Էդիկ Ղաբուզյան․ «Դիզայնը սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունից»
Ցուցահանդես «Ալբերտ և Թովէ Բոյաջյան սրահում»
Հայկական տառարվեստի զարգացման մեջ մեծ ներդրում ունի Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Համակարգչային գրաֆիկայի և հագուստի մոդելավորման ամբիոնի դասախոս Էդիկ Ղաբուզյանը։ Նա շուրջ 500 տառատեսակի հեղինակ է և երեկ «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ներկայացրեց իր աշխատանքների մի մասը։
Ցուցահանդեսի բացման խոսքում ռեկտոր Արամ Իսաբեկյանը շնորհավորելով հեղինակին՝ անդրադարձավ թե՛ գրատպության , թե՛ դիզայնի ոլորտում տառարվեստի կարևորությանը, արևմուտքում այս արվեստի վաղուց ընդունված, մշակված լինելուն և լայն կիրառությանը, խոշոր ցուցահանդեսների, սահմանված բազմաթիվ մրցանակների առկայությանը։ «Մենք ունենք հիանալի այբուբեն, տառատեսակներ, սակայն տպագրական մշակված ձևեր չունեինք։ Բարեբախտաբար հայտնվեցին մասնագետներ, որոնք այս գործը առաջ տարան, և նրանցից մեկը Էդիկ Ղաբուզյանն է»։
Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը խոսեց տառարվեստի մշակույթի անուշադրության մատնված լինելու, շատ սակավաքանակ, գրեթե բացակայող ցուցահանդեսների և սրա հետևանք քաղաքի գովազդային պաստառների՝ «խայտառակ շրիֆտով» անմխիթար, անհրապույր լինելու մասին՝ կարծես ի հեճուկս հայակական այբուբենի կատարելությանը։ Այս մասին իր խոսքում ակնարկեց նաև հեղինակը, հիշելով տարիներ առաջ եվրոպացի կոլեգաներից մեկի խոսքը․ «Ձեր բախտը բերել է, ձեր տառերը այնքան լավն են, որ դիզայնի կարիք չունեք»։ Այդուհանդերձ, տառարվեստի մշակույթը մեզանում բավական թույլ էր, չի եղել մասնագիտական մոտեցում հատկապես գրատպության մեջ։
Նա հիշեց գերմանացի մասնագետ, Մյունխենի տպագրական դիզայներական միության նախագահ Բորիս Կոխանին, որի հետ 2008-ին Երևանում հիմնադրված «Գրանշան» միջազգային տառատեսակների մրցույթի շրջանակներում լուրջ աշխատանքներ են տարվել՝ կազմակերպելով ոչ լատինական տառատեսակների ամենամյա մրցույթներ։ Սկսելով հայկական, լատինական և կիրիլյան տառատեսակներից, հետագայում աշխատանքները տարվել են ոչ լատինատառ այբբենական համակարգի ուղղությամբ՝ հունականի, հրեականի, արաբականի և այլ։ Տարիներ առաջ երևանյան մի քանի գրախանութներ շրջելով, գերմանացի մասնագետը բավական վատ տպավորությամբ է հեռացել՝ այդ շրջանի մեր գրատպագրական արտադրանքը համարելով մակուլատուրային, զարմացած մասնավորապես մանկական գրքերում մնացած գրականությունից չտարբերվող տառատեսակի գործածումից։ Պատճառը ոչ մասնագիտական մոտեցումն է, տառատեսակի սխալ կիրառումը, ոչ միայն ձևի՝ ընթերցանությունը դյուրացնելու առումով, այլ նաև՝ այսպես ասած, բովանդակային․ յուրաքանչյուր տեքստի համապատասխան տառատեսակի ընտրության։ Էդիկ Ղաբուզյանը ասվածը ավելի առարկայան դարձնելու շատ բնորոշ օրինակ է հաճախ բերում՝ ինչպես կարելի է նույն տառատեսակն օգտագործել միմյանցից շատ տարբեր հեղինակների գործերի տպագրության ժամանակ։ Անգամ մաթեմատիկայի, պատմության, քիմիայի կամ գրականության դպրոցական դասագրքերում օգտագործված տառատեսակները երկար տարիներ նույնն են եղել, գովազդային պաստառներում ևս նույն սխալ մոտեցումն է․ մինչդեռ, ինչպես իր աշխատանքներից մեկում ենք կարդում՝ դիզայնը սկսվում է տառատեսակի ճիշտ ընտրությունից։
Վերջին տարիներին որոշակի առաջընթաց է նկատվում այս ուղղությամբ, տառատեսակի բազմազանություն է առկա, տպագրիչները սկսել են օգտագործել տարբեր տառատեսակներ։ Էդիկ Ղաբուզյանի հետ համագործակցում են Երևանի գրեթե բոլոր մեծ տպագրատները՝ «Տիգրան Մեծ», «Զանգակ», «Էդիտ պրինտ», «Անտարես» և այլ։
Հեղինակի նախորդ անհատական ցուցահանդեսը 2012 -ին է եղել։ Հարավային Կորեայում նա մասնակցել է 12 բիենալեների, աշխատանքները ներկայացված են տասնյակից ավելի կատալոգներում։ Պատմում է, թե ինչպիսի կարևոր տեղ է տրվում այդ երկրում տառարվեստին․ «Պարբերաբար կազմակերպվում են ցուցահանդեսներ և դրանցից հետո չեն հավաքում, տուն տանում կամ պահում․ աշխատանքներն ուղարկվում են դպրոցներ, փակցվում են պատերին․ դպրոցականներն անընդհատ վիզուալ կոնտակտի մեջ են դրանց հետ», որն ըստ էության ենթագիտակցորեն ձևավորում է տառի գեղագիտական արժեքի ընկալում։
Մելանյա Բադալյան