Դիզայներական մոտեցումներ՝ մարդու և միջավայրի ներդաշնակության
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում Դիզայն կրթական ծրագրի ուսանողների երեկ բացված «Պրոդուկտ՝ ինտերիեր դիզայն» ցուցահանդեսը, որի բավական մասը կազմում էին առաջին կուրսեցիների աշխատանքները, ՀԳՊԱ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը գնահատեց որպես Դիզայնի ամբիոնի աշխատանքի լավագույն դրսևորում և տարիների ընթացքում ծրագրային բարեփոխումների արդյունք։ Նա հույս հայտնեց այսպիսի ցուցադրությունների հաճախակիացման, պարբերական բնույթ կրելու և ավանդական դառնալու, ինչպես դա Դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստի ֆակուլտետի Գծանկարի և գունանկարի ամբիոնն է անում՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտին հաջողված աշխատանքները ներկայացնելով հանրային դիտման։ Սա նաև այն առավելությունն ունի, որ թույլ է տալիս ուսանողներին ծանոթանալու զուգահեռ մասնագիտություններում կատարվող փոփոխություններին, նորություններին։
Դիզայնի ամբիոնի վարիչ Ստեփան Գյուլխասյանը գոհունակությամբ գնահատեց կատարված աշխատանքը, շնորհակալությամբ թե մասնակից, թե չմասնակցած ուսանողներին, նկատելով, որ առաջին կուրսի ուսանողները չորրորդ կուրսի մակարդակի որոշակի բաներ գիտեն։
Ցուցադրությունը հանգամանալի ներկայացրին աշխատանքները ղեկավարած դասախոսներ Լուսինե Պետրոսյանը, Լիլի Արսենյանը և Արշակ Արշակյանը՝ բնութագրելով այն մասնագիտական ընդհանուր գծերով։ Ասվեց, որ աշխատանքների միայն այն մասն է ցուցադրված, ինչը համապատասխանում է ցուցահանդեսի ձևաչափին, մի շարք որակյալ գործեր, հեղինակների՝ երկրում չլինելու պատճառով, հնարավոր չի եղել ներկայացնել։
Տրվեցին նկարագրություններ կատարված աշխատանքների բնույթի և ընթացքի մասին. առաջադրանքները կատարվել են նախապես ուսումնասիրելով միջավայրը, բնության ֆորմաները, գունային համադրությունների հարմոնիան, կատարվել են ներքին միջավայրի դեկորների էսքիզներ՝ տեսական գիտելիքները պրակտիկայում կիրառելու սկզբունքով։ Արդյունավետ են իրագործվել նաև թիմային ծրագրերը. Ինտերիեր դիզայն կրթական ծրագրի ուսանողների հետ թղթի վերամշակման, դեկորների ստացման և այլ աշխատանքների ընթացքում օգտագործվել են բնական ռեսուրսներ, ստացել են տարբեր նյութեր։
Աշխատանքները սկսվել են զրոյական կետից, մտավախությունը, տարակուսանքները, թե մեկ կիսամյակում կհասցնեն արդյոք ավարտել, փարատվել են բավական արագ՝ ուսանողների ոգևորության, ջանասիրության, նախաձեռնության, համարձակութան, նոր ռեսուրսներ փնտրելու կամքի շնորհիվ։
Ներկայացված մի քանի աշխատանքներ լրացվում էին մեկնաբանող տեքստերով։ Մասնագիտական մոտեցումներում կարևորությունը տրված էր տվյալ միջավայրում մարդու հարմարավետության գաղափարին՝ համապատասխան այսօրվա նրա պահանջմունքներին, զանազան ֆորմաների, գունային լուծումների ընտրությունը կատարել մարդու հաճույքի զգացումները բավարարելու սկզբունքով։ Եվ իհարկե՝ էկոլոգիական խնդիրները հաշվի են առնվում նախևառաջ։
Մելանյա Բադալյան