Հունիսի 1-ը՝ ակադեմիայի ցուցասրահում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ավանդական միջոցառումների մեջ առանձնանում է երեխաներին նվիրված տոնը: Այդ օրը ակադեմիայի աշխատակիցները փորձում են հնարավորինս հաճելի անակնկալներ մատուցել փոքրիկներին: Հունիսի 1-ին քաղաքի մթնոլորտը փոխված էր, մեծահասակները երկրորդական պլան էին մղվել՝ իրենց խճճված, բարդ մտքերով ու խնդիրներով. օրը երեխաներինն էր:
ՀԳՊԱ-ի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ևս տարբեր էր մթնոլորտը, ցուցահանդեսի հեղինակները երեխաներն էին՝ իրենց բնորոշ անսովոր, հետաքրքրական, հեքիաթային աշխարհով, վառվռուն գույներով: Ցուցահանդեսը նաև հոբելյանական էր: Արդեն տասը տարի ակադեմիայի արհեստակցական կազմակերպության նախագահ Նորա Կարապետյանի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ցուցասրահի տնօրեն Իրինա Իսաբեկյանի և աշխատակից Լիանա Խաչատրյանի հետ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված կազմակերպվում է նմանաբնույթ ցուցահանդեսներ՝ բուհի աշխատակիցների երեխաների, թոռնիկների մասնակցությամբ։ Ստեղծվում է տոնական ուրախ մթնոլորտ ու տրամադրություն, հաճելի անակնկալներ են մատուցվում երեխաներին՝ փուչիկներ, քաղցրավենիք ու նվերներ՝ գրենական պիտույքներ և այլ։
Այս անգամ փոքրիկներին սպասվում էր մեկ այլ նվեր ևս՝ Աննա Իսաբեկյանի «Փիսոն» նկարազարդ մանկական գիրքը: Փիսոյի կերպարը հետաքրքրական մտահղացում է, այն շարունակական է լինելու, յուրաքանչյուր անգամ նա հայտնվելու է երեխաներին մի նորությամբ, նոր արկածով ու տրամադրությամբ: Փիսոն, որ ապրում է սեփական երազների ու մտքերի աշխարհում, այս անգամ վատ երազի մեջ է հայտնվում: Առաջին գիրքը այդպես էլ վերնագրված է՝ «Փիսոն վատ երազ է տեսնում»: Գիրքը նվեր ստացած երեխաները թերևս փորձեն մխիթարել նրան:
Մելանյա Բադալյան