Ընդհանուր դրույթներ
1. Սույն կարգը մշակված է հիմք ընդունելով «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կթության» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասերի, ՀՀ կառավարության 2011թվականի N0 700-Ն որոշման հավելված հանդիսացող «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգ»-ը և ՀՀ ԿԳ նախարարի 2006 թվականի N0 740-Ն հրամանով հաստատված «ՀՀ ասպիրանտուրայի ընդունելության կարգ»-ը:
2. Սույնով սահմանվում է Հայաստանի գեղարվեստի պետական ակաեմիա (այսուհետ՝ ՀԳՊԱ) դիմող օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ընթացակարգը:
3. ՀԳՊԱ-ում օտարերկրյա քաղաքացիները կարող են կրթություն ստանալ բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի (ասպիրանտուրա) կրթական ծրագրերով, ինչպես նաև սովորել նախապատրաստական դասընթացներում:
Օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կազմակերպումը
4․ Օտարերկրյա քաղաքացիները, ՀԳՊԱ-ում սովորելու դիմում-հայտը և պահանջվող փաստաթղթերը ներկայացնում են ՀՀ ԿԳՄՍՆ:
5. ՀԳՊԱ-ի նախապատրաստական բաժին կարող են ընդունվել այն օտարերկրյա քաղաքացինրը, ովքեր դեռ սովորում են ՀՀ ավագ դպրոցներում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում, կամ ունեն ՀՀ-ում կամ արտասահմանում ստացած առնվազն ավագ դպրոցի ատեստատին համապատասխանող ավարտական վկայականներ:
6. ՀԳՊԱ-ի նախապատրաստական բաժին ընդունվելու համար դիմորդը կարող է ընդունվել պայմանագրային սկզբունքով կամ ՀՀ ԿԳՄՍՆ ուղեգրով:
7. ՀՀ ԿԳՄՍՆ ուղեգրով նախապատրաստական բաժին ընդունված օտարերկրյա քաղաքացիները հրամանագրվում են որպես ՀԳՊԱ-ի ուսանողներ (տես՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի III կետի 21-րդ ենթակետը):
8. Բակալավրի որակավորման աստիճան ստանալու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, որոնք ունեն ՀՀ-ում առնվազն միջնակարգ կրթությանը համապատասխանող կրթություն և ունեն այն հավաստող ավարտական փաստաթուղթ (ատեստատ, վկայական, դիպլոմ):
9. Մագիստրոսի որակավորման աստիճան ստանալու համար ՀԳՊԱ կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ առնվազն բակալավրի, դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի որակավորման աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող ավարտական փաստաթուղթ (դիպլոմ) (տես՝ ՀՀ ԿԳ նախարարի 06.12.2007 թվականի N0 1193-Ն հրամանը):
10. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը իրականացվում է դիմորդների հարցազրույցների, և/կամ պորտֆոլիոների ուսումնասիրության հիման վրա: Մրցույթի առկայության դեպքում կազմակերպվում են քննություններ:
11. Բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով երկրորդ մասնագիտություն ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների ընդունելության ժամկետը, ուսանելու կուրսը և մյուս պայմանները սահմանում է դիմումները քննարկելու նպատակով ստեղծված ատեստավորման հանձնաժողովը (տես՝ ՀՀ ԿԳ նախարարի 15.08.2006 թ. N0 671-Ն հրամանով հաստատված կարգը):
12. Հետազոտողի կրթական ծրագրով ՀԳՊԱ-ի ասպիրանտուրայում ուսանելու համար կարող են դիմել այն օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ առնվազն դիպլոմավորված մասնագետի կամ մագիստրոսի կրթական աստիճանին համապատասխան կրթություն և ունեն նշված կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ):
13. Հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների ընդունելությունը իրականացվում է ՀԳՊԱ-ի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան հաստատված կարգով՝ դիմորդների փաստաթղթերի ուսումնասիրության, ինչպես նաև դիմորդի կողմից ներկայացրած գիտական ռեֆերատի վերաբերյալ ՀԳՊԱ-ի գիտական հանձնաժողովի դրական կարծիքի հիման վրա:
14. Օտարերկրա քաղաքացիները կարող են դիմել ՀԳՊԱ նաև ընդհանուր հիմունքներով: Դիմում-հայտը ընդունվում է միայն այն դեպքում, եթե դիմորդը նախորդ կրթությունը ստացել է ՀՀ-ում կամ օտարերկրյա կրթության ավարտական փաստաթղթերի իսկությունը հավաստվում ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից, որը կատարվում է փաստաթղթում առկա տեղեկատվության իսկության ստուգումից և հյուպատոսական վավերացման առկայությունը ճշտելուց, ինչպես նաև հաշվառելուց, միասնական տեղեկատվական բանկի ստեղծումից հետո (տես՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգի III կետի 17-րդ ենթակետը):
15. Օտարերկրյա քաղաքացիները ՀԳՊԱ-ում կարող են սովորել.
- պայմանագրային հիմունքներով (վճարովի);
- միջպետական և միջգերատեսչական պայմանագրերով կամ համաձայնագրերով՝ պետության կողմից ուսանողական նպաստների ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) օտարերկրացիներին տրամադրվող տեղերի շրջանակներում;
- ՀՀ կառավարության կողմից սփյուռքահայերի ընդունելության համար տրամադրված ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի սահմաններում:
16. Սփյուռքահայերին պետության կողմից տրամադրվող ուսանողական նպաստների ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերի բաշխումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծվող հանձնաժողովի կողմից: Տեղերը տրամադրվում են տվյալ կրթական ծրագրի համար որպես նպատակային՝ միայն ՀԳՊԱ-ում և տվյալ մասնագիտության գծով ուսումնառության ամբողջ ժամանակահատվածի համար:
17. Սույն ընթացակարգով դիմորդների համար վճարովի տեղերի քանակը սահմանափակված չի, եթե այլ բան նախատեված չէ ՀՀ օրենսդրությամբ:
18. Ընդունելության ժամկետները սահմանվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով:
Փաստաթղթերի ընդունումը
19. Դիմորդների փաստաթղթերի ընդունումը, հաշվառումը և փորձաքննությունը կատարվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից:
20. Պահանջվող փաստաթղթերն են.
- Դիմում-հայտ;
- 3×4 չափի 6 լուսանկար;
- կրթական աստիճանի ավարտական փաստաթղթի պատճենը՝ թարգմանված և հաստատված նոտարով;
- անձնագրի կամ ծննդյան վկայականի բոլոր էջերի պատճենները՝ թարգմանված և հաստատված նոտարով;
- տեղեկանք ընդհանուր առողջական վիճակի մասին;
- ինքնակենսագրություն հայերենով, ռուսերոնով կամ անգլերենով:
Ատեստավորման/գիտելիքների ստուգման կազմակերպումը
21. ՀՀ ԿԳՄՍՆ-ի համապատասխան գրությամբ դիմորդի փաստաթղթերը ստանալուց հետո միջազգային կապերի բաժնի պատասխանատուն հանդիպում է դիմորդների հետ, ներկայացնում դիտումների ընթացակարգը և հավաքագրում է դիմորդների պորտֆոլիոները:
22. Միջազգային կապերի բաժնի պատասխանատուն ֆակուլտետի դեկանին ներկայացնում է յուրաքանչյուր դիմորդի պորտֆոլիոն և զեկուցագիր համապատասխան օտարերկրյա դիմորդների գիտելիքների ստուգում/ատեստավորում կազմակերպելու վերաբերյալ:
23. Ֆակուլտետում ձևավորվում է ատեստավորման հանձնաժողով դեկանի նախագահությամբ, որում ընդգրկվում են ֆակուլտետի ամբիոնների վարիչները և դասախոսներ: Հանձնաժողովի կազմը համաձայնեցվում է ուսումնա-գիտական գծով պրոռեկտորի հետ:
24. Բակալավրի կամ մագիստրոսի կրթական աստիճան ստանալու համար օտարերկրյա դիմորդների ատեստավորումը կազմակերպվում է հետևյալ կարգով.
- Հանձնաժողովը ուսումնասիրում է դիմորդի պորտֆոլիոն (աշխատանքները) և անց է կացնում հարցազրույց, որոնց հիման վրա, հանձնաժողովը որոշում է կայացնում դիմորդին ընդունելու կամ դիմումը մերժելու վերաբերյալ: Հանձնաժողովը դիմորդին կարող է առաջարկել ուսումը սկսել նախապատրաստական դասընթացներից: Հանձնաժողովի նիստը արձանագրվում է:
- Մրցույթի առկայության դեպքում մշակվում է քննական օրացույց համաձայն որի կազմակերպվում են քննություններ: Քննական առաջադրանքները համապատասխանում են ՀԳՊԱ ընդհանուր հիմուքներով ընդունվող դիմորդների համար նախատեսված և ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված ծրագրերին:
- Քննությունների արդյունքները ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍՆ:
- Ընդունելության մրցույթը իրականացվում է ՀՀ ԿԳՄՍՆ-ի կողմից:
- ՀԳՊԱ-ի նախապատրաստական դասընթացները ավարտած օտարերկրյա քաղաքացիները ընդունվում են ոչ մրցույթային կարգով նախապատրաստական դասընթացների ընթացքում կատարված աշխատանքների դիտման հիման վրա:
25. Հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար օտարերկրացի դիմորդը պետք է ներկայացնի.
- ասպիրանտական թեմայի վերնագիրը և կառուցվածքը;
- գիտական ռեֆերատ 20 էջի սահմաններում՝ հայերենով, ռուսերենով կամ անգլերենով;
- օրացուցային աշխատանքային պլան;
- hամապատասխան վկայականներ «Ինֆորմատիկա» և «Օտար լեզու» առարկաներից:
26. ՀԳՊԱ-ում հետազոտողի կրթական ծրագրով ուսանելու համար դիմորդը հանձնում է մասնագիտական քննություն՝ «Ընդհանուր արվեստի պատմություն» առարկայից:
27. Դրական գնահատական ստանալու դեպքում դիմորդի գործերը քննարկվում են գիտական ժողովի կողմից:
28. Գիտական ժողովի նիստում քննարկվում է դիմորդի թեման և հաստատման դեպքում նշանակվում գիտական ղեկավար:
29. Գիտական ժողովի արձանագրությունը և քննության արդյունքները միջազգային կապերի բաժնի կողմից ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍՆ:
Դիմորդների հրամանագրումը
30. ՀՀ ԿԳՄՍ նախարարության համապատասխան գրության, հանձնաժողովի/գիտական խորհրդի որոշման և համապատասխան ֆակուլտետի դեկանի զեկուցագրի հիման վրա դրական նիշեր ստացած դիմորդները հրամանագրվում են որպես ՀԳՊԱ-ի ուսանողներ:
31. ՀԳՊԱ-ի Միջազգային կապերի բաժնի աշխատակցի կողմից լրացվում է ուսանողի անձնական թերթիկը, ուսանողական գրքույքը, ուսանողական տոմսը և հանձնվում ուսանողների հաշվառման բաժին:
32. Հրամանագրված ուսանողների տվյալները գրանցվում են համապատասխան էլեկտրոնային բազայում: