Լուռ երկխոսություն
Վահե Եղյանը՝ Քանդակագործություն կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, իր առաջին անհատական ցուցահանդեսը «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում վերնագրել է «Երկխոսություն»։ Մտքի ներքին հոսքը իրական արվեստագետին «հետապնդում» է մշտապես. դրա դրսևորումները տարբեր ձևեր են ընդունում՝ տարբեր միջոցներով։ Վահեն ընտրել է մետաղն ու քարը՝ համադրելով դրանց փայտը։ Ինչպես ասվեց ցուցահանդեսի բացմանը, նա ավելի սակավախոս է, մտքերը լուռ փոխանցում է նյութին, որից ստեղծված քանդակները հիմնականում արտահայտված են սիմվոլների միջոցով, նաև ալեգորիաներով։
Իրականում արվեստագետի մենախոսությունը վերծանում է դիտողը՝ յուրաքանչյուրը յուրովի, բայց որ հեղինակի վերաբերմունքը ներկա իրականությանը, երևույթներին, հասարակությանը, մարդուն առհասարակ, մտահոգող է, եթե չասենք՝ բավական քննական-քննադատական, ակնհայտ է։ «Քրիստոս», «Խաչելություն», «Խաչից իջեցում» այս եռաքանդակը մարդու երկատված բնույթի դրսևորում է, նրա հոգևոր անգիտության, արդարամտությունից զրկվածության, անգթության, հիշողության կորստի, թերևս նաև զղջումի… Ապա և ասվածի շարունակություն «1915»-ը՝ շատ տպավորիչ ու խոսուն, բազմանշանակ աշխատանք, կենդանիների ալեգորիկ շարքը՝ «Նախիր», «Որսը», «Ձկնկուլ», և կամ՝ «Խամաճիկ»-ը, «Շաման»-ը. կենդանական աշխարհի բնական թվացող վիճակներում ակնհայտ վերաբերմունք կա՝ ասոցացվող մարդկային հասարակության հետ։
Այս ցուցահանդեսը մասնավորապես առանձնացվեց արվեստագետ-արվեստաբան համագործակցության հաջող փորձով։ Արվեստաբանություն կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանողուհի Սուսաննա Գալստյանը ցուցադրության համակարգողն է, նրա առաջին նման աշխատանքը, որը բնական է՝ առավել պատասխանատվություն է պահանջել։ Սուսաննան ասում է, որ Վահեի քչախոսությանը փոխարինել են նրա քանդակները, նա փորձել է կարդալ հեղինակի մտքերը քարի լռության մեջ և բավական հաջողել է. «Նյութերի համադրությունը շատ ներդաշնակ է արված, քարին տիրապետել, քարի հետ աշխատել ոչ բոլոր քանդակագործներն են կարողանում, Վահեն դա անում է` բացահայտելով նյութը խորությամբ, գեղեցկության տարբեր շերտերով»։
ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, շնորհավորելով հեղինակին և ամբիոնի դասախոսական կազմին նման հաջող ցուցադրություն կազմակերպելու համար, անհատական ցուցահանդեսների նշանակությունը սովորելու ընթացքում շատ կարևոր է համարում՝ որպես արվեստագետի ինքնուրույն ճանապարհի սկիզբ։ Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը, խոսելով կերպարվեստի այս տեսակի մասին որպես արտահայտության ավելի բարդ ձևերի, ստեղծագործողի հաջողությունը պայմանավորեց երկու հանգամանքով՝ նրա մտածել կարողանալու, տեսնելու, նկատելու ունակությամբ և տեխնիկային տիրապետելու հմտությամբ, որի համադրությունը կարող է միայն տալ լավ արդյունք, մի բան, որ դրսևորված է Վահեի արվեստում։ «Այս գործերում հիմնական ոճը սթիմպանկն է, մետաղի հետ աշխատելու մեթոդները, որ բավական տարածում են գտել ներկայում։ Բայց կարևորը նյութի հետ աշխատելու, հետաքրքիր ներկայացնելն է այն. բոլտը կարող է գլուխ դառնալ, բայց պիտի կարողանալ երևակայության մեջ տեսնել ու հետո կարողանալ անել դա»։
Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը իր խոսքում հաճախ է շեշտում այն միտքը, որ լավ ստեղծագործությունը ոչ միայն տեխնիկական գրագիտության, երևակայության, այլև հեղինակի մարդկային որակների անմիջական ազդեցության արդյունք է. «Կիրթ, համեստ, խոսելու և ամենակարևորը՝ լսելու կուլտուրա ունի։ Զարմանալի չնկատվող ուսանող, բայց տեսեք՝ ինչ արդյունք է բերել։ Իր էությամբ է արվեստագետ մարդը»։
Վահե Եղյանը ակտիվ մասնակցում է նաև Նկարիչների միության ցուցահանդեսներին, այս մասին ասաց Սուրեն Սաֆարյանը։ Որպես մտածող արվեստագետի, կայացած քանդակագործի, նա միաժամանակ խորհուրդ տվեց՝ որքան շատ փնտրտուքների մեջ լինի, այնքան լավ, պայմանով, որ գտնի իրենը, սեփականը։
Վահե Եղյանի մանկության, պատանեկության ընկերներից Վահագնի շնորհավորական խոսքում նրա արժեքավոր հատկություններին ավելացավ ևս մեկը՝ նպատակասլացությունը։
Մելանյա Բադալյան