Մտազգացական երկու աշխարհ
«Զուգահեռ աշխարհներ» խոսուն, բազմիմաստ խորագիրը յուրաքանչյուր մտածող մարդու տրամադրում է մտային տարբեր ճամփորդությունների՝ զգալու ժամանակների միջև տարբերություններ ու կապեր, երևակայորեն հասնելու ամենաառեղծվածային ու անհավական իրականությունների, հայտնվելու նոր զգացական վիճակների մեջ, տեսնելու աչքի համար անորսալի իրականություններ՝ զուգահեռ եղածին և կամ դրա կողքին՝ հնարավոր միայն ներքին հայեցողությամբ։ Նկարչից, քանդակագործից դրա վերարտադրումը տեխնիկական հնարքներից բացի պահանջում է չափից ավելի զգայնություն և զարգացած երևակայություն։
Զաքար Դեմիրճյանը իր մի քանի աշխատանքների մեջ անորսալի իրականությունը կարողացել է մարմնավորել որպես միրաժ՝ սև սպիտակի համադրությամբ։
Նրա նկարներում ակնհայտ է արվեստագետի վերաբերմունքը ինչպես անցյալին, նույնպես ներկա իրականությանը, որտեղ դիտողի հայացքը բավական սուր բախվում է սոցիալական, քաղաքական, հոգեբանական խորքային խնդիրների։ Մարդու թաքնված կողմերի, հոգու մութ ծալքերի, նրանց միջև խրթին հարաբերությունների ընդգծված արտահայտություններ են համակարգչային գրաֆիկ գործերը՝ նախասրահում ցուցադրված։ Ամբոխի ինքնուրույն մտածելու, վերլուծելու ունակությունը կորցնելու կամ մարդկային մտքի դեգրադացման բավական տպավորիչ պատկեր է ներկայացված նկարներից մեկում։
Մեծադիր մի կտավ՝ մարդկային ամեն ինչը ոչնչացնող, սպանող զգացման՝ վախի ազդեցիկ արտահայտություն է շրջանաձև կուտակված կիսախելագար ամբոխի և դրա կենտրոնում «հաղթանակած» յաթաղանակիր հրոսակախմբի արյունարբու, գազանային պատկերը… Նկարը կխորագրեի «Վախը… »։
Որոշ աշխատանքներում շոշափում ես կյանքից անդին այլ աշխարհի գոյության զգացողություն՝ չհատվող, չզուգահեռվող այս աշխարհի հետ, լոկ հավատի վրա խարսխված։ Սրա մասին հուշում է Ֆրանց Կաֆկայի՝ մի նկարատակի խոսքերը. «Նա, ով գիտակցել է կյանքի ողջ լիությունը, չգիտի մահվան վախը։ Մահվան վախը միայն անկատար կյանքի արդյունք է։ Կյանքի իմաստը նրանում է, որ այն ունի իր ավարտը»։
Նկարների հարևանությամբ, կամ նրանցով ամփոփված տարածքում Սարգիս Բաբայանի քանդակային աշխատանքները ձայնակցում, ամբողջացնում են նախորդ հեղինակի ասելիքը։ Կերպարներ՝ թաղված միստիկ լռության մեջ, միֆական բնույթ հաղորդող տարօրինակ գլխահարդարանքներով զարդարված ֆիգուրներ, ընդգծված հաստատուն կեցվածքով՝ կանգնած թե նստած։ Ամենաուշագրավը վերջույթներն են՝ ոտնաթաթերը մի փոքր առաջ եկած, շատ խոսուն ձեռքեր, տարբեր դիրքերով՝ «շարժուն» ու իմաստակիր, որ լրացնում են կերպարների չնշմավորվող դեմք ու դիմագիծ։ Որոշ քանդակներ իրենց կեցվածքի հանդարտ խստությամբ ու խորհրդավորությամբ տանում են դեպի անցյալ, դեպի խոր միջնադար. մթնոլորն է այդպիսին։
Նկարների ու քանդակների միջև ներքին իմաստային զուգահեռներ կարելի է տանել հետևյալ ընդհանրությամբ. հեղինակները դիտողին խորհելու, մտածելու, երևակայելու, ինչու չէ նաև ինքնաորոնման են մղում։ Մի կողմ թողնել ես սկսում ցուցասրահի պատերից այն կողմ ընթացող սովորական կյանքը, քաղաքային առօրյա միջավայրը՝ այլևս անհետաքրքիր… Ահավասիկ արվեստագետի առավելությունը՝ ստեղծելու նոր աշխարհ, իր վերաբերմունքը այլաբանության լեզվով ներկայացնելու ուժը՝ բաց, անգունազարդ՝ մարդկային ապրումների, տագնապների, վախերի, նաև երազի ու երևակայության, և սրանց միջակայքում՝ կոշտ իրականության միջնատարածքի փոքրիկ, թափանցիկ մի անկյունում ամփոփված լույսը, նրբանուրբ քնարական լարերը…
Այսպիսի զգացողությունների տեղիք տվեց «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցարահում երեկ բացված ցուցահանդեսը, որի մասնակից երկու հեղինակները ավարտելով Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան՝ շարունակում են մնալ այնտեղ, այժմ արդեն դասավանդելով։
Ուսանողների աշխատանքներից բացի դասախոսների գործերի ցուցադրության կարևորության ու անհրաժեշտության մասին բացման խոսքում ընդգծեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Մկրտիչ Այվազյանը։ Արամ Իսաբեկյանի հիշողության մեջ տպավորված են մնացել ուսանողական շրջանի նրանց աշխատանքները՝ տարբեր ցուցահանդեսների ակտիվ մասնակցությամբ, հաջողված դիպլոմային գործերով, ինչն էլ երաշխիքն է եղել հավատալու արվեստագետի՝ նրանց հեռանկարային լինելուն։ «Պրոֆեսիոնալ մակարդակի աշխատանքներ է ներկայացրել Սարգիս Բաբայանը։ Ակադեմիայում նրանց դասավանդումը նաև մեր ցանկություններ է եղել։ Զաքարի ակտիվությունը, նոր արտահայտչամիջոցներ որոնելու ձիրքը դեռ ուսանողական տարիներից էր երևում, ցուցադրված աշխատանքների մի մասը դիպլոմային գործեր են։ Երբ նա ցանկություն հայտնեց գրաֆիկայի ամբիոնում դասավանդելու, սիրով համաձայնեցինք, որովհետև բոլոր նորարարությունները, որ կարող են օգտակար լինել ուսանողներին, խրախուսանքի են արժանանում, և մենք բաց են դրանց նկատմամբ»,- նշեց Իսաբեկյանը։
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի շնորհավորանքն ուղղված վաղուցվա արվեստակից ընկերներին, անկեղծ էր ու ջերմ։ Նա հիշեցրեց անցած նոյեմբերին Նկարիչների միությունում բացված Սարգիս Բաբայանի ցուցահանդեսը՝ կարևորելով հեղինակի որոնող, միշտ նոր ասելիքով հանդես գալու մղումը, տաղանդը։ Եվ քանի որ երեկվա օրը նշանավորվում էր գիրք նվիրելու ավանդույթով, նա իր վերաբերմունքն արտահայտեց այդ կերպ։
Արվեստագիտական ամփոփ վերլուծությամբ ու գնահատականով ցուցահանդեսի բացման արարողությունն ավարտեց արվեստաբան Գայանե Պողոսյանը։
Մելանյա Բադալյան