Հրաշալի դիմանկարներ՝ Ազգային պատկերասրահին
Հայաստանի ազգային պատկերասրահը հարստացավ մեր ժամանակի լավագույն նկարիչներից՝ Արամ Իսաբեկյանի դիմանկարների հրաշալի հավաքածույով։ Դիմանկար ստեղծելու բարդությունը հայտնի է ստեղծագործող մարդուն՝ վրձնի, նկարչության, լուսանկարչության օբյեկտիվի լեզվով, թե գրի, գրականության մեջ։ Լռության մեջ է ծնվում դիմանկարը, ձևավորվում է սակայն խոսքի, հաղորդակցման ներքին թե արտաքին, ճանապարհով։ Զուտ պրոֆեսիոնալիզմից զատ, դիմանկար կերտողից պահանջվում է սուր զգայականություն, մարդիմացություն, դիմագծեր, դիմախաղ, հայացք, խոսք, ժեստիկա կարդալու ունակություն, ներաշխարհային թափանցումումներ՝ ինչ-որ առումով հոգեբանի որակներ, որ կտավի պատկերը վերածվի կերպարի։ Ահա թե ինչու է գեղանկարիչ Արամ Իսաբեկյանը դիմանկարի ժանրը համարում դժվարին։ «Ես նկարում եմ այն մարդկանց, որոնց հոգին զգում եմ»։ Այս խոսքերի իսկությունը տեսանելի են իր դիմանկարներում, որոնք մեծաթիվ են բավականին, և որոնցից լավագույնները նա նվիրեց Հայաստանի ազգային պատկերասրահին։ Ազգային պատկերասրահին արված նրա առաջին նվիրատվությունը չէր սա, որպես դիմանկարային հավաքածու էր առաջինը։
Ազգային պատկերասրահի նախասրահում, որտեղ երեկ երեկոյան տեղի ունեցավ նվիրատվության արարողությունը, ներկա էին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը, արվեստագետներ, նկարիչներ, արվեստի աշխարհի մարդիկ։ Ցուցադրության համադրողը Ազգային պատկերասրահի տնօրեն արվեստաբան Մարինա Հակոբյանն է։
Ցուցադրության կառուցվածքը նախամտածված էր, բովանդակային. առաջին սրահում Արկադի Տեր-Թադևոսյանի, Էդիկ Վարդանյանի, Վիգեն Ղազարյանի, Սահակ Պողոսյանի, Փարավոն Միրզոյանի դիմանկարներն էին, դեպի երկրորդ սրահ ուղեկցում էր խորհրդավոր կիսալուսավորությունը, հընթացս էկրանին ցուցադրվող Արամ Իսաբեկյանի հարցազրույցների հատվածներով, առանձին ստենդի լուսանկարների՝ հաջորդաբար անցնող շարքը ծանոթացնում էր հեղինակի կենսագրական դրվագներին՝ ընտանեկան պատմությանը։ Սրահի կենտրոնական պատին նկարչի հոր՝ Էդուարդ Իսաբեկյանի հայտնի դիմանկարը հիշողություն է արթնացնում։
Արամ Իսաբեկյանի բազմաժանր ստեղծագործության մեջ դիմանկարը առանձնահատուկ տեղ ունի և այս մասին շատ և վաղուց է ասվել։ Երբեք չեմ մոռանա Էդուարդ Իսաբեկյանի հետ Աշտարակի իր առանձնատանն ունեցած հարցազրույցս. պատկառելի տեսքով, ալեհեր, ցավոք արդեն գրեթե կույր նկարիչը՝ զարմանալի էներգիայով, ավյունով , կենսախինդ, բայց մտազբաղ-խոհուն , ժեստիկան, արտիստիկ կեցվածքը՝ տպավորիչ, ազդեցիկ, գեղեցիկ։ Նկարչության, կյանքի, փիլիսոփայության մասին բավական երկար զրույցում նա արդրադարձավ նաև դիմանկարի ժանրին ու նաև որդուն՝ «Արամոս շատ լավ պորտրետիստ է, հրաշալի պորտրետներ է անում»։
Նրա այս դիմանկարը գնահատանքի ու սիրո արտահայտություն է, այստեղ ամեն դետալ խոսուն է, ուսումնասիրված, իմաստավորած՝ բնորոշ-բնութագրական։ Լռությունը ռիթմ է, դիմագիծը խաղ, շարժում, կեցվածքը՝ վարք, կենսագրություն․․․ Առաջին սրահի դիմաշարքից դեպի Էդուարդ Իսաբեկյանի կիսաստվեր այս մենակությունը խորհրդանշական է նաև…
Իհարկե, ներկայացված բոլոր դիմանկարները ռեալ, վիզուալ մակերեսներից դեպի ներս թափանցող, խորքերը գնացող նկարիչ-հոգեբանի վարպետ վրձնահարումների արդյունք են։ Յուրաքանչյուր նկար ետևում ունի տևական ժամանակ ու կատարված աշխատանք․ մենք տեսնում ենք գեղեցիկ գույներ, արտահայտիչ կեցվածքներ, տպավորիչ հայացք. նրանք թաքցնում են սակայն նկարչի ստեղծագործական տքնանքն ու տեխնիկական դժվարին գործը։ Այն կարելի է միայն զգալ, ու չգիտես ինչու ինձ թվում է՝ զգալ կարելի է կտավներում պատկերված ձեռքերից․․․
2021-ին, ինչպես Մարինա Հակոբյանն ասաց, Ազգային պատկերասրահում մեկնարկված «Նվիրատուներ և նվիրատվություններ» ծրագիրը սկսել է Հովհաննես Այվազովսկու գործերի նվիրատվությամբ․ թանգարանի 40000 ցուցանմուշների մեծ մասը նվիրատվություններ են՝ երևույթ առհասարակ բնորոշ աշխարհի բոլոր թանգարաններին։ Արամ Իսաբեկյանի դիմանկարների շարքը ծրագրի երկրորդ նվիրատվությունն է։ Մեջբերելով Արամ Իսաբեկյանի խոսքը՝ դիմանկարի դժվարության մասին, Մարինա Հակոբյանն այն զուգահեռեց արվեստաբանի աշխատանքին․ «Ցուցահանդես կազմակերպելուց առաջ մենք հոգեբանի պես ուսումնասիրում ենք հեղինակին։ Ես երկու ամիս ուսումնասիրել եմ նրան՝ զրույցների միջոցով, հարցացրույցներ դիտելով, հոդվածներով․․․ Դրանց քիչ մասն են հայտնվում պատին, բայց կարևոր են ցուցահանդեսի կայացման համար»։ Ցուցադրության կառուցվածքի առումով ասաց, որ երկրորդ մասը առանցքային է համարում, որտեղ Էդուարդ Իսաբեկյանի դիմանկարի ստեղծման պատմությունն է՝ մտահղացումից մինչև իրագործման ընթացք՝ ճեպանկար-էսքիզներով ուղեկցվող։ «Ինչո՞ւ եմ առանձնացրել Էդուարդ Իսաբեկյանին․ որովհետև նա մեր թանգարանի համար կատարել է հսկայական ներդրում, քսան տարի ղեկավարել է թանգարանը և սա նաև շնորհակալական ցուցադրություն է»։
Արամ Իսաբեկյանը պատմեց, որ հոր՝ թանգարանի տնօրինության քսան տարիները շենքի կառուցման, նոր մասնաճյուղերի բացման, հավաքածուների հարստացման շրջան է եղել, և ինքը դեռ երիտասարդ հաճախ է այցելել, տեսել ընթացքը. «Այդ ընթացքը ցույց տվեց, որ Ազգային պատկերասրահը, մեզ՝ նկարիչներիս, ցավոք, ոչ բոլորի համար կարևորագույն հանգրվան է։ Կուզենայի՝ կառավարության անդամներն էլ այստեղ ներկա են, որ պատկերասրահի բոլոր ցուցասրահները որքան հնարավոր է շուտ բացվեն։ Ժամանակն անցնում է, երիտասարդները, մեր երեխաները չեն հասցնում տեսնել այն բոլոր հարստությունները, որ պահվում են այստեղ»։ Եվս մեկ կարևոր մեկնաբանություն նա հարկ համարեց հավելել․ «Ասվեց, որ նկարել եմ հայտնի, անվանի մարդկանց, սակայն նկարել եմ ոչ դրա համար, այլ որովհետև շատ հարազատ, մտերիմ ընկերներ են։ Փարավոն Միրզոյանի դիմանկարը (ավելի վաղ թանգարանին նվիրած) որովհետև շատ եմ սիրում, ուզեցի, որ այս ցուցադրության մեջ լինի»։
Իսկապես. արտակարգ դիմանկար՝ նկարիչ-արտիստի կերպար՝ իրեն բնորոշ վստահ կեցվածքով, մշտական շլյապայով:
…Եվ իհարկե՝ Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի խոսուն դիմանկարը։ «Փառք Աստծո, չտրվեց Շուշիի թանգարանին. այդպես էինք որոշել միասին։ Հիմա գտավ իր արժանի տեղը մեր Ազգային պատկերասրահում։ Ուրախ եմ դրա համար, բայց տխուր՝ որ մեզ հետ չէ այլևս․․․» ։
Մելանյա Բադալյան