Ռեմբրանդի նկարը «Sotheby’s»-ում ռեկորդ է սահմանել
Օրերս Ռեմբրանդ վան Ռեյնի ոչ այնքան հայտնի «Պատանու գլխի էտյուդը» (մոտավորապես 1665 թ.) ուրվանկարը Լոնդոնի «Sotheby’s» աճուրդում «հին վարպետների» աշխատանքներից ամենաթանկարժեք լոտն է դարձել։ Այն վաճառվել է 12,1 մլն դոլարով։
Ուրվանկարն արված է յուղաներկով՝ կաղնե 20×25 սմ տախտակի վրա։ Մասնագետները նշում են, որ այն Ռեմբրանդի հեղինակած՝ Հիսուսին որպես պատանի պատկերող յոթ էտյուդներից մեկն է: Տեխնիկական փորձաքննության և վերականգնողական աշխատանքների ընթացքում ներկի առաջնային շերտի վրա հայտնաբերված մատնահետքերը, հավանաբար, Ռեմբրանդին են պատկանում։