Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի պատվիրակության այցը ՀԳՊԱ
2022 թվականի մարտ ամսից Իրանի Իսալամական հանրապետության Թավրիզ քաղաքի Իսլամական արվեստի համալսարանի նախաձեռնությամբ սկսվեցին բանակցություններ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հետ։ Նպատակը՝ երկկողմանի այցեր, միջմշակութային երկխոսություններ, ցուցահանդեսների կազմակերպում, երկկողմանի համագործակցության շրջանակներում պայմանագրի ստորագրում, դասախոսների և ուսանողների փոխանակում։ Իսլամական արվեստի համալսարանը բազմիցս դիմեց ՀԳՊԱ-ին, առաջարկելով կազմակերպել ցուցահանդես Թավրիզում, բայց վերջնական բանակցային փուլում նպատակահարմար գտնվեց հանդիպել Գեղարվեստի ակադեմիայում։ Մենք, բնականաբար, սիրով ողջունեցինք Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի ներկայացուցիչների այցը ՀԳՊԱ։
Ավելացնենք նաև, որ երկարատև բանակցությունները իրանական կողմից վարում էր արվեստաբան Դիդար Հաբիբը, որը փայլուն տիրապետում է հայերեն լեզվին, իսկ ՀԳՊԱ-ն ներկայացնում էր արտաքին կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյանը։
Բանակցությունների արդյունքում 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ՀԳՊԱ այցելեցին Թավրիզի իսլամական արվեստի համալսարանի ռեկտոր՝ դոկտոր պրոֆեսորՄոհամմադալի Կայնեջադը, որին ուղեկցում էին ռեկտորի միջազգային կապերի գծով խորհրդական՝ պրոֆեսոր դոկտոր Ֆարհադ Ախունդին, վարչական, ֆինանսական, ռեսուրսների կառավարման գծով փոխնախագահ՝ դոկտոր Սաջջադ Պակզադը, տեխնոլոգիաների և ձեռներեցության մենեջեր՝ Սաեիդ Կավեհը։ Պատվիրաությանը ուղեկցում էր արվեստաբան Դիդար Հաբիբը։
Թավրիզի Իսլամական արվեստի համալսարանի պատվիրակությանը ընդունեցին ՀԳՊԱ-ի ռեկտոր, պրոֆեսոր, ժողովրդական նկարիչ Արամ Իսաբեկյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, կերպարվեստի ֆակուլտետի դեկան Էդիկ Վարդանյանը, արտաքին կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը։
Բանակցությունների արդյունքում որոշվեց, որ բուհերի համատեղ գործունեությունը մեկնարկելու է երկկողմանի ցուցահանդեսների կազմակերպմամբ, հավանական է առաջին մեկնարկող կողմը լինի ՀԳՊԱ-ն, որից հետո կկայանա Թավրիզի համալսարանի ուսանողների ու դասախոսների ցուցահանդեսը ՀԳՊԱ-ում։ Սա առաջին փուլով, իսկ դրական արդյունք արձանագրելուց հետո բուհերը կանցնեն համագործակցության երկրորդ փուլին։
Հուսանք, միջմշակութային երկխոսությունը հարևան պետության ուսումնական հաստատության հետ կլինի արդյունավետ ու որոշիչ հետագա գործընթացի շարունակականությունը ապահովելու համար։
Արտաքին կապերի բաժնի ղեկավար Մերի Պատվականյան