքում արվեստի բաժնի գործունեությունը: Երկչափ (2D) և եռաչափ (3D) նկարիչները, իրենց հերթին, ներկայացրին, թե ինչպես է ստեղծվում յուրաքանչյուր խաղային կերպար, ինչ փուլեր է անցնում մինչև ավարտուն տեսք ստանալը:
Հանդիպման ավարտին ՀԳՊԱ ուսանողների համար հայտարարվեց էսքիզների մրցույթ, որտեղ յուրաքանչյուր ուսանող հնարավորություն կստանա ներկայացված աշխատանքների վերաբերյալ ստանալ ոլորտում առաջատար խաղ մշակող կազմակերպության արձագանքը:
Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկություն կտրամադրվի առաջիկայում:
ՀԳՊԱ-ի Ուսանողների աջակցման և շրջանավարտների հետ համագործակցության կենտրոնը կարևորում է աշխատաշուկայի առաջատար կազմակերպությունների հետ սերտ համագործակցությունը, որը նպաստում է բուհ-աշխատաշուկա կապի ամրապնդմանը՝ ուսանողներին ներգրավելով իրական նախագծերում և թիմային աշխատանքներում: