Դասախոսություն ՀԳՊԱ-ի դահլիճում` նվիրված Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարելիցին
Իտալական վերածննդի մեծագույն մտածող, բանաստեղծ, փիլիսոփա Դանթե Ալիգիերիի մահվան 700-րդ տարին սեպտեմբերի 14-ին է։ Նրա ապրած ժամանակաշրջանում՝ ուշ միջնադարում պոեզիայի, գրականության լեզուն եղել է լատիներենը՝ հասանելի ընթերցողական սահմանափակ շերտի՝ ուսյալ մարդկանց և հարուստ խավին։ Իր աշխատություններից մեկում («De vulgari eloquentia») Դանթեն հանդես է եկել գրականության մեջ մայրենի լեզվի կիրառման օգտին և դա իրականացրել իր ստեղծագործություններում՝ նույնիսկ բարբառների գործածումով։ Նրան հետագայում հետևել են իտալացի այլ գրողներ նույնպես։ Այսով՝ Դանթեի դերը Իտալիայում նշանակալից է դառնում նաև ազգային լեզվի ձևավորման գործում։ Նրա ամենանշանավոր գրական երկը՝ «Աստվածային կատակերգությունը», համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, բնականաբար և` հանրահռչակված աշխարհով մեկ։
Օրեր առաջ ՀԳՊԱ-ի դահլիճում «Ակնարկներ «Աստվածային կատակերգությունից»․ Արվեստը և դանթեական երևակայությունը» թեմայով արվեստաբան, ՀԳՊԱ-ի դասախոս Լեոնարդո Ֆիլաստոյի բանախոսությունը նվիրված էր Դանթեի մահվան 700-րդ տարելիցին։ Միջոցառումը կազմակերպված էր «Դանթե Ալիգիերի երևանյան կոմիտեի», ՀՀ -ում Իտալիայի դեսպանատան, ՀԳՊԱ-ի միջազգային կապերի բաժնի նախաձեռնությամբ, իտալերեն դասավանդող հայաստանյան մի քանի բուհերի համագործակցությամբ։ Այն տեղի ունեցավ «Իտալերենի շաբաթն աշխարհում» ամենամյա ավանդական միջոցառման շրջանակներում, որն ուղղված է իտալերենի պահպանմանը, զարգացմանն ու նրա տարածմանն աշխարհում։ Այս ուղղությամբ իտալական կառավարությունը իր դեսպանատների միջոցով լուրջ աշխատանքներ է կատարում տարբեր երկրներում՝ հիմնականում բուհական միջավայրերի հետ, ֆինանսապես նաև աջակցում իտալերենի ուսուցման դասընթացներին։ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում արդեն տարիներ ընթանում են իտալերենի ուսուցման ֆակուլտատիվ պարապմունքներ՝ Անահիտ Մկրյանի դասավանդմամբ։
Այս միջոցառումն արդեն 5 տարի իրականացվում է ՀԳՊԱ-ում․ այն կազմակերպում է բուհի Միջազգային կապերի բաժինը, դասախոս Անահիտ Մկրյանի և Իտալիայի դեսպանատան հետ համատեղ։ Հյուրերի, հրավիրյալների շարքում ներկա էին ՀՀ-ում Իտալիայի փոխդեսպան Ջովաննի Նիկոլա Դիոնիզին և «EUNIC Armenia» հայաստանյան քլասթերի ղեկավար Լուսինե Քարամյանը։ Բանախոսության ավարտին Լեոնարդո Ֆիլաստոն ՀԳՊԱ-ի գրադարանին նվիրեց Դանթեի կյանքի և գործունեության մասին պատմող «Dante. La visione dell’ arte» («Դանթե․ արվեստի տեսլականը») պատկերազարդ գիրքը։
Մելանյա Բադալյան
Հ․ Գ․ Գրեթե 10 տարի է ՀԳՊԱ-ն համագործակցում է իտալական տարբեր հաստատությունների հետ։ Երկկողմանի համագործակցության պայմանագրեր են գործում Ֆլորենցիայի Գեղարվեստի ակադեմիայի (արդեն 4 ուսանող մեկ կիսամյակով մեկնել է այնտեղ սովորելու և վերադարձել), Պերուջայի օտարերկրյա ուսանողների մշակույթի և լեզվի ինստիտուտի հետ (6 ուսանող, որից երեքը՝ եկող ուսումնակամ տարում), շրջանավարտներից մեկը ամբողջական կրթաթոշակ է ստացել վերոնշյալ ինստիտուտի բակալավրիատում սովորելու համար։
Բոլոնիայի համալսարանի հետ երկամյա Էրազմուս+ ծրագրի շրջանակներում մեկ ուսանող մեկ կիսամյակով սովորել և մեկ դասախոս մեկշաբաթյա դասախոսությամբ աշխատել է այնտեղ՝ հիշյալ ծրագրի ֆինանսավորմամբ։