Իտալական ապրանքանիշերի էվոլյուցիան
Հետաքրքրական և ճանաչողական բնույթի ցուցահանդեսով փակեց տարին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը՝ նախաձեռնությամբ ու կազմակերպությամբ Հայաստանում Իտալիայի դեսպանատան և Իտալական լոգոների թանգարանի։ Այն վերաբերում էր իտալական՝ հիմնականում հայտնի «Maserati», «Ferrari», «Versace», «Gucci», «Alfa Romeo», «Barilla», «Illy», «Ansaldo» և ուրիշ բրենդների ստեղծման պատմությանն ու զարգացմանը, որոնք ներկայացված էին մեծադիր պաստառներով՝ յուրաքանչյուրը համապատասխան դիզայնով, ուղեկցող գրավոր տեքստերով՝ ստեղծման պատմության, հիմնադիրների մասին տեղեկություններով։
Իտալական արդյունաբերական և գրաֆիկական պատմության ընթացքի այս ցուցահադրությունը նպաստում է հիշյալ ապրանքանիշերի մասին ավելի ամբողջական պատկերացում կազմելուն, ընդգծում ապրանաստեղծման իտալական ճաշակի բացառիկ նրբագեղությունը, ոճական բազմազանությունը՝ որով էլ Իտալիան մշտապես առաջատար տեղ է զբաղեցնում միջազգային առևտրային մրցակցության մեջ։
Ցուցահանդեսի բացման խոսքում ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը ներկաներին հիշեցրեց այս տարվա հոկտեմբերին ակադեմիայում տեղի ունեցած հանդիպում-քննարկումը պաստառների հեղինակների և Լոգոների պատմության թանգարանի աշխատակիցների հետ, որին մասնակցում էին նաև Համակարգչային գրաֆիկա կրթական ծրագրի ուսանողներ։ «Սա այն ուղղությունն է, որն առնչվում է նրանց մասնագիտությանը, նրանք զբաղվում են լոգոների մշակմամբ և իրականացմամբ»։ Ասաց, որ ՀԳՊԱ-ի համագործակցությունը Իտալիայի դեսպանատան հետ տարիների պատմություն ունի և գնալով ավելի է խորանում։
Հայաստանում Իտալիայի փոխդեսպանը շնորհակալությամբ դիմեց Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիային ցուցադրությունն իրականացնելու համար, նաև` ներկաներին, խոսեց ցուցահանդեսի նշանակության մասին, որ այն էկոնոմիկայի նախարարությունից հետո երկրորդն է և ներկայացնում է իտալական հայտնի ապրանանքանիշերի էվոլյուցիան, կիրառումը տնտեսական բնագավառում։ «Դրանք հայտնի են դարերի ընթացքում ոչ միայն իրենց արտադրանքի որակով, նաև` ստեղծագործական մոտեցումների։ Մնալով իրենց ավանդական ձևի մեջ, պահպանելով սկզբնական, նախնական բնույթը, միաժամանակ հարմարվել են կյանքի թելադրված փոփոխություններին, նոր զարգացումներին, մոտեցումներին։ Սա բնորոշ է ինչպես Իտալիային, նաև Հայաստանին»։
Մելանյա Բադալյան