Հայ և ճապոնացի լուսանկարիչների աշխատանքները` Հայկական առաջին ֆոտոփառատոնին
Երևանի կենտրոնում՝ ավելի քան 38 ցուցահանդեսային հարթակներում, այս օրերին անցկացվում է Հայկական լուսանկարչական միջազգային առաջին փառատոնը, որի մեկնարկն օգոստոսի 24-ին էր: Մոտ քսան երկրի հայտնի լուսանկարիչներ իրենց աշխատանքները ներկայացրել են փառատոնի շրջանակում, որն աչքի է ընկնում ոչ միայն հետաքրքիր ցուցահանդեսներով, այլև վարպետության դասերով, նկարիչների հետ հանդիպում-քննարկումներով և այլն: Սեպտեմբերի 3-ին, Հայաստանի գեղարվեստի ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ճապոնացի լուսանկարիչներ Շոթա Նագասեի, Ջուն Սատոյի և ֆրանսահայ նկարիչ Դավիթ Ապիկյանի աշխատանքների ցուցահանդեսի բացումն էր:
Ներկայացված աշխատանքների թիվը մեծ չէր, բայց դրանցից յուրաքանչյուրն այնպիսի միտք ու ձգողականություն ուներ, որ կարելի էր անվերջ նայել և ուսումնասիրել՝ նորանոր բացահայտումներ անելով: Թեև ցուցահանդեսը բաց էր դեռևս օգոստոսի 24-ից, սակայն պաշտոնական շնորհանդեսը նախատեսված էր սեպտեմբերի 3-ին, որպեսզի ակտիվ մասնակցություն ունենան նաև Գեղարվեստի ակադեմիայի ուսանողները: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել միջոցառմանը, լուսանկարել հյուրերին, ինչպես նաև զրուցել փառատոնի հեղինակ և կազմակերպիչ Տաթև Մնացականյանի հետ:
Նա նշել է՝ քանի որ ինքն էլ լուսանկարիչ է և հաճախ է մասնակցում արտասահմանում կազմակերպվող փառատոների, միշտ հարց է առաջացել, թե ինչու Հայաստանում էլ չեն կազմակերպվում նման միջազգային ֆոտոփառատոներ: Ի վերջո որոշել է հենց ինքը մշակել նախագիծն ու կազմակերպել մեր երկրում միջազգային առաջին ֆոտոփառատոնը: Ասում է՝ դժվարությունները շատ են եղել, սակայն եթե կա ցանկություն և լավ մարդկանցից բաղկացած աշխատանքային թիմ, ապա անհնարին ոչինչ չկա:
«Երբ ուսումնասիրում ես լուսանկարչության համաշխարհային պատմությունը, կարդում ես տարբեր երկրների անվանի լուսանկարիչների մասին, հասկանում ես, որ նրանց մեծ մասը հայեր են եղել, ովքեր աշխատել են նույնիսկ պետությունների ղեկավարների հետ: Եվ այս դեպքում ցավալի է, որ ոչ միայն դեռևս չունենք լուսանկարչության թանգարան, այլև երբևիցե չեն կազմակերպվել ֆոտոփառատոներ: Սա մեր առաջին քայլն էր այդ ուղղությամբ և հուսով ենք` հաջորդ տարիներին ավելի մեծ կլինի մասնակցությունը ոչ միայն արտերկրից, այլև հենց Հայաստանից»,- ասաց Տաթևը:
Նա նշեց, որ փառատոնի ցուցահանդեսային հարթակների թվում են Երևանի քաղաքապետարանի շենքը, Ազգային ժողովի այգին, Հյուսիսային պողոտան, մետրոյի կայարանները, թանգարանները, պատկերասրահները, սրճարանները և այլն: Հատկանշական է, որ փառատոնը տևելու է ոչ թե, օրինակ, մեկ շաբաթ կամ տասն օր, այլ ավելի քան մեկ ամիս`մինչև սեպտեմբերի 28-ը: Մասնակից լուսանկարիչներ կան Հայաստանից, Իսպանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Շվեյցարիայից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Իրանից, Իրաքից և այլ երկրներից: Լայնորեն ներկայացված են հատկապես իսպանացի լուսանկարիչ Անտոնիո Մորայի աշխատանքները`ցուցադրված լինելով ավելի քան հինգ տարբեր հարթակներում:
Նախագծի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ պաշտոնական կայքէջում և փառատոնի ֆեյսբուքյան էջում:
Bravo.am