Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը, որի առաջին վարիչը Ելենա Կոչուբինան է եղել, 73 տարվա պատմություն ունի։ Այսօր այն 17 120 միավոր գիրք ունի, որոնց թվում են բացառիկ հրատարակություններ, այնպիսիք, ինչպիսիք են Գեորգ Լյուտկեի Լեոնարդո դա Վինչիին նվիրված ստվարածավալ աշխատությունը, Ֆրիդրիխ Գոտենրոտի «Արտաքին մշակույթի պատմություն» երկհատորյակի առաջին ռուսական հրատարակությունը, Ֆրիդրիխ Առնոլդ Բրոկհաուզի հանրագիտական բառարանը և այլն։
Բացի այդ, յոթանասունից ավել տարիների ընթացքում գրականության ֆոնդը պարբերաբար համալրվել է առանձին անհատների կողմից արված նվիրատվություններով՝ դասագրքերով, մենագրություններով, ալբոմներով, կատալոգներով, հանրագիտարաններով և բառարաններով։ Հատկապես արժեքվոր են ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի, ՀԳՊԱ ռեկտոր, պրոֆեսոր, արվեստի վաստակավոր գործիչ Արամ Իսաբեկյանի, քանդակագործ և նկարիչ Կամո Գյանջյանի, նեյրովիրաբույժ Ժիրայր Դարբինյանի, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանի, Հայաստանում Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանատների նվիրատվությունները։
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանի հիմնական ֆոնդը ստեղծվել է հետպատերազմյան ծանր տարիներին։ Կազմակերպչական աշխատանքները որակական նոր փուլ են մտել 1950-ականների վերջերին, երբ գրադարանի վարիչ է նշանակվել Անիկ Վարդանյանը։ Վերջինիս հաջողվել է գրադարանը համալրել հենց այդ ժամանակ լուծարված Երևանի Բարձրագույն կուսակցական դպրոցի գրադարանային հարուստ գրականությամբ, որի տնօրենն էր եղել նա մինչ այդ։ Գեղարվեստա-թատերական ինստիտուտի (այսպես էր կոչվում բուհն այն ժամանակ) գրադարանում աշխատանքի են ընդունվել համապատասխան մասնագետներ, կազմվել է գրադարանի մայր մատյանը, քարտարանը, ֆոնդերը և այլն։
Գեղարվեստա-թատերական ինստիտուտում գործում էին նաև երկու ընթերցասրահներ, որոնց գրականություն սպասարկում էր գրադարանը։ Այս առումով ուշադրության է արժանի հատկապես արվեստի ընթերցասրահի աշխատակիցներ Աննա Մելիքի և Ֆլորա Դզնունու անձնվեր աշխատանքը։ Վերջիններս սեփական նախաձեռնությամբ կապ են հաստատել Մոսկվայի, Լենինգրադի և Թբիլիսիի արվեստի բուհերի հետ, որտեղից սկսել են ստանալ արվեստի գործիչների, ցուցահանդեսների, մշակութային կյանքի մասին պատմող մեծաքանակ վավերագրական նյութեր։ Տասնյակ տարիների բարեխիղճ աշխատանքի արդյունքում նրանք ստեղծել են բացառիկ մի արխիվ, որից այսօր օգտվում են ոչ միայն ակադեմիայի ուսանողները, ասպիրանտները, դասախոսները, այլև նրանք, ովքեր գրում են թեզեր և մենագրություններ։ Վերջին տարիներին, ուսումնական ընթերցասրահների լուծարումից հետո, արխիվի պահպանման և համալրման աշխատանքներով զբաղվում են գրդարանի աշխատակիցները՝ վարիչ Անուշ Աղգաշյանը, ավագ մասնագետ Հասմիկ Մելքոնյանը, գրադարանավարներ Կարինե Եղիազարյանը և Ելենա Բաղրամյանը։ Սա նրանց անգնահատելի ծառայությունն է բոլոր նրանց, ովքեր զբաղվում են հետազոտական աշխատանքներով։
Հարկ է նաև նշել, որ Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի գրադարանը ժամանակ առ ժամանակ կազմակերպում է կերպարվեստի և կիրառական արվեստի վերաբերյալ նոր հրատարակված գրքերի ցուցադրումներ, դրանց քննարկումներ՝ հեղինակների մասնակցությամբ։ Կազմակերպվում են նաև հուշ-ցերեկույթներ նվիրված արվեստի այն նշանավոր գործիչներին, ովքեր միաժամանակ դասավանդել են Գեղարվեստի ակադեմիայում։ Այդպիսի միջոցառումներից հատկապես ուշադրության են արժանի ակադեմիայի առաջին ռեկտոր, քանդակագործ, Երևանի նկարիչների միության հիմնադիր և առաջին նախագահ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոս Արա Սարգսյանին նվիրված հուշ-ցերեկույթը, որին ներկա էին արվեստագետի ընտանիքի անդամները, ընկերները, մտերիմները և գեղանկարիչ, գրաֆիկ, պրոֆեսոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հմայակ Ավետիսյանին մեծարող հուշ-ցերեկույթը, որը կայացել է 2013-ի սեպտեմբերի 17-ին։
Գրադարանն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09․00-16․00։ Գրադարանից օգտվելու համար ուսանողները ներկայացնում են ուսանողական տոմս և 3×4 չափի մեկ լուսանկար։