Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:
Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:
Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում.
- ֆիզիկամաթեմատիկական գիտություններ;
- քիմիական գիտություններ;
- գյուղատնտեսական գիտություններ;
- ռազմական գիտություններ;
- տեղեկատվական տեխնոլոգիաներ:
Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:
Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ: Մրցույթային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.
- կիրառական նշանակություն;
- ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը;
- գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ;
- առաջարկում են միջգիտակարգային լուծումներ: