«Էսքիզներ»
Ցուցահանդես՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի օրերին
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին նվիրված միջոցառումները, որոնք սկիզբ առան անցած տարի աշնանը, Երևանում, Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում, շարունակվում են: Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների «Էսքիզներ» ցուցահանդեսը նվիրված է այս հիշարժան իրադարձությանը: Միջոցառումն իրականացվել է՝ կազմակերպությամբ հագուստի մոդելավորման բաժնի, միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Հովհաննես Թաջիրյանի:
Այսպիսի ծրագրի առաջարկով Մերի Պատվականյանը դիմել է հագուստի մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Նունե Աղբալյանին, որն էլ մտահղացել է «Ֆրանսիական էսքիզներ» ցուցահանդեսի ուղղվածությունը, ներկայացրել ամբիոնի վարիչ Հայկ Փայասլյանին, և ստացել համաձայնություն։ Ծրագիրը մրցութային է, ղեկավար՝ Նունե Աղբալյան: Ներկայացված աշխատանքները՝ կանացի հագուստի տարատեսակ մոդելներ, կառուցված են ֆրանսիական միջավայրին, մշակույթին բնորոշ և նշանավոր վայրերի դետալներով, տարրերով, ինչպես Փարիզի Աստվածամոր տաճարը, Էյֆելյան աշտարակը, հայտնի նկարիչների գործերի դրվագներ և այլ:
Ցուցահանդեսի բացմանը հրավիրված էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի հարցերով կցորդ Նատալյա Ցագրիսը և կրթության գծով նրա օգնական Շառլոտ Վեհենը: Ողջունելով մասնակիցներին և հյուրերին՝ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն ասաց, որ էսքիզներն արված են ֆրանսիական շնչով, նուրբ ճաշակով, և հույս հայտնեց դրանց հետագա իրագործմանը: Նատալյա Ցագրիսը շնորհակալություն հայտնեց հրավերի համար, ասաց, որ էսքիզները բացահայտում են ուսանողների տաղանդը, նաև որ դժվար կլինի լավագույն գործի ընտրությունը: Աշխատանքների դիտումից հետո նրանք ընտրեցին լավագույն երեք մասնակցին՝ բակալավրի 3-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Սարգսյան, Սոնա Պողոսյան և Վերա Մխիթարյան:
Բոլոր մասնակիցներին կտրվեն պատվոգրեր:
Մելանյա Բադալյան