Կորսված նկարների հետքերով
Չարեքթարից Փարիզ
2020-ի Ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավերիչ ազդեցությունը դեռ երկար կտևի։ Կյանքը շարունակվում է, ծանր հիշողությունները ստվերների նման հետապնդում են մարդկանց, հետևանքները օր օրի ավելի խորանում։ Քառասունչորսօրյա պատերազմի օրերին աշխարհի ուշադրությունը դարձյալ մեր տարածաշրջանի վրա էր կենտրոնացած՝ թե քաղաքական, հանրային շրջանակների, թե՝ մամուլի։ Պատերազմի ավարտից շատ չանցած Ղարաբաղ են այցելում ֆրանսիական «La Croix» («Լա Քրուա» – «Խաչ») շաբաթաթերթի երկու թղթակիցներ՝ Պիեր Սոթրոյը և Թոմաս Գիշարը։
Նրանք մոտիկից տեսնում են պատերազմի ավերիչ դեմքը. քանդված հայկական բնակավայրեր, ավերակված, անտերացած տներ, մարդիկ չկան, արտաքսված են։ Անցնելով գյուղերից մեկով, նրանք կանգ են առնում լքված մի տան բակերից մեկում. շուրջն ամայություն, կենդանության ոչ մի նշույլ ու հանկարծ գետնին նկատում են մատիտանկար էսքիզներ՝ դիմանկարների։ Տան բնակիչները փախել են խուճապահար, նկարները ընկել, մնացել են գետնին։ Գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ֆրանսիացի թղթակիցները վերցնում են նկարները և նկատում հեղինակային ստորագրություն անկյուններում։ 2021-ի ապրիլի սկզբներին նույն թղթակիցները դարձյալ Հայաստան են այցելում, շրջում սահմանային բնակավայրերով, լինում են Տավուշում, հանդիպում մարդկանց, զրուցում, հանկարծ նրանցից մեկին նմանեցնում են Չարեքթար գյուղի լքված տան բակում գտած տղայի դիմանկարին, ցույց տալիս այն և հարցնում, թե արդյոք նա չէ պատկերված։ Տղան ասում է, որ ինքն է։
2023-ի վերջին դեպքերը՝ Լաչինի միջանցքի շրջափակումը ադրբեջանցիների կողմից, որ հումանիտար աղետի էր վերածվում, միջազգային հանրության և մամուլի ուշադրության կենտրոնում էր։ Այդ օրերին Պիեր Սոթրոյը և Թոմաս Գիշարը վերստին անդրադառնում են ղարաբաղյան թեմային, իրենց նախորդ այցելությունների հետքերին, իրենց հետ Փարիզ տարած Չարեքթարում գտած նկարներին և փորձում գտնել նկարչին. բարեբախտաբար նկարները անվնաս էին մնացել, ստորագրությունը հեղինակի՝ նույնպես. Կարապետ Հաջի Ասլանյան։ Որոնումները հասնում են նպատակին, նկարիչը հաստատում է, որ այդ նկարների հեղինակը ինքն է, և որ ներկա պահին Ֆրանսիայում է և սովորում է Մարսելի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցում։
2017-18-ին Կարապետ Հաջի Ասլանյանը զինվորական ծառայության է եղել Ղարաբաղում, հիմնականում անցնելով այն Չարեքթարում։ Տեղի բնակիչների շփումների մեջ Կարապետը մտերմանում է Ամիրյանների ընտանիքին, որոնց բարությանն ու հոգատարությանն իր հանդեպ հատուցում է նկարչական տաղանդով՝ նկարելով ընտանիքի անդամների դիմանկարները։ Զինվորական ծառայությունը ավարտում, վերադառնում է Երևան, ընդունվում Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա՝ մինչ այդ ավարտած լինելով Թերլեմեզյանի անվան նկարչական պետական քոլեջը։
ՀԳՊԱ-ի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը պատմում է, որ Կարապետը 2-րդ կուրսի ավարտին դիմել է իրեն՝ աջակցության խնդրանքով փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումը շարունակելու Մարսելի Արվեստի և դիզայնի բարձրագույն դպրոցում։ Փոխանակումը հաջողությամբ իրականացվում է, նա հիմա 3-րդ կուրսում է և այս ընթացքում բավական հաջողություններ է ունեցել։ Ֆրանսիացի թղթակիցները ինտերնետային կապով տեղեկանալով այս մասին, մեկնում են Մարսել, հանդիպում Կարապետին։ Նրանց զրուցից ծնվում է հոդված, որը տպագրվում է «La Croix» շաբաթաթերթում։
Պատահականորեն, թե նախախնամությամբ միմյանց են կապվում Չարեքթարը, Երևանն ու Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, Մարսելը, Փարիզը և տեղի «La Croix» շաբաթաթերթը։
Բավականին ծավալուն հոդվածը լույս է տեսնում՝ «Աքսորի մեջ գտնվող հայկական ընտանիքի հետքերով», «Ղարաբաղի կորսված նկարները» վերտառությամբ և իհարկե Չարեքթարի լքված տան բակում գտնված Կարապետ Հաջի Ասլանյանի մատիտանկար, ածխանկար դիմանկարներով, նաև Մարսելյան դպրոցում սովորելու ընթացքի նրա մի քանի նկարներով։ Հոդվածի վերնագիրն ինքնին խոսուն է. լրագրողները պատմում են ղարաբաղյան հետպատերազմյան ուղևորության իրենց տպավորություններից, նկարագրում բնակավայրերը, պատմում այնտեղ հանդիպած մարդկանց ճակատագրերի մասին։ Հոդվածի մյուս հատվածի հերոսը ՀԳՊԱ-ի ուսանող, ներկայում ուսումը Մարսելում շարունակող Կարապետ Հաջի Ասլանյանն է՝ մեղմ ժպիտով, սևահեր հայ երիտասարդը, որ պատմում է իր մասին, Չարեքթարի, տեղի բնակիչների, այնտեղ անցկացրած զինվորական ծառայության, Ամիրյանների ընտանիքի, իր դիմանկարների, Ֆրանսիայում ունեցած ուսումնական փորձի, արվեստի, թանգարանային մշակույթի հանդեպ ունեցած հետաքրքրությունների մասին։
– Իսկ դուք տեղյա՞կ եք այդ ընտանիքի ճակատագրից,- հարցնում են ֆրանսիացի թղթակիցները։
– Ոչ,- պատասխանում է երիտասարդը։
– Մենք տեղյակ ենք և հիմա կպատմենք,- շարունակում են զրույցը Պիեր Սոթրոյը և Թոմաս Գիշարը…
Մելանյա Բադալյան
Փարիզի «La Croix» շաբաթաթերթի հոդվածն ամբողջությամբ տես այստեղ