Ուսանողական նորամուտ ՀԳՊԱ-ում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող-նորեկները բուհական կյանքի առաջին օրն սկսեցին ակադեմիայի դահլիճում՝ բուհի ղեկավարության, դասախոսների, ուսխորհրդի անդամների հետ ունեցած հանդիպումով:
ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը ողջունելով ուսանողների նորամուտը բուհ, նրանց համարելով հասարակության առաջընթացի երաշխավորը, կարևորելով ջանքերն ապագա որակյալ մասնագետ դառնալուն ուղղված՝ նրանց ուշադրությունը դարձրեց նաև մասնակցությանը երկրի հասարակական կյանքի զարգացումներին, դրանց հետ համընթաց ապրելուն:
«Հասարակության երիտասարդ մտավոր ներուժն այն գրավականն է, որն ապահովում է ինչպես պետության հզորությունն ու կայացումը, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը: Ինչպիսին կլինի Հայաստանի Հանրապետությունը հետագայում, պայմանավորված է նաև ձեր ձգտումներով, երազանքներով և հաստատակամությամբ: Լավ արվեստագետ դառնալու ձեր ձգտումներում վստահաբար կունենաք մեր բոլորի աջակցությունը: Հաստատուն, ամուր եղեք ձեր ընտրած ուղու մեջ, ձգտեք միշտ ավելին իմանալ, և հաջողությունը կուղեկցի ձեզ»,- մասնավորապես ասաց ռեկտորը:
Արամ Իսաբեկյանի վերաբերմունքը յուրաքանչյուր ուսանողի ունակությունների բացահայտմանը, ստեղծագործական հաջողությանը հայտնի է, և՝ աջակցությունը նույնպես: Ներկայացնելով արվեստի բուհի առանձնահատկությունները, նա նկատեց, որ երիտասարդները, ովքեր ընտրել են այս ասպարեզը, պետք է ունենան արվեստի ու արվեստագետի պատասխանատվության և առաքելության գիտակցում: Մասնագիտական որակյալ կրթությունից բացի, որ ուսանողներին տալիս է բուհը, այն առանձնանում է նաև միջավայրի, ստեղծված մթնոլորտի առումով, սա նաև ինչ-որ տեղ ավանդույթային է, երբ դեռ վաղուց դասախոս ուսանող հարաբերությունների մերձեցումը ստեղծագործական էր բնույթով: Նաև այս մասին էր ռեկտորի խոսքի շեշտադրությունը՝ որ ուսանողներին վերաբերվում է իբրև կոլեգաների:
Նա ներկայացրեց բուհի երկու՝ կերպարվեստի, դիզայնի և կիրառական արվեստի ֆակուլտետների դեկաններին՝ Էդիկ Վարդանյանին և Ավետիք Ավետիսյանին և ներկա ամբիոնի վարիչներին: Առաջին կուրսեցիներին ողջունեցին պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը, ռեկտորի օգնական Մեխակ Էլբակյանը, ուսխորհրդի նախագահ Մանե Մակյանը: Ավարտին վերջինիս և ուսխորհրդի անդամների ուղեկցությամբ նորեկները շրջեցին բուհում, ծանոթացան պայմաններին, եղան արվեստանոցներում, լաբորատորիաներում, գրադարանում:
Մելանյա Բադալյան