Տպավորություններ Լինցի Կաթոլիկ համալսարանից
Լինց քաղաքը գտնվում է Ավստրիայում, Վերին Ավստրիայի մայրաքաղաքն է համարվում։ Տարածված է Դանուբի ափին և մոտ է Վիեննա և Զալցբուրգ քաղաքներին, հայտնի է տարածաշրջանում իր` ժամանակակից արվեստի և տեխնոլոգիական նորարարությունների թանգարաններով։ Սույն թվականի դեկտեմբերի 11-ից 18-ը լինելով Լինցում` դասախոսություններ եմ կարդացել Կաթոլիկ համալսարանի արվեստաբանության ֆակուլտետի ուսանողների և դասախոսական անձնակազմի համար` ներկայացնելով Հայաստանի Գեղարվեստի պետական ակադեմիան, Երևանը և հայկական մշակույթը, ինչպես նաև անդրադարձել եմ հետազոտություններիցս մեկի` ազգային արվեստի խնդրին 1910-ականներին ձևավորված Հայ արվեստագետների միության առանցքում, վերջինիս զուգահեռներում միևնույն ժամանակաշրջանում գործած այլ, մասնավորապես` ռուսական արվեստի խմբավորումների և միությունների հետ։
Շնորհակալ եմ ՀԳՊԱ-ի Արտաքին կապերի բաժնի աշխատակազմին հնարավորության համար։ Նրանց աշխատանքի շնորհիվ է, որ ուսանողները հնարավորություն են ստանում սովորել եվրոպական համալսարաններում և ակադեմիաներում ու բարելավել իրենց գիտելիքները, իսկ դասախոսները՝ համալրել աշխատանքային փորձն ու ճշգրտել մեթոդաբանական մոտեցումները։ Սա իմ երկրորդ այցն էր Էրազմուս+ շարժունության ծրագրի շրջանակներում, առաջին այցը տեղի է ունեցել ուսանողական տարիներին, մեկ կիսամյակ սովորել եմ Չեխիայի Մասարիկի համալսարանում։ Ուրախ եմ փաստել, որ մեր և եվրոպական մի շարք կառույցների մեջ կա կայուն համագործակցություն, իսկ Լինցում հանդիպումները դասախոսական կազմի հետ ձևավորել են նոր գաղափարներ, որոնց շուրջ քննարկումները կշարունակվեն։
Մերի Ղազարյան