Հայ-իրանական մշակութային երկխոսություն Թավրիզում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի և Իրանի Թավրիզ քաղաքի համալսարանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում, հայ-իրանական մշակութային երկխոսությունը մեկնարկեցին ՀԳՊԱ-ի նախկին և այժմյան ուսանողները։ Այն իրականացվեց Թավրիզի համալսարանի ներկայացուցիչ Հաբիբ Դիդարի ջանքերով։
2023-ի մայիսի 3-13-ը Թավրիզի համալսարանի ցուցասրահում տեղի ունեցավ ցուցահանդես։ Ցուցահանդեսին մասնակցեցին Սյունիքի մարզից մեր բուհի շրջանավարտներ Արամ Մաշուրյանը (Գորիս), Նարեկ Մինասյանը (Ղափան), Գեղարքունիքից՝ Մարիամ Գալստյանը, Արմավիրից՝ Տաթևիկ Նալբանդյանը և առկա ուսանողներ Սևակ Գրիգորյանը, Թամարա Զարմանյանը, Սիրանուշ Վարդանյանը, Նոյեմ Խաչատրյանը, Անի Գալստյանն ու Վահե Եղյանը։
Իսկ ի՞նչ արդյունք է տվել այս այցը մեր երիտասարներին։ Կարծում եմ, մշակութային հոգևոր երկխոսությունները, ցուցադրությունների կազմակերպումը, առանձնանում են ինքնուրույն բացահայտումներ անելով, անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերմամբ, հատկապես, որ խոսքը գնում է հարևան երկրների դեռևս հնագույն ժամանակներից սկսած մինչև մեր օրերը մշակութային նմանությունների ու տարբերությունների մասին։ Յուրաքանչյուր արվեստագետի համար շատ կարևոր է մոտիկից ծանոթանալ իրանական կենցաղի կոլորիտին, նրանց սովորույթներին, ճաշատեսակներին, ազգային երգարվեստին, երաժշտական գործիքներին, կիրառական արվեստին, պոեզիային և այլն։
Հայ երիտասարդի համար սա մի նոր աշխարհի բացահայտում է, որը անտարակույս տեղ է գտնելու իրենց անհատական ստեղծագործական աշխարհում։ Դարեր շարունակ կողք կողքի ապրած ժողովուրդների ներկա սերունդները գիտակցում են մշակութային երկխոսության արժեքը այսօրվա քաղաքակիրթ աշխարհում, և թե ինչպե՞ս այն կարելի է ճանաչել ու վերափոխել։
Բոլոր մասնակիցները վերադարձից հետո բարձրաձայնեցին իրենց գոհունակությունը, իրենց բացահայտումները և հետագա ցանկությունները նոր մշակութային երկխոսությունների ձեռքբերման հարցում։ Հայ երիտասարդները արժանացել էին ջերմ ընդունելության, տեղույն վրա կազմակերպել էին աշխատաժողովներ, այցելել էին թանգարաններ, նաև հանդիպել էին Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Գրիգոր արքեպիսկոպոս Չիֆթճեանի հետ։
Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Թավրիզի համալսարանի ներկայացուցիչ պարոն Հաբիբ Դիդարին, ՀԳՊԱ-ի շրջանավարտ Մարիամ Գալստյանին, ով սրտացավ և հոգատար վերաբերմունք ու մասնակցություն դրսևորեց ցուցահանդեսի իրագործման հարցում, շնորհակալություն եմ հայտնում նաև բոլոր մասնակից ուսանողներին իրենց ջերմ ու անբասիր վերաբերմունքի դրսևորման համար։
Մերի Պատվականյան
Արտաքին Կապերի բաժին