«Ներգրավված քաղաքացի» քաղաքացիական կրթության նորարարական դասընթաց
2024 թվականի հունվարի 13-ից 17-ը մասնակցեցի «Ներգրավված քաղաքացի» քաղաքացիական կրթության նորարարական դասընթացին։ Մասնակցում էին նաև ՀԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղի գծանկարի և գունանկարի դասախոս Վաչագան Ազատյանը և կիրառական արվեստի լաբորատորիայի լաբորանտ Գևորգ Մալխասյանը։ Ի՞նչ նպատակ ունի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։ Դասընթացի նպատակն է ուսանողներին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, ինչպես նաև խթանել ժողովրդավարական սկզբունքներին, աջակցել ուսանողների՝ նախապատրաստելով այն կենսական դերակատարությանը, որը յուրաքանչյուր անհատ-քաղաքացի պետք է ունենա առողջ ժողովրդավարության զարգացման և պահպանման համար:
Սույն նախաձեռնությունը իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ որպես «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի կողմից իրականացվող՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի մի մաս։
Դասընթացի նկարագրություն
«ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի հայաստանյան մասնաճյուղը, համագործակցելով ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ, հաջողությամբ ձևավորել է մտավորականների, դասախոսների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ակտիվ դերակատարների մի խումբ, որոնք մշակել են քաղաքացիական կրթության մի դասընթաց՝ հիմնված տարածաշրջանում «ԱՅ ԷՖ Ի ԷՍ»-ի փորձի, հայկական պետականության զարգացման, ինչպես նաև՝ ժողովրդավարացման և քաղաքացիության առաջխաղացման վրա։ Դասընթացը բաղկացած է հինգ բաժնից՝ ժողովրդավարության տեսական հիմքերը, մարդու իրավունքները Հայաստանում, սահմանադրականությունը և ազատական ժողովրդավարությունը Հայաստանում, քաղաքացիական հասարակությունը Հայաստանում և քաղաքացիների ներգրավումը։ Դասընթացը բաղկացած է 3 նյութից. ուսանողի ձեռնարկ, ուսուցիչների ձեռնարկ և դասընթացի հիմնական դասագիրքը։ Դասընթացի հիմքում ընկած է ինտերակտիվ մեթոդաբանությունը, որն ավելի հետաքրքիր և ոգեշնչող է դարձնում ուսումնական գործընթացը:
Դասընթացի արդյունքում ուսանողը ձեռք կբերի անձնային աճին նպաստող հետևյալ հմտությունները․
- քննադատական մտածողություն,
- երևույթների վերաբերյալ սեփական կարծիքը ձևավորելու և արտահայտելու ունակություն,
- հանրային խոսքի զարգացում,
- համոզիչ լինելու ունակություն,
- համագործակցելու ունակություն,
- ժամանակը կառավարելու ունակություն,
- բանավիճելու հմտություն:
Դասընթացի ընթացքում ստացած գիտելիքներին զուգահեռ մասնակիցները հնարավորություն կունենան հանդես գալու ուսանողական նախաձեռնությամբ՝ մշակելով նախագիծ և աշխատելով լուծել մտահոգող որևէ հանրային խնդիր։
Ըստ իս այս դասընթացի կազմակերպումը ՀԳՊԱ-ում , երիտասարդների համար կարևոր է, քանի որ անհատներն ինքնաբերաբար ազատ և պատասխանատու քաղաքացիներ չեն դառնում, ուստի նման կրթության միջոցով կատարելագործվելը հասունացնում է երիտասարդին ժողովրդավարական հասարակությունում իրազեկված և պատասխանատու քաղաքացու դիմագիծ ունենալուն։ Յուրաքանչյուր քաղաքացի պետք է իմանա իր իրավունքներն ու պարտականությունները և այդ գիտելիքները կիրառի իր իսկ բարեկեցության և ի շահ մեր երկրի։
ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյան