Աշխատանքային այց Գրացի համալսարան
Մարտի 12-13-ին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի անձնակազմը INCLUSION ծրագրի շրջանակներում աշխատանքային այցով մեկնել էր Ավստրիա՝ Գրացի համալսարան: Այցի հիմնական նպատակն էր ամփոփել ծրագրով մինչ այժմ իրականացված աշխատանքները և ձեռք բերված արդյունքները:
Երկօրյա այցի ընթացքում ծրագրի գործընկերները ներկայացրեցին «Դասավանդման և ուսումնառության ներառական մեթոդաբանության ուղեցույցը»՝ ընդգծելով այն հիմնական դրույթները, որոնք տեղ են գտել փաստաթղթում: Հայաստանի և Բոսնիա և Հերցեգովինայի ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին ներառական բարձրագույն կրթության ուղենիշի նախնական տարբերակը՝ քննարկելով այն եվրոպացի գործընկերների հետ:
Աշխատանքային այցի շրջանակներում INCLUSION ծրագրի համակարգող խումբն իրականացրեց մոնիթորինգ ծրագրի անդամ բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ հասկանալու ձեռք բերված արդյունքները, ինչպես նաև ծանոթանալու հետագա միջոցառումներին, որոնք միտված կլինեն ծրագրի նպատակների արդյունավետ իրականացմանը:
Ավարտին, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան, լինելով INCLUSION ծրագրի համակարգող բուհ, ներկայացրեց ծրագրի ֆինանսական կառավարման վերաբերյալ հիմնական սկզբունքները, ինչպես նաև անդրադարձավ ծրագրի պաշտոնական փակման միջոցառման կազմակերպչական աշխատանքներին, որը տեղի կունենա սեպտեմբերին Երևանում: