«Պրադոն» հատուկ էմոջի է թողարկել
Մադրիդի «Պրադո» թանգարանն իր 200-ամյակը նշանավորող միջոցառումների շարքում նաև հատուկ էմոջի է թողարկել, որի դիզայնը փոխառնված է Էլ Գրեկոյի հանրահայտ «Ասպետը՝ ձեռքը կրծքին» (մոտավորապես 1580) կտավից։ Այսուհետ թանգարանի կայքի 1,23 միլիոն հետևորդները կարող են էմոջին օգտագործել սոցիալական ցանցերի իրենց էջերում։
Երկուհարյուրամյակի տոնակատարությունը պաշտոնապես սպասվում է հաջորդ տարվա հունվարին, սակայն արդեն իսկ գործում է «Պրադո թանգարան 1819-2019. Հիշողության վայր» ցուցահանդեսը, որի՝ նոյեմբերի վերջին կայացած բացման արարողությանը մասնակցել են Իսպանիայի թագավոր Ֆիլիպ VI-ը և թագուհի Լետիսիան։
Թանգարանի արևմտյան ճակատն այժմ պատված է Էլ Գրեկոյի մեկ այլ հանրահայտ կտավի՝ «Երրորդության» (1577-1579) ահռելի վերարտադրությամբ։ «Պրադոյի» տասը այլ, ամենահանրահայտ կտավների վերարտադրություններով, որոնց թվում են Դիեգո Վելասկեսի «Կույսի թագադրումը» (1641-1644) և Խոսե դե Ռիբերայի «Ապաշխարհող Մարիամ Մագդաղենացին» (1641), պատված են թանգարանի մյուս ճակատները։ Այսպիսով, «Հանդերձավորենք Պրադոն» նախագծի համաձայն, ավելի քան 30 000 քառակուսի մետր կազմող «Պրադոյի» մակերեսը «քողարկվել է» կտավներով։
Թանգարանը 13,9 մլն դոլար է հատկացրել իր երկուհարյուրամյակի տոնակատարության համար, բազմաթիվ միջոցառումներին զուգահեռ կազմակերպելով 17 ցուցահանդես։ Նախատեսվում է նաև «Պրադոյի» հավաքածուի ցուցահանդեսներ կազմակերպել Իսպանիայի ավելի քան երեսուն քաղաքներում։
Նշենք, թանգարանի տնօրինությունը վերջերս հայտարարություն էր տարածել, որ Իսպանիայի կառավարությունն իրենց 35 միլիոն դոլար է տրամադրել՝ մոտակա չորս տարում «Պրադոյի» նոր ցուցասրահներ կառուցելու համար։ Արդեն իսկ ընտրվել են ճարտարաապետներ, որոնք 17-րդ դարի «Hall of Realms»-ի վերակառուցմամբ են զբաղվելու։ Այստեղ ժամանակին Վելասկեսի հանրահայտ ռազմական կտավներն են ցուցադրվել, որոնց թվում՝ «Բրեդայի հանձնումը» (1634):