Հիշողության և վերարժևորման օր
Կերամիկայի արվեստանոցների անվանակոչումներ
Մեր ճանապարհի տևականությունը պայմանավորված է անցյալում եղածի, նախորդ ձեռքբերումների գնահատմաբ, դրանց պահպանմամբ ու զարգացմամբ։ Այս առումով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան իր ավանդույթների լավագույնի պահպանողներից է և դրանք կիրառող՝ ըստ հարկի, նոր փոփոխություններին համապատասխան։ Կարևոր է անցյալում վաստակ ունեցած մանկավարժների, պրոֆեսորների, արվեստագետների գործի վերարժևորումը` ցուցահանդեսների, արվեստանոցների անվանակոչումների, անվանական մրցանակների սահմանումների և այլ ձևերով։
Երեկվա օրը ակադեմիայի համար այդպիսին էր՝ հիշողության և անցյալի վերարժևորման։ Խեցեգործության երկու արվեստանոցները անվանակոչվեցին Իոսիֆ Բաբյանի և Հռիփսիմե Սիմոնյանի անվամբ։ Մտահաղացումը ամբիոնի վարիչ, Իոսիֆ Բաբյանի դուստր Մարիա Բաբյանինն էր։
Հռիփսիմե Սիմոնյանը համարվում է հայ կիրառական արվեստի հիմնադիրը, եղել է գեղարվեստաթատերական ինստիտուտի խեցեգործության ամբիոնի վարիչը, 1947-ին Հայաստանում հիմնված ճենապակյա գործարանի առաջին նկարիչն է եղել, մասսայական արտադրության համար ստեղծել է մանրաքանդակների շարք, ամանեղենի հավաքածու։ Արժանացել է ժողովրդական նկարչի կոչման։ 2000-ին թողարկվել է «Հռիփսիմե Սիմոնյան» նամականիշը։
Գեղարվեստաթատերական ինստիտուտում նրան ուսանել է Իոսիֆ Բաբյանը, հետագայում նրանք դարձել են աշխատանքային կոլեգաներ։ Երկար տարիներ եղել է դեկորատիվ-կիրառական ամբիոնի ավագ դասախոս, աշխատել է նաև Նկարիչների միությունում, 1968-ին եղել է գեղարվեստական խորհրդի նախագահը։ Բազմաթիվ ցուցահանդեսներ է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում։
Անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ ակադեմիայի բակում։ Ռեկտոր Արամ Իսաբեկյանի՝ որպես մանկավարժների նրանց վաստակի և հայ մշակույթի մեջ ունեցած ներդրումի գնահատման խոսքից հետո հուշատախտակների բացումը կարարեց Մարիա Բաբյանը, ապա ներկաներին հրավիրեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահ։ Իսկ այնտեղ թավշե մթնոլորտ էր՝ Իոսիֆ Բաբյանի և Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքների՝ կերամիկական պատկերազարդ իրերի, քանդակների, նկարների շնորհիվ։ Դրանց մեջ դրված խնամքն ու սերն էին ստեղծել այդպիսի մթնոլորտ, հանդարտ, մեղմ տրամադրություն։ Այդ տրամադրությանը շատ համահունչ արձագանքեց Արամ Իսաբեկյանը․ «Այս ցուցասրահում շաբաթական ցուցահանդեսներ միշտ են լինում։ Բայց սա յուրահատուկ օր է։ Մեր նախորդ, ավագ սերնդի արվեստագետների հիշողության մեջ, հուշերի հետ ենք հիմա»։ Ասաց, որ օրերս կարդում էր հոր՝ Էդուարդ Իսաբեկյանի 1936-37, 1940-41 թվականների օրագրային գրառումները, որ շարունակել է գրել մինչև կյանքի վերջին օրերը։
Հռիփսիմե Սիմոնյանի և Արամ Իսաբեկյանի ծնողների մտերմությունը գալիս է դեռ երիտասարդ տարիներից․ միասին են սովորել Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում, եղել են համակուրսեցիներ․ «Գիտեք՝ ինչ տարիներ էին, դժվար շրջան էր, բոլոր հայերն այնտեղ սովորող պետք է միասին լինեին՝ իրար թիկունք, շատ ջերմ հարաբերություններ են եղել։ Ուրախ եմ այսօրվա համար, Մարիան երբ առաջարկեց, մենք սիրով ընդառաջ գնացինք։ Հիանալի արվեստագետներ էին, աշխատանքների քիչ մասն է իհարկե ցուցադրված։ Քաղաքային միջավայրում էլ են տեղադրվել նրանց գործերը։ Հիմա ի՞նչ է մնացել, չգիտենք, մենք էլ շնորհքով չենք` դրանք պահպանելու»։
Ցուցահանդեսին ներկա Հռիփսիմե Սիմոնյանի թոռնուհին՝ Արևիկ Գրիգորյանը ջերմ խոսքերով դիմեց ներկաներին։ Մարիա Բաբյանը տեղեկացրեց, որ արվեստանոցներում ստեղծել են փոքրիկ անկյուններ, որոնք ուսանողներին կհիշեցնեն անցյալի վարպետների՝ Իոսիֆ Բաբյանի և Հռիփսիմե Սիմոնյանի աշխատանքային-ստեղծագործական մոտեցումների, ոճի մասին։
Դստեր հիշողություններում Իոսիֆ Բաբյանը մնացել է նախևառաջ որպես համեստագույն անձնավորություն, հայրական հոգածությամբ դասախոս։ Պատմում է, որ երբ ուսանողներին արվեստանոց էր տանում, յուրաքանչյուրի սեղանին դնում էր տաք կերակուր, երաժշտության ուղեկցությամբ էր դասերն անցկացնում․ «Ում էլ հարցնեք՝ նկարագրելու հորս, կասեն՝ համեստ մարդ։ Ստեղծագործել է տարբեր ոլորտներում՝ գրաֆիկայի, կերամիկայի, քանդակի, ոսկերչության, արծաթագործության»։
Նրա աշխատանքներում կա ամենից կարևորը՝ ճաշակ, խորություն, գույնի նուրբ զգացողություն, և չկա նաև կարևորը, ինչպես Մարիան է ասում՝ ժամանակների գաղափարական մամլիչի կաղապարող տխուր պարտադրանքը՝ սովետիզմը։
Մելանյա Բադալյան