1988-ի երկրաշարժից հետո Աղետի գոտու բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հոգեբանական վերականգնմանն ուղղված ցանկացած գործողություն կարևոր էր, ցանկացած օգնություն՝ անհրաժեշտ ու գնահատելի: Այդ մտահոգությամբ էր, որ 90-ականներին Գեղարվեստի ինստիտուտը, Թատերական ինստիտուտին և Կոնսերվատորիային զուգահեռ, մտադրվեց այնտեղ մասնաճյուղ հիմնադրել: Նպատակը հստակ էր՝ մարդկանց ապահովել աշխատատեղերով, արթնացնել հույսը երիտասարդների մեջ, որ արհեստների և արվեստների նախկին ծաղկուն քաղաքը շարունակելու է ապրել մշակութային կյանքով, որ այսքան տաղանդավոր ժողովուրդ ունեցող քաղաքում արվեստը չի կարող մեռնել, որ մարդիկ հավատ ունենային իրենց ներկայի ու ապագայի հանդեպ:
Մտադրությունը հավուր պատշաճի ընկալվեց Գյումրիում և հաջողությամբ իրականություն դարձավ: Գյումրու քաղաքապետարանի նախկին շենքը ՀԲԸՄ այդ ժամանակվա նախագահ Լուիզ-Սիմոն Մանուկյանի աջակցությամբ հիմնովին վերանորոգվեց և տրվեց Արվեստի երեք բուհերին: Գեղարվեստի մասնաճյուղն այդպիսով բացվեց 1997-ին: Մեծ նվիրում ու եռանդ ներդրվեց այն կայացնելու համար, ինտիտուտը բոլոր հնարավոր միջոցներն ու ռեսուրսներն ուղղեց այդ նպատակին: Համառ ու հետևողական աշխատանքը տվեց իր արդյունքը՝ չնայած բազում դժվարություններին, անգամ շենքը հետ վերցնելու փորձերին, մասնաճյուղը կայացավ և բոլոր մասնագիտությունների գծով զարգացումներ ապահովեց:
Հիմնադրման օրվանից մասնաճյուղի տնօրենն է գեղանկարիչ, պրոֆեսոր Համբարձում Ղուկասյանը, ուսումնական մասը վարում է Արաքսյա Անանյանը, իսկ տնտեսական գծով փոխտնօրենը Կարլեն Հարթենյանն է։ Մասնաճյուղում գործում է հինգ ամբիոն՝ գեղանկարի (վարիչ՝ պրոֆեսոր Գարիկ Մանուկյան), քանդակի և կիրառական զարդարվեստի (վարիչ՝ դոցենտ Համբարձում Բեգոյան), գրաֆիկայի (վարիչ՝ դոցենտ Գագիկ Մանուկյան), հագուստի մոդելավորման (վարիչ՝ Տաթևիկ Հարթենյան) և արվեստագիտության և հումանիտար գիտությունների (վարիչ՝ դոցենտ Արաքսյա Մարգարյան): Այստեղ դասավանդում են, հիմնականում ծնունդով գյումրեցի, ճանաչված, փորձառու դասախոս վարպետներ. Զավեն Կոշտոյան, Նվեր Սաֆյան, Ալբերտ Վարդանյան, Վալերի Խաչատրյան, Եսայի Մեյրոյան, ինչպես նաև միջին սերնդի արվեստագետներ և խոստումնալից երիտասարդ կադրեր՝ Գևորգ Սարգսյան, Սամվել Պողոսյան, Մարգարիտ Աթոյան, Վահագն Ղուկասյան, Լուսինե Հարությունյան, Սաթենիկ Մազմանյան։
Մասնաճյուղի դասախոսները, ուսանողներն ու շրջանավարտները մասնակցում են քաղաքի մշակութային միջոցառումներին, ցուցահանդեսներին ու սիմպոզիումներին: 2010-ին Երևանում կազմակերպված «Ռուսկիյ սիլուետ» մրցույթում հագուստի մոդելավորման բաժնի շրջանավարտ Արտակ Վարդանյանն արժանացավ առաջին մրցանակի։
Վերջին տարիներին կապեր հաստատվեցին այլ երկրների արվեստի բուհերի հետ: 2013-ին գեղանկարչության բաժնի դասախոսներն ու ուսանողները ցուցահանդեսի էին հրավիրվել Բեյրութի հայկական Հայկազյան համալսարանում: Հատկապես շահավետ համագործակցություն է ծավալվել Վիեննայի հետ, որտեղ 2008-ին, Մոցարտյան օրերի ընթացքում կազմակերպվեց մասնաճյուղի ուսանողների գեղանկար և գրաֆիկական աշխատանքների ցուցահանդես, որի բացման արարողությանը ներկա էին մասնակից ուսանողներից մի քանիսը, իսկ 2014-ին քաղաքապետարանի մշակութային բաժնի հատուկ հրավերով շրջայցի մեկնեց մասնաճյուղի տնօրեն Համբարձում Ղուկասյանը։
Գյումրիի մասնաճյուղի ուսանողները մասնակցում են նաև իտալացի մասնագետների՝ որմնանկարների վերականգնման դասընթացներին ու գործնական աշխատանքներին։ Ցուցահանդեսները, մանավանդ՝ բիենալեները, բուհական կյանքին հաղորդում են ռիթմ ու մթնոլորտ, վերջինը հիմք դարձավ Գյումրիի՝ արդեն ավանդական դարձած միջազգային բիենալեների: