Վերմեերի բոլոր կտավները՝ մեկ թանգարանում
Հոլանդական գեղանկարչության ոսկե դարաշրջանի հռչակավոր ներկայացուցիչ Յան Վերմեերը բեղմնավոր նկարիչների շարքին չի պատկանում։ Այսօր նրա վրձնին պատկանող ընդամենը 36 կտավ է հայտնի։ Սակայն դրանք տեսնելու համար ստիպված էիք լինելու ճանապարհորդել Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն և այլ քաղաքներ։ Համենայն դեպս այդպես էր մինչև վերջերս։
Հաագայի «Մաուրիցհեյս» թանգարանը, որին է պատկանում Վերմեերի ամենահանրահայտ «Մարգարտե օղով աղջիկը» կտավը, փարիզյան «Google Arts & Culture» ինտերնետ-հարթակի հետ համագործակցությամբ ստեղծել է «Meet Vermeer» հավելվածը, որն իրենից ներկայացնում է Յան Վերմեերի բոլոր կտավներն իր մեջ ընդգրկող վիրտուալ թանգարան։
Այս հավելվածի համար Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանը տրամադրել է իր ցուցասրահներում գտնվող Վերմեերի բոլոր հինգ կտավների լուսանկարները։ Վաշինգտոնի «Ազգային Պատկերասրահը» և Ամստերդամի «Պետական թանգարանը» («Ռեյկսմյուզեում») տրամադրել են չորսական լուսանկար։ Երկուական լուսանկար են ներկայացրել «Լուվրն» ու «Ֆրիկի հավաքածուն» (Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում գտնվող անձնական հավաքածուի թանգարան, որը 20-րդ դարի սկզբներին ստեղծել է ձեռնարկատեր և մեկենաս Հենրի Քլեյ Ֆրիկը)։ Բոստոնյան «Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանը» տրամադրել է 1990-ին թանգարանից առևանգված, և մինչև օրս անհետ կորած «Համերգ» կտավի լուսանկարը։ Հավելվածն սկսելու է աշխատել դեկտեմբերի 10-ից, այն անվճար է և հասանելի ցանկացած սմարթֆոնի օգտատիրոջ համար։
«Այսօր տեխնոլոգիաներն անում են այն, ինչ մարդը չի կարող անել իրական կյանքում. ասել է թե այս կտավները երբեք չէին կարող միավորվել մեկ թանգարանում»,- նշում է «Մաուրիցհեյսի» տնօրեն Էմիլի Գորդենկերը։ Նա հատուկ ուշադրություն է դարձնում այն հանգամանքին, որ 17-րդ դարի կտավները ծայրահեղ զգայուն են ճանապարհորդությունների համար, իսկ մի քանիսն էլ մասնավոր հավաքածուներում են: Ինչ վերաբերում է «Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանի» հավաքածուի կտավին, ապա այն առևանգված է։ Հետևաբար, պարզապես անհնար էր կազմակերպել Վերմեերի բոլոր կտավների ցուցահանդեսը հենց թեկուզ միայն այն պատճառով, որ սեփականատերերն այդպիսի համաձայնություն չէին տա։ Այդուհանդերձ, 18 թանգարան և մասնավոր հավաքածուներ այս նախագծին են ներկայացրել Վերմեերի կտավների բարձրորակ թվային լուսանկարներ։
Վերմեերն իր ստեղծագործական կյանքի քսան տարիների ընթացքում 45 կտավ է ստեղծել, որոնցից մի մասը կորած է։ Վիրտուալ թանգարանը ներկայացնում է միայն հաստատված հեղինակությամբ 36 կտավ։ Իհարկե, այս գործերի լուսանկարներն առկա են թանգարանների կայքերում։ Սակայն Էմիլի Գորդենկերը շեշտում է, որ հավելվածում ներկայացված լուսանկարները դիտորդին հնարավորություն են տալիս տեսնելու կտավների իրական չափերն ու նրանց հարաբերակցությունը մեկը մյուսի հետ։ «Մի բան է նայել կտավը նարզապես էկրանին, և լիովին ուրիշ բան՝ դիտել այն վիրտուալ թանգարանի պատին, այլ նկարների հարևանությամբ»,- ասում է Գորդենկերը։
Բացելով հավելվածը՝ այցելուն տեսնում է առանց առաստաղի թանգարանը՝ վերևից։ Այնուհետև նա հայտնվում է պատկերասրահում, որի պատերին Վերմեերի կտավներն են։ «Սա, կարելի է ասել, ֆիզիկական ներկայության տպավորություն է թողնում։ Տեխնոլոգիաները վերացնում են բոլոր սահմաններն ու խոչընդոտները։ Այժմ ամեն ինչ ավելի մոտ է ու հասանելի»,- համոզված է Էմիլի Գորդենկերը: