Հոբելյանական ցուցահանդեսների շարքի առաջինը
Կոմիտաս – 155
Ազնավուր – 100
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ և կազմակերպությամբ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում երեկ բացված ցուցահանդեսը կրում էր «Հանճարների շունչը» խորագիրը՝ նվիրված Կոմիտասի 155 և Շառլ Ազնավուրի 100-ամյակներին։ Ցուցահանդեսն առաջինն էր հոբելյանական այն շարքի, որ մտահղացել են ուսխորհրդի անդամները՝ պատրաստելու և ներկայացնելու հայ մշակույթի ականավոր գործիչների տարվա հոբելյաններին նվիրված իրենց աշխատանքները՝ որպես գնահատումի և արժևորումի տուրք։
Ուսանողները նպատակահարմար են գտել ցուցահանդեսները ներկայացնել երեք ուղղություններով՝ երաժշտություն՝ Կոմիտաս և Ազնավուր, տեսողական արվեստ՝ Երվանդ Քոչար և Սերգեյ Փարաջանով, գրականություն՝ Հովհաննես Թումանյան և Պարույր Սևակ։ Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոսս Արաքսիա Ղազարյանի ուսանողների՝ Կոմիտասի հոբելյանին նվիրված պոստերային հաջող աշխատանքներից հետո նրա առաջարկով է, որ կազմակերպվեց այս ցուցահանդեսը։ «Նպատակն է արժևորելու, էլ ավելի հանրայնացնելու մեծ արվեստագետների ստեղծագործական ժառանգությունը, ամրապնդելու մշակութային ժառանգությունը սերունդների միջև»,- ասում է Ուսխորհրդի նախագահ Աննա Գևորգյանը։
«Վերջին ժամանակներում փորձել ենք բուհի գործունեության մաս դարձնել Ուսանողական խորհրդի աշխատանքները, որպեսզի այն նույնպես ուղղված լինի բուհի ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Այդ նպատակով խորհուրդը լուրջ նախապատրաստական աշխատանքներ է տանում ցուցահանդեսներից առաջ, ոչ այնքան ինքնաբուխ, որքան՝ ավելի լավ կազմակերպված»։
Ելույթի խոսք վերցնելով՝ Արամ Իսաբեկյանը հրավիրեց նորընտիր ռեկտոր Վարդան Ազատյանին, ներկայացնելով նրան ասաց. «Մեծ հույսեր ունենք իր հետ կապված, արվեստի մեր բուհի զարգացման հեռանկարների ակնկալիքներ»։
Գնահատելով ուսանողների ջանքերը, ցուցահանդեսը նա համարեց նպատակին ծառայած, միաժամանակ նշեց, որ անցյալներում շատ են եղել լավ կազմակերպված ցուցահանդեսներ՝ նաև մեծ մասշտաբների, թե՜ դիպլոմալին աշխատանքների, թե՜ թեմատիկ-մրցութային, ինչպես՝ Ակադեմիայի, նաև Նկարիչների միության ցուցասրահներում, «եղել են շատ լավ ցուցահանդեսներ, վատ էլ է եղել, բայց մենք հիշողություն ունենք, չէ՞»։
«Շատ խորհրդանշական է, որ իմ առաջին՝ քիչ թե շատ հանրային խոսքը որպես նորընտիր ռեկտոր, տեղի է ունենում Ուսանողական խորհրդի կազմակերպած ցուցահանդեսին,- ասաց Վարդան Ազատյանը։- Ես երկար տարիներ աշխատում եմ այստեղ. ուսանողը իմ կյանքի, չափազանցություն չի սա, նպատակն է, ես իր ապագայի համար եմ աշխատել և ապրում։ Եվ շատ հետաքրքիր է՝ ուսխորհուրդը, որ այս ցուցահանդեսը կազմակերպել է, հիմնել ենք մենք ընկերներով և էլի շատ խորհրդանշական է ուսխորհրդի կազմակերպած ցուցահանդեսին ներկա լինել և տեսնել արդյունքները նրանց ջանքերի։ Եվ ինչպես պարոն Իսաբեկյանը նշեց, անցյալում միշտ ջանքեր եղել են, սա էլ այդ փոքր ջանքերից է, նրա մի շարունակությունը, որ տեսնում ենք այսօր»։
Դիմելով ուսանողներին նա ասաց․ «Շատ ուրախ եմ, ողջունում եմ և բաց եմ միշտ՝ շփվելու, խոսելու. կզարգացնենք մեր թանկագին բուհը, ներդրում կունենանք, կզարգացնենք ձեր ապագան»։
Ուսխորհրդի նախագահ Աննա Գևորգյանը պատմում է, որ ցուցահանդեսներն ամփոփելուց հետո պատրաստվում են կազմել և հրատարակել պատկերագիրք ուսանողների ցուցահանդեսային աշխատանքների ընդգրկմամբ, հեղինակների մասին սեղմ տեղեկություններով։ Նրանք նաև փորձել են դիմել հովանավորների, ներկայացրել են ծրագիր՝ գեղանկարչություն և գրաֆիկա, դեկորատիվ արվեստ և պոստեր (պաստառ, պլակատ), քանդակ և խեցեգործություն անվանակարգերում երեք ցուցահանդեսների ամփոփման արդյունքում լավագույն ուսանողներին դրամաշնորհային մրցանակներ հանձնելու ակնկալիքով։
Առայժմ ուսխորհրդի որոշմամբ ցուցահանդեսների բոլոր մասնակիցները կստանան պատվոգրեր։
Աննա Գևորգյանը հատուկ շնորհակալությամբ է հիշում իրենց թե՜ ստեղծագործական, թե՜ կազմակերպչական աշխատանքներին՝ Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանի, Գունանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ Վահե Գասպարյանի, Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոսս Արաքսիա Ղազարյանի աջակցությունը. նաև ցուցահանդեսի էքսպոզիցիայի հեղինակները նրանք էին։
Եվս մեկ ուշագրավ երևույթ՝ երեկվա ցուցահանդեսին ակադեմիայի Ուսխորհրդի հրավերով ներկա էին Մանկավարժական և Հայաստանի Եվրոպական համալսարանների ուսանողներ։ «Մանկավարժական համալսարանի Կերպարվեստի ֆակուլտետի ուսանողների հետ որոշել ենք քննարկումներ ունենալ համատեղ ծրագրեր իրականացնելու, առաջիկայում ծրագրել ենք էտյուդների համատեղ կազմակերպում, որից հետո՝ ցուցահանդեսների»,- ասում է Աննա Գևորգյանը։
Մելանյա Բադալյան