Մանտենյայի և Բելլինիի ազգակցական կապերը
Լոնդոնի Ազգային պատկերասրահում այս օրերին անդրադառնում են Վերածննդի դարաշրջանի երկու վարպետների ազգակցական կապերին
Ցուցահանդեսն առաջին անգամ միավորել է Վաղ Վերածննդի երկու հսկայի՝ Անդրեա Մանտենյայի և Ջովաննի Բելլինիի կտավները, էսքիզներն ու գրաֆիկաները։ Նպատակը՝ ներկայացնել, թե լինելով ոչ միայն ժամանակակիցներ, այլև բարեկամներ, ինչպես են այս երկու նկարիչներն ազդել միմյանց արվեստի վրա։
Մանտենյան Պադուայից էր, հյուսնի որդի։ Բելլինին վենետիկյան հանրահայտ գեղանկարիչների դինաստիայի ներկայացուցիչ էր, Յակոպո Բելլինիի զավակն ու Ջենտիլեի եղբայրը։ Նրանց կենսագրությունների հատման կետը 1453 թվականն է, երբ Մանտենյան ամուսնանում է Յակոպոյի դստեր և Ջովաննիի ու Ջենտիլեի քրոջ՝ Նիկոլոզիայի հետ։ Ընդ որում այդ ամուսնությունը շահավետ էր ավելի շատ Բելլինիների համար, որոնք, շնորհիվ Մանտենյայի բացառիկ տաղանդի, էլ ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն ու փակեցին մրցակցության հարցը վերջինիս հետ։
Ինչ վերաբերում է ազդեցություններին, խոսքն այստեղ Մանտենյայի և Ջովաննի Բելլինիի մասին է, որոնք, ցուցահանդեսի համակարգող Քերոլայն Քեմփբելի խոսքերով, միաժամանակ ազդում էին մեկը մյուսի վրա։
Մենք այս երկու գեղանկարիչների փոխկապակցվածության վրա լույս սփռող փաստացի տվյալներ չունենք, սակայն պարզ է, որ այդ կապը շատ ամուր է եղել։ Բելլինին պատճենում էր Մանտենյայի կտավները, իսկ վերջինս Բելլինիի նորարարական արվեստի ազդեցության տակ էր գտնվում»,- ասում է Քեմփբելը։
Թեև Մանտենյայի կենսագրությունն անքակտելիորեն կապված է Մանտուայի հետ, ուր նա աշխատում էր դուքս Գոնզագայի հովանավորության ներքո, ակնառու է, որ նրա կապը Վենետիկում ապրող աներձագի հետ երբևէ չի խախտվել։ Մանտենյան կոմպոզիցիայի և սյուժեների, հին հռոմեական արվեստի մեծ գիտակ էր, որի դասական նկարն անտիկ ժամանակների գործերից է փոխառված։ Բելլինին վենետիկյան դպրոցի ներկայացուցիչ էր, անզուգական գունային լուծումներով բնանկարի մեծ վարպետ։ Նա առաջինն էր, ով, ըստ Քեմփբելի, «օգտագործեց բնանկարը՝ հաղորդելու համար էմոցիոնալ վիճակը»: Նա, ինչպես և Մանտենյան, լայնորեն անդրադառնում էր կրոնական և առասպելական սյուժեներին, սակայն Մանտենյան ստեղծում էր մոնումենտալ գործեր, իսկ Բելլինին՝ կամերային, մասնավոր պատվիրատուների համար։
Բելլինին հաճախ կրկնօրինակում էր Մանտենյային, ինչպես «Տաճար բերելը» կտավի դեպքում։ Նաև իր հերթին ազդում էր Մանտենյայի արվեստի վրա, մանավանդ բնանկարի պատկերման դեպքերում։ Այսպես, Մանտենյայի «Կույս Մարիամի մահը» կտավում (1462) բնանկարը պատկերված է Բելլինիի բացառիկ ազդեցությամբ։
«Ո՞վ է նրանցից առավել տաղանդավոր՝ դա հռետորական հարց է,- գտնում է Քերոլայն Քեմփբելը։- Մանտենյան նոր կյանք տվեց դասական անտիկ արվեստին, հեռանկարի չգերազանցված վարպետ էր։ Բելլինին, իր հերթին, բնանկարի, գույնի և լույսի իսկական հրաշագործ էր»։