«Մարդ Աստծո» մրցութային ցուցահանդեսում
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահի երեկվա ցուցահանդեսը, խորագրված «Մարդ Աստծո», մրցութային է՝ մասնակցությամբ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի երեք կրթական ծրագրերի ուսանողների՝ գեղանկարչության, քանդակագործության և գրաֆիկայի։ Նախաձեռնությունը «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությանն է, որի 30 ամյակը նշվելու է հունիսի 29-ին։ Ցուցահանդեսը յուրատեսակ նշանավորումն է կազմակերպության հիմնադրի՝ Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի մշակութային նախասիրությունների և այս ոլորտում նրա բարեգործական ներդրումների և, իհարկե, տուրք է հիշատակի։ Յուրաքանչյուր բաժնին բացի մրցանակային երեք տեղերից նախատեսված է խրախուսական մրցանակ․ բոլորը՝ գումարային արտահայտությամբ։
Այս մասին ցուցահանդեսի բացմանը տեղեկացրեց Գեղանկարչության և գծանկարչության ամբիոնի վարիչ Արամ Իսաբեկյանը ողջունելով կազմակերպության նախաձեռնությունը՝ շնորհակալությամբ գործադիր տնօրեն Տիգրան Գալստյանին և կազմակերպության մշակույթի գծով խորհրդական Լիլիթ Գալստյանին։ «Մրցանակների քանակը նաև հեշտացնում է մեր աշխատանքը, իսկ գումարային կողմը անհրաժեշտ է, մեր ուսանողներն իսկապես աջակցության կարիք ունեն»,- նշեց Իսաբեկյանը։
Նա երախտագիտությամբ հիշեց Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանին. «Հիանալի, բարի անձնավորություն էր, Հայաստանի համար սրտացավ, օգտակար շատ գործեր է արել, իմ արվեստանոցում էլ է եղել, համատեղ ծրագրեր էինք մշակում։ Ափսոս, հիմա մեզ հետ չէ»։
Տիգրան Գալստյանը տեղեկացրեց, որ 30-ամյակի առիթով, Լիլիթ Գալստյանի առաջարկով, չնայած կազմակերպության սոցիալական ուղղվածությանը, որոշվել է մշակութային ծրագիր իրագործել։
Լիլիթ Գալստյանն իր աշխատանքային հարուստ փորձից՝ մշակութային նման ծրագրերի նշանակությունը կարևորում է, ինչպես ինքն ասաց, «որպես մեր ոգեղեն իրականությունը հարստացնող, ապրելու, արարելու էներգիա տվող, մեր ինքնությունը շոյող երևույթ»։ Նա սիրով հիշեց նախկինում այս ցուցասրահում կազմակերպած ցուցահանդեսները, որոնք օգնում էին հատկապես երիտասարդ տաղանդներին բացահայտելու։ «Մեր կազմակերպությունը, ունենալով Մեսրոպ Աշճյանի նման ոգեղեն էությամբ հիմնադիր, սոցիալական ծրագրերին զուգահեռ մշտապես մշակութային ներկայություն է ապահովել։ Կազմակերպության 30-ամյակը նշանավորելու լավագույն ձևը Մեսրոպ Աշճյանի ոգուն հարազատ միջոցառում կազմակերպելն էր։ Եվ շատ ուրախ եմ, որ պարոն Իսաբեկյանը կիսեց մեր գաղափարը, ինչպես և ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը, Կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը, Քանդակագործության ամբիոնի վարիչ Գարեգին Դավթյանը»։
Ներկայացված մի քանի տասնյակ աշխատանքներից ընտրվելու են 12 լավագույնները։ Խորագրի տարողականությունը թույլ է տվել ուսանողներին ավելի ազատ լինել՝ ընդգրկելով մարդկային կյանքի տարբեր ասպեկտներ, մարդու բնույթի երկակիության դրսևորումներ։ Կային նաև հստակ ուղերձներ, ներկա իրողությունների նկատմամբ վերաբերմունքներ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 27-ին, «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում։
Մելանյա Բադալյան