Ծրագիրը միտված է ստեղծել այնպիսի կրթական միջավայր, որտեղ կհամատեղվեն ինտերիերի և ներքին առարկայական միջավայրի նախագծման ու իրականացման, մեթոդական և փորձնական, փիլիաոփայության, արվեստի, տեխնիկայի ու տեխնոլոգիայի և տվյալ ոլորտի հետազոտության բաղադրիչները։
Աշխատանքը լաբորատորիաներում
Լաբորատորիաներում և դիզայն ստուդիաներում Ինտերիերի դիզայնի ուսանողներին հնարավորություն է ընձեռնված ստացած մասնագիտական գիտելիքը կիրառել գործնականում։ Օգտագործելով գծանկարներն ու ճեպանկարները, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմը՝ նրանք իրականացնում են ամբողջական նախագծեր բացահայտելու աշխատաշուկայի գործնական պահանջները և պլանավորելու հետագա գործունեության շրջանակը:
Պրոֆեսորադասախոսական և վարչական կազմը
Կրթական ծրագրի հաջող և արդյունավետ իրականացումը ապահովում է ոլորտում առաջատար և մասնագիտական որակներ ունեցող պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմը: Կրթական ծրագրում դասավանդում են ոլորտում երկար տարիների փորձ ունեցող պրոֆեսորներ, մասնագիտական որակներ ունեցող երիտասարդ դասախոսներ, ինչպես նաև աշխատաշուկայում առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կրթական ծրագրի շատ մոդուլներ անցկացվում են հրավիրյալ մասնագետների և պոտենցիալ գործատուների անմիջական մասնակացությամբ:
Շրջանավարտները
Ինտերիերի դիզայն կրթական ծրագրի շրջանավարտներն այսօր իրենց գործունեությունն են ծավալում մասնագիտական և հարակից ոլորտներում: Նրանցից ոմանք հիմնել են սեփական գործը, շատերն էլ աշխատում են առաջավոր ընկերություններում ու ստարտ-ափերում:
Բակալավրի կրթական ծրագիր (4 տարի, 240 կրեդիտ)
«Ինտերիերի դիզայն» բակալավրի կրթական ծրագրի առաքելությունն է պատրաստել բարձր որակավորմամբ մրցունակ մասնագետներ, որոնք հաջողությամբ գործունեություն կծավալեն ինտերիերի դիզայնի ոլորտում և իրենց մասնագիտական գործունեությամբ կխթանեն հասարակության լայն շրջանակներում ոլորտի կարևորության վերաբերյալ ժամանակակից պատկերացումների ձևավորումը:
Ուսումնառության վերջնարդյունքները
«Ինտերիերի դիզայն» բակալավրի կրթական ծրագիրը հաջող ավարտելիս շրջանավարտը պետք է.
1. Տիրապետի ինտերիերի նախագծման հիմունքներին, կարողանա ստեղծագործական լուծումներ տալ՝ դրսևորելով սպառողի՝պատվիրատուի պահանջների դուրսբերման, ինֆորմացիայի հավաքագրման, վերլուծական, քննադատական, այլընտրանքային լուծումների առաջադրման, արդյունքների գնահատման կարողություններ։
2. Իմանա նախագծերի հաջող իրականացման համար անհրաժեշտ՝ միմյանց հաջորդող կարևորագույն գործընթացները և բաղադրիչ տարրերը, սեփական նախագիծը ճիշտ ներկայացնելու ձևերը:
3. Ծանոթ լինի ճարտարապետության և ինտերիերի դիզայնի պատմությանը, կիրառվող ոճերին: Տիրապետի ինտերիերի ճարտարապետա-շինարարական առանձնահատկություններին և տարածքի պլանավորման սկզբունքներին և կարողանա ճիշտ լուծում տալ առաջացած խնդիրներին:
4. Տիրապետի տարբեր աղբյուրներից տեղեկատվության վերհանման ճիշտ գործիքակազմին և անհրաժեշտ հմտություններին՝ ելնելով առաջադրված կամ ինքնորոշված նախագծային խնդիրների բնույթից, կարողանա քննադատաբար վերլուծել և դասակարգել տեղեկատվությունը:
5. Կարողանա ճիշտ լուսավորություն ստեղծել ցանկացած տարածքում: Տիրապետի գույների հոգեբանությանը և ինտերիերում դրանց օգտագործման առանձնահատկություններին, ունենա գույնի ճիշտ օգտագործման հմտություններ:
6. Տիրապետի տեղեկատվությունը մասնագիտական և ոչ մասնագիտական լսարանին գրավոր, բանավոր ու պատկերային ներկայացնելու հնարավոր ձևերին, կարողանա պաշտպանել ու փաստարկների միջոցով հիմնավորել առաջադրված կամ ինքնորոշված նախագծային խնդիրների լուծման համար ընտրված անհրաժեշտ քայլերն ու գործողությունները:
7. Տեղեկացված լինի ինտերիերում օգտագործվող ժամանակակից նյութերին և դրանց արտադրությանը, կարողանա գաղափարները ներկայացնել երկտարածական և եռաչափ գրաֆիկական ձևաչափերով՝ կատարված թե ձեռքով, և թե համակարգչային նորագույն ծրագրերով:
8. Միավորելով ձեռք բերված մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում՝ կարողանա իրականացնել մարդու կյանքն առավել հարմարավետ դարձնելուն միտված և նրա շրջակա միջավայրի նոր պահանջներին համապատասխան նախագծեր:
9. Ունենա պատվիրատուի հետ արդյունավետ շփվելու ունակություն, տեղեկացված լինի շփման հոգեբանական առանձնահատկություններին: Կարողանա հեշտությամբ համագործակցել միևնույն նախագծի շուրջ աշխատող տարբեր մասնագետների հետ:
10. Կարողանա ստեղծել և վերարտադրել վիզուալ ուղերձներ: Ներկայանա որպես ինքնուրույն, պրոֆեսիոնալ դիզայներ, որն ունի ազգային, համամարդկային մշակութային և մասնագիտական արժեքների հենքի վրա մշտապես զարգանալու պատրաստակամություն` շարունակաբար խորացնելով ընկալելու, վերլուծելու և ստեղծագործական լուծումներ տալու և պատվիրատուների, գործընկերների հետ հմտորեն համագործակցելու ունակություններ:
Կրթական միջավայր
ՀԳՊԱ-ն ստեղծել է յուրահատուկ միջավայր, որը թույլ է տալիս դասավանդումը համակցել գործընկերային ուսուցման հետ, ուսանողներին ցուցաբերել անհատական մոտեցում՝ նպաստելով ներառական պայմանների և ակադեմիական մշակույթի ձևավորմանը:
«Ինտերիերի դիզայն» կրթական ծրագրում ուսումնական գործընթացը առանձնանում է շարունանական, փորձառնական և ինտերակտիվ դասավանդման և ուսումնառության մեթոդներով՝ միավորելով ակադեմիական ավանդականը ժամանակակից մոտեցումների հետ: ՀԳՊԱ-ում ստեղծված են համապատասխան պայմաններ տեսական գիտելիքը կիրառել լաբորատոր պայմաններում՝ աշխատելով իրական նախագծերի շուրջ, որոնք կզարգացնեն ու կամրապնդեն հետազոտական կարողությունները, թիմում աշխատելու հմտությունները, ինչպես նաև ստեղծագործական, քննադատական և դիզայն մտածողությունը:
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ինքնուրույն ուսուցմանը, որը նոր հորիզոններ է ստեղծում ուսանողների համար կայանալու որպես անհատ դիզայներ և աշխատելու դիզայնի և արվեստի, ինչպես նաև հարակից ոլորտների տարբեր ներկայացուցիչների հետ:
Ուսումնական պլանը (2021-2022 ուս. տարի)
«Ինտերիերի դիզայն» կրթական ծրագրի դասավանդումն ու ուսումնառությունը իրականացվում է լսարաններում, լաբորատորիաներում, դիզայն ստուդիաներում: Ժամանակակից տեխնոլոգիական մոտեցումներին ու լավագույն ավանդույթներին ուսանողներին ծանոթացնում և ուղղորդում են պրոֆեսիոնալ դասախոսական կազմը, որոնք համակցում են դասընթացները ոլորտում հրավիրյալ մասնագետների վարպետաց դասերի հետ:
I տարի
Ուսուցման առաջին տարին միտված է ծանոթացնելու մասնագիտության բովանդակությանը՝ ուսանողներին հնարավորություն տալով ձեռք բերել դիզայնի և մասնավորապես ինտերիերի դիզայնի վերաբերյալ առաջնային տեսական ու գործնական գիտելիք և հմտություններ:
II տարի
Ուսուցման երկրորդ տարին միտված է խորացնելու և զարգացնելու արդեն իսկ ձեռքբերված գիտելիքներն, ինչպես նաև ձևավորելու և հմտացնելու ուսանողների տեխնիկական մասնագիտական կարողությունները՝ փոխանցելով նյութերի և արտադրական տեխնոլոգիաների վերաբերյալ խորը և համապարփակ գիտելիք և հմտություններ: Այս տարվա ավարտին ուսանողները կիրականացնեն իրենց առաջին նախագիծը:
III տարի
Ուսուցման երրորդ տարին ուսանողներին հնարավորություն կտա զարգանալ որպես թիմային աշխատող: Այստեղ նրանք ձեռք կբերեն ինտերիերի դիզայների համար կարևոր վերլուծական և հետազոտական գիտելիքներ և կտիրապետեն դրա համար անհրաժեշտ գործիքակազմին:
Տվյալ մակարդակը հնարավորություն է տալիս ուսանողին ինտեգրվել աշխատանքային միջավայր, աշխատել իրական շուկայի պահանջներից բխող նախագծերի շուրջ:
IV տարի
Ուսուցման չորրորդ տարում ուսանողները կաշխատեն նախապես սահմանված և առաջադրված ավարտական աշխատանքի շուրջ, որն ուղղորդելու է ղեկավար դասախոսը: Ավարտական տարում ուսանողները կիրականացնեն սեփական ամփոփիչ նախագիծը՝ հաշվի առնելով աշխատանքի համար անհրաժեշտ ու կարևոր բոլոր շրջափուլերը:
Մոդուլները
I տարի
- Մասնագիտական ներածություն
- Արվեստի պատմություն
- Նկարչություն 1
- Հայոց պատմություն/Տրամաբանություն
- Մասնագիտական գծագրություն և թվային գործիքակազմ
- Նկարչություն 2
- Ժամանակակից արվեստի և դիզայնի պատմություն
- Հաղորդակցություն 1
II տարի
- Բնապահպանություն և կայուն դիզայն
- Վերլուծական ճեպանկար
- Հաղորդակցություն 2
- Նյութեր, հանգույցներ և տեխնոլոգիա 1
- Նյութեր, հանգույցներ և տեխնոլոգիա 2
- Վիզուալ ներկայացման մեթոդներ և գործիքակազմ
- Եռաչափ թվային մոդելավորում և նախատիպ 1
- Դիզայն ստուդիա 1
- Կամընտրական դասընթացներ 1
III տարի
- Եռաչափ թվային մոդելավորում և նախատիպ 2
- Շուկայագիտության հիմունքները ինտերիերի դիզայնում
- Միջոլորտային նախագիծ
- Բրենդավորում
- Նախագծի կառավարում
- Դիզայն ստուդիա 2
- Կամընտրական դասընթացներ 2
- Կամընտրական դասընթացներ 3
IV տարի
- Ակադեմիական գրագրություն և բարեվարքություն
- Ավարտական աշխատանքի նախապատրաստում
- Կամընտրական դասընթացներ 4
- Քաղ. պաշտպանություն/Փիլիսոփայություն
- Ավարտական ամփոփիչ աշխատանք
Կամընտրական դասընթացներ
Կրթական ծրագրի բոլոր ուսանողները ուսման երկրորդ տարվա երկրորդ կիսամյակից հնարավորություն ունեն ընտրելու մասնագիտական խորացված կամ հարակից ոլորտների դասընթացներ, որոնք կզարգացնեն ընդհանրական և ոլորտին հատուկ կարողություններն ու հմտությունները:
Ընդունելության պահանջները
«Ինտերիերի դիզայն» բակալավրի կրթական ծրագրի ընդունելության պահանջներին և ընթացակարգին կարելի է ծանոթանալ այստեղ:
Կոնտակտներ՝
Դիզայնի ամբիոն
Վարիչ՝ պրոֆեսոր Ստեփան Գյուլխասյան
Հեռ. (+374) 10 52 70 92