Դիպլոմային աշխատանքների ցուցահանդես Հայաստանի նկարիչների միությունում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան անցյալի ավանդույթներին վերջին տասնամյակներում ավելացնելով նորերը, ոչ միայն հարստացնում է իր պատմությունը, նաև ուսանող-դասախոսներին պարգևում է թե՛ հաճելիության, թե՛ գնահատման-արժեվորման այնքան անհրաժեշտ զգացումներ, պահեր։ Լավագույն ավանդույթներից են ուսանողների տարեվերջյան ամփոփիչ ցուցահանդեսները ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» հյուրընկալ ցուցասրահում, շատ կարևոր է ավարտական կուրսերի դիպլոմային աշխատանքների միասնական ցուցադրությունը, որն ինչպես անցած անգամ, այս տարի ևս բացվեց Հայաստանի նկարիչների միության Արա Սարգսյանի անվան ցուցասրահում․ լավագույն գործերի ընտրությամբ՝ գեղանկարչության, գրաֆիկայի, քանդակի, խեցեգործության բաժինների շրջանավարտների։ Համակարգչային գրաֆիկա, դիզայն, հագուստի մոդելավորում, գորգագործություն բաժինների ավարտական դիպլոմային աշխատանքները էլեկտրոնային տարբերակով են ներկայացվել քննական հանձնաժողովին․ դրանք ցուցադրության չեն ներկայացվել տեխնիկական պատճառներով։
Ակադեմիայի նոր շրջանի լավագույն ավանդույթներից մեկը երեկվա ցուցահանադեսի բացմանը նախորդած տարվա շրջանավարտների՝ Հայաստանի նկարիչների միության անդամակցության և մրցանակաբաշխության արարողությունն էր, որին ներկա էր Մշակույթի փոխնախարար Արա Խզմալյանը․ նա նաև ՀԳՊԱ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։
Շնորհավորելով շրջանավարտներին, ՀՆՄ նախագան Սուրեն Սաֆարյանը, որ նաև դիպլոմային աշխատանքների քննական հանձնաժողովն է նախագահել, բարձր գնահատեց թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների կատարած աշխատանքների որակը։ Նա միության անդամակցության տոմսեր հանձնեց լավագույն վեց շրջանավարտների՝ Սիրանուշ Վարդանյանին, Նոյեմ Խաչատրյանին, Մանանա Մակարյանին, Աննա Կրճացյանին, Ստյոպա Գրիգորյանին և Արմինե Սերգեյանին։
«Երկրի ղեկավարներին, ովքեր հետաքրքրվում են մեր ակադեմիայով, ես ասում եմ՝ ուսանողների կամ դասախոսների քանակը չէ, որ կարևոր է, ներկա լինել է հարկավոր դիպլոմային աշխատանքների պաշտպանությանը, դրանց ցուցահանդեսներին, ինչպես այսօրվանն է»,- ռեկտոր Արամ Իսաբեկյանի՝ ցուցահանդեսի մասին դրվատանքի խոսքերին հաջորդեց ավանդույթ դարձած անվանական (Արա Սարգսյանի, Էդվարդ Իսաբեկյանի, Հակոբ Կոջոյանի անվան) մրցանակաբաշխությունը,որին արժանացան․
- Սվետլանա Սահարյանը (Հագուստի մոդելավորում, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Ելեն Պապիկյանը (Հագուստի մոդելավորում, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Էլիզա Կարախանյանը (Համակարգչային գրաֆիկա, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Միլենա Տերունյանը (Համակարգչային գրաֆիկա, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Սիրանուշ Զուրաբյանը (Համակարգչային գրաֆիկա, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Սարգիս Մանուկյանը (Համակարգչային գրաֆիկա, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Անի Մնացականյանը (Համակարգչային գրաֆիկա, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Լիանա Մակարյանը (Դիզայն, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Ծովինար Մելքոնյանը (Դիզայն, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Եվա Գալստյանը (Դեկորատիվ կիրառական արվեստ, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Օֆելյա Մալխասյանը (Դեկորատիվ կիրառական արվեստ, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Քրիստինե Սողոմոնյանը (Դեկորատիվ կիրառական արվեստ, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Արթուր Ավագյանը (Քանդակագործություն, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Մուշեղ Մուսաելյանը (Քանդակագործություն, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Արմինե Սերգեյանը (Գրաֆիկա, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Տաթևիկ Նալբանդյանը (Գրաֆիկա, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Սիրանուշ Վարդանյանը (Գեղանկարչություն, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Աննա Կրճացյանը (Գեղանկարչություն, մագիստրոսի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար),
- Արդա Խաչատրյանը (Արվեստի պատմություն և տեսություն, բակալավրի կրթական ծրագրի լավագույն դիպլոմային աշխատանքի համար)։
Այս ցուցահանդեսը, ինչպես և նախորդները դասախոսների կատարած աշխատանքի և ուսանողների տարիների կուտակած գիտելիքի և իրենց տաղանդի արտահայտությունն է, և այն կարող է ընդհանուր պատկերացում տալ արվեստի տվյալ ուղղությունների հետագա տարիների որոշակի մակարդակի, որակի մասին։ ՀԳՊԱ-ի Կերպարվեստի ֆակուլտետի դասախոս, երիտասարդ տաղանդավոր նկարիչ Արթուր Հովհաննիսյանն ասում է․ «Յուրաքանչյուր ցուցահանդես ունենալով իր առանձնահատկությունը, այս տարվանը ոճային, թեմատիկ բազմազանությամբ, մոտեցումներով, լավ իմաստով ծայրահեղություններով, տարբերվում է։ Մեծամասամբ հասուն ձեռագրեր են, հասկանալի է, իհարկե, որ նրանք շատ ճանապարհ ունեն անցնելիք։ Գուցե նախորդ շրջաններում ի ծնե տաղանդավոր մարդիկ, ընդգծված անհատականություններ ավելի կային, սակայն այսօր էլ տաղանդավոր բացառություններ կան՝ տարբերվող իրենց մտածողությամբ, գեղարվեստական նոր, ինքնատիպ լուծումներ գտնելու ունակություններով»։
Դիմացի պատին երեք կտավ առանձնանում են, դրանք աչքի են ընկնում դինամիզմով, դրամատիկ տրամադրություններով․ Աննա Կրճացյանի աշխատանքներն են։ «Հասուն, շատ խորը գործեր են․ նախ՝ թեմայի ընտրությունը, որքան էլ պատերազմը, պատերազմական թեման ակտուալ է՝ մեզ հուզող, բայց ինչպես մենք՝ շատերս, Աննան նույնպես դրա մեջ չենք եղել՝ անմիջակաորեն այն զգալու, հասկանալու։ Սակայն նրան հաջողվել է համապատասխան տրամադրություն ստանալ պատկերի մեջ և ամենակարևորը՝պահելով արվեստային մասը, արվեստի էսթետիկան, ինչը բարդ է, սակայն հաջողվել է։
Որակյալ ցուցահանդես է, սա չեմ ասում, որ իմ, մեր արվեստանոցի դիպլոմնիկները նույնպես մասնակցում են, ես օբյեկտիվ կարծիք եմ հայտնում։ Ցուցադրվածների մեջ նաև օտարերկրյա երկու ուսանող կա, Չինաստանից։ Թեմայով, կատարողականով տարբեր են․ Փեյգանք Հուինի աշխատանքները հայկական մոտիվներով են՝ երևանյան սրճարաններ, Սիանհուին Ժանգինը՝ չինական մթնոլորտ է՝ չինական տարազով կանայք»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Մելանյա Բադալյան