Սյուզաննա Մկրտչյանի գեղարվեստական էքսպրեսիան
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում բացված Սյուզաննա Մկրտչյանի գեղանկար աշխատանքների ցուցահանդեսը կրում է «Էքսպրեսիա» խորագիրը: Գունային վառ արտահայտված նկարներում ներդաշնակ մթնոլորտ է տիրում, գույնը առաջնային պլանում՝ որպես հիմնական արտահայտչամիջոց է դիտվում: Այնպիսի տպավորություն է, ասես ամեն ինչ շարժվում, փոփոխվում է, ու դա այդպես է, քանի որ նկարչուհին կտավին է փոխանցել իր ներքին վիճակների, զգացողությունների ամենատարբեր դրսևորումները, արձագանքները:
Ինքնանկարներում ստեղծված գեղարվեստական կերպարը ներկայանում է ներքին տարբեր վիճակներով՝ յուրաքանչյուր անգամ ի հայտ բերելով ոչ այնքան խարակտերային նոր գիծ, որքան՝ զգացմունքային մի շերտ, որ կերպարը փոխում, դարձնում է անճանաչելի, և շատ գրավիչ է: Նա ստեղծում է կերպարի ներքին պատմություն, որտեղ տրամադրությունների, զգացմունքների մի ամբողջ գամմա է արտահայտված: Որևէ աշխատանք՝ կոմպոզիցիա, դիմանկար, բնանկար և անգամ նատյուրմորտ պատկերված է շարժման մեջ, դրանք ունեն ներքին պատմություն, ընթացք («Սեր», «Կրքերը մեծ քաղաքում», «Տեսիլք», «Տագնապ», «Շարժում»): Ինքը՝ հեղինակը, ներկա է ամենուր. յուրաքանչյուր կերպար, գործողություն, զգացական վիճակ ապրված է՝ անհանգստություն, սպասում, սեր, վախ, դժգոհություն, հուզմունք՝ այսինքն կյանքն է իր բազմաելևէջումներով, ինչը նշանակում է շարժվել, փոփոխվել, ստեղծագործել:
Սյուզաննա Մկրտչյանը կերպարվեստի բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի է՝ Արամ Իսաբեկյանի և Արթուր Հովհաննիսյանի սանը: «Տաղանդավոր, շնորհալի արվեստագետ է, իր ուղին ունի, գեղեցիկի իր պատկերացումը, նա փնտրող է, նա իր գեղեցկությունն է փնտրում, որ շատ հետաքրքիր է: Նկարները առանձին, երբ ընթացքի մեջ են, այնպես չեն երևում, ինչպես այստեղ՝ ցուցահանդեսում»,- ասաց Արամ Իսաբեկյանը: Սյուզաննան մինչև ՀԳՊԱ ընդունվելը, սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի քոլեջում: Ինչպես նախկին ուսուցիչները, նաև ներկայիս ղեկավարները ընդգծեցին նրա աշխատասիրությունը, ներքին մղումը, ձգտումը, նկարչի ուժեղ զգացողությունը:
«Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ցուցահանդեսների բացման արարողությունները անցնում են միանգամայն անկաշկանդ, բաց մթնոլորտում, շնորհավորանք-մաղթանքներից զատ խորհուրդներ են տալիս, հարցեր են հնչում, զրույցի հնարավորություն է ստեղծվում: Այսպիսի մթնոլորտը ապահովում է հատկապես ռեկտորի անմիջականությունն ու վերաբերմունքը, ինչպես ինքն ասաց, անկեղծ ուրախանում է, երբ տաղանդավոր ուսանողի կամ կոլեգայի լավ աշխատանք է դիտում։
Ակնարկներ եղան ուսանողուհու կյանքային մի շարք դժվարությունների մասին, այդուհանդերձ, ինչպես Արթուր Հովհաննիսյանը նշեց, այդ խոչընդոտները չեն անդրադառնում նրա ստեղծագործության ո՛չ որակի, ո՛չ էլ քանակի վրա. «Նա իր ձեռագիրն ունի, անմիջապես տարբերվում է։ Ուրախ ենք, որ մեր ղեկավարությամբ է այդ քայլերն անում»: Արվեստագետը և կյանքը, ներսը և դուրսը. դրանք երկու հակադիր վիճակներ են, որ շատ հաճախ անհամատեղելի են և գրեթե միշտ, բոլոր ժամանակներում ուղեկցել են ստեղծագործող անհատին։ Արվեստագետը անցնում է, ապրում հակասության այդ ամբողջ դժվարությունը, ներքին՝ մյուսներից տարբերվող իր աշխարհը փորձելով գեղարվեստորեն արտահայտելի, հասկանալի դարձնել դրսին… «Կենցաղը, արվեստագետին խանգարող պահը բոլորս ունենք, ես նույնպես ունեմ: Բայց երբ այդ կրակը ներսում կա, դու չես կարող ազատվել դրանից: Ու դա լավ է, որովհետև դա փրկվելու մի ձև է, դա մի անկյուն է աշխարհի թոհուբոհից հեռու, որ կտրում է արվեստագետին: Արվեստը մեծ, վեհ բան է, որ տրվում է բախտավորներին, օժտվածներին: Ասում են դժվար է, նկարելը չարքաշ գործ է, սակայն դա մեծագույն հաճույք է: Սյուզին հաճույքի ճանապարհն է բռնել: Դու քո գործն արա, դժվարությունները կգան ու կանցնեն»,- հորդորեց Արամ Իսաբեկյանը։ Եվ սա հնչեց իրական ու համոզիչ, հատկապես իր բնութագրումի հակիրճ կոնտեքստում՝ «նա գեղեցկություն է փնտրում․․․»:
Մելանյա Բադալյան