Նյու Յորքը հիշատակի տուրք է մատուցում Էնդի Ուորհոլին
Գեղարվեստի պատմության մեջ միայն մեկ Էնդի կա։ Նյու Յորքի Ամերիկյան արվեստի Ուիթնի թանգարանի բացառիկ «Andy Warhol – From A to B and Back Again» ցուցահանդեսը՝ նվիրված Էնդի Ուորհոլի ստեղծագործական ուղուն, գործելու է մինչև մարտի 31-ը։
Այն ապշեցուցիչ է. այցելուները հայտնվում են հատակից մինչ առաստաղ Ուորհոլի վադագույն և դեղին կովերով գունազարդված պաստառներներով պատված սրահում։ Կովերին գունային հարստությամբ չեն զիջում և ծաղկային «միջամտությունները»։ Ցուցահանդեսը հայտնություն է նաև Ուորհոլի արվեստի գիտակների համար։ Կազմակերպիչներին, մասնավորապես համակարգող Դոննա դե Սալվոյին, հաջողվել է ներկայացնել նկարչի անցած ողջ ուղին արտացոլող գործերը. վաղ շրջանի անզուգական կտավներից մինչ կոշիկների կոլլաժներն ու Մերիլին Մոնրոյի, Էլվիս Փրեսլիի, Մարլոն Բրանդոյի, Մաոյի դիմանկարները։
Այստեղ կարելի է գտնել նկարչի բազմաթիվ հարցազրույցները, կինոփորձերը, նրան նվիրված ֆիլմերը։ Եվ այս ամենը ներկայացված է յուրահատուկ հուզականությամբ, որն օգնում է նորովի գնահատել մեծ արվեստագետի ժառանգությունը։ Սրահներից մեկում, մասնավորապես, հանդիպակաց պատերին կախված են «63 սպիտակ Մոնա Լիզա»-ն և քողարկային նախշերով պատված «Խորհրդավոր ընթրիքը»։ Ցուցահանդեսի վերջին սրահում Ուորհոլի աբստրակտ կտավներն են, որոնք ասես բանավիճում են միմյանց հետ։
Նյու Յորքի Գեղարվեստի Ակադեմիայում մինչև մարտի տասը գործող մեկ այլ ցուցահանդես («By Hand, Drawings 1950s-80s») ներկայացնում է Էնդի Ուորհոլին որպես արհեստավարժ նկարչի։ Այստեղ հավաքված են նրա գրաֆիկական գործերը՝ ավելի քան 150 նկար մասնավոր հավաքածուներից։ Նկարները կազմակերպիչներին տրամադրել են դիլերներ Դանիել Բլաուն, Փոլ Քասմինը և Անտոն Կեռնը։ Դանիել Բլաուի հավաքածուն, ընդ որում, առաջին անգամ է ցուցադրվում ԱՄՆ-ում։
Այցելուների ամենասիրված նմուշներից է «Երկամյա Էնդի Ուորհոլը» ինքնանկարը, ուր մանուկի գլխարկի դերը թիթեռն է ստանձնել, իսկ ներքևում նկարիչը մակագրել է. «Ահա երկամյա Էնդին, որը մտահոգված նայում է ձեզ»։ «Թեև բոլոր գործերը տարբեր են, զանազան ոճերով, սակայն նրանց բոլորին միավորում է ուորհոլյան շունչը,- ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Վինսենտ Ֆրեմոնտը:- Կարծես չարաճճի, մանկական ոգի կա նրանց մեջ, միայն Ուորհոլին յուրահատուկ անծայրածիր ազատության ոգի»։