Հանդիպում առաջին կուրսի ուսանողների հետ
Սեպտեմբերի 1-ին, երբ քաղաքի փողոցներում առավոտյան հիմնականում դպրոցականներ և ուսանողներ են, շատերի մոտ ակամա բարի հիշողություններ են արթնանում։ Իսկ առաջին անգամ կրթօջախ մտնողի համար օրը դառնում է ամենահիշարժանը։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում գեղեցիկ մի սովորույթ կա՝ հանդիպում առաջին կուրսեցիների հետ։
Առաջին օրվա տպավորությունը շատ կարևոր է։ Ակադեմիայի ղեկավարությունն այսօր հանդիպում կազմակերպեց Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառարան արվեստի ֆակուլտետ ընդունված ուսանողների հետ։ Ռեկտոր Արամ Իսաբեկյանը ուսանողներին ներկայացրեց ակադեմիայի ղեկավարներին, ֆակուլտետի դեկաններին, ամբիոնի վարիչներին, դասախոսներին, ուսանողական խորհրդի նախագահին։
Շնորհավորելով ուսանողներին՝ Արամ Իսաբեկյանը վստահեցրեց, որ նրանց սպասվում են շատ հետաքրքիր տարիներ, քանի որ ընդունվել են յուրահատուկ բուհ։ Արվեստի աշխարհ մուտք գործած մարդը պիտի գիտակցի, որ այդ ճանապարհն իր առանձնահատկություններն ունի, նա նաև պետք է պատրաստ լինի մաքառումների, որովհետև այն նվիրում ու ջանք է պահանջում, տաղանդի, շնորհքի հետ՝ աշխատասիրություն։ Իսկ դասախոսները, և անձամբ ինքը՝ ռեկտորը, պատրաստ են միշտ աջակցել ուսանողներին։ «Այնպես որ հորդորում եմ անմիջապես լծվեք ձեր գործին։ Լավ սովորեք և հաշվի առեք, որ լավ առաջադիմության դեպքում ունեք հնարավորություն վճարովի համակարգից անցնել անվճարի»,- իր խոսքում նշեց Արամ Իսաբեկյանը։
Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանն էլ իր հերթին ավելացրեց, որ ուսանողներն իրենց կյանքի շատ կարևոր շրջան են մտնում։ «Ձեր ապագան ձեր ձեռքում է։ Այս շրջանից է կախված, թե ինչպիսին կլինի այն։ Այնպես որ, ի գործ»,- մասնավորապես նշեց Այվազյանը։
Ոսանողներին ընձեռնվող հնարավորությունների մասին խոսեցին նաև Կերպարվեստի և Դիզայնի և դեկորատիվ կիրառարան արվեստի ֆակուլտետի դեկաններ Էդիկ Վարդանյանը և Ավետիք Ավետիսյանը, Ուսումնամեթոդական մշակումների և ուսումնական գործընթացի հաշվառման բաժնի ղեկավար Եկատերինա Կաշինան, Ուսանողական խորհրդի նախագահ Մանե Մակյանը։
Մելանյա Բադալյան