Տարիներ առաջ Գեղարվեստի ինստիտուտը ուսումնական ծրագրերի աջակցությամբ համագործակցում էր Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի դեկորատիվ արվեստի ֆակուլտետի հետ: Հայաստանի այս շրջանը հայտնի է արհեստներով, փայտի, երկաթի մշակման, ժանեկագործության ավանդույթներով, ուստի հետանկախության տարիներին միտք ծագեց Դիլիջանում ևս մասնաճյուղ ունենալ: Տեղի երգչախմբային ընկերության կիսաքանդ շենքն ստանալուց անմիջապես հետո սկսվեցին վերանորոգման աշխատանքները, և մասնաճյուղը բացվեց 1999-ին:
Մեծ էր ցանկությունը մասնագիտացումը տանել մետաղամշակման զարգացման ուղղությամբ, կառուցել դարբնոց, զարկ տալ գեղարվեստական դարբնությանը, դեկորատիվ արհեստներին: Սակայն ուսանողների սակավ քանակի պատճառով այդ ծրագիրը չիրականացավ: Փոխարենը հաջողությամբ զարգացում ապրեց գորգագործության բաժինը՝ տարիների ընթացքում բարձրորակ մասնագետներ տալով: Այս հարցում շատ մեծ է փորձառու մանկավարժ, ժամանակակից դեկորատիվ արվեստի և գորգագործության շնորհալի վարպետ, դոցենտ Հասմիկ Ղազարյանի դերը, որ խոնարհ նվիրումով հանուն նպատակի իրականացման գնաց աշխատելու Դիլիջանում: 2004-ին բուհն ունեցավ առաջին շրջանավարտները:
Մասնաճյուղում գործում է միայն դեկորատիվ-կիրառական արվեստի ամբիոնը՝ գորգագործության և հագուստի մոդելավորման՝ իրար հերթափոխող բաժիններով։ Մասնաճյուղը ղեկավարում է գեղանկարիչ, Դիլիջանի երկրագործական թանգարանի տնօրեն, դոցենտ Ղազար Ղազարյանը, հիմնական մասնագիտական առարկաները՝ գեղարվեստական գործվածք, զարդարվեստ, գեղանկարչություն, գծանկար, կոմպոզիցիա, աշխատանք նյութի վրա, գունատեսություն, բիոնիկա, արվեստի պատմություն, դասավանդում են Հասմիկ Ղազարյանը, Ղազար Ղազարյանը, Մհեր Ղազարյանը, Անուշ Գրիգորյանը, Մերի Գրիգորյանը։ Մասնաճյուղի ուսանողներն ու շրջանավարտները հաճախ են մասնակցում դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդեսներին, որոնցից հիշարժան են 2011-ին Հայաստանի նկարիչների միությունում և Վանիկ Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում կազմակերպած «Վերադարձ ակունքներին», և 2015-ին Արա Աբրահամյանի անվան Ռուսական արվեստի թանգարանում բացված «Կորուսյալ հայրենիք. Լուռ վկաներ» ցուցահանդեսները։