Կամ թագավորություն` ավերակների վրա
1991-ին Խորհրդային Միությունը դադարեց գոյություն ունենալուց, և նախկին հանրապետությունները հաջորդաբար հռչակեցին իրենց անկախությունը: Հայաստանի համար այդ նոր կարգավիճակը, համընդհանուր խանդավառության հետ, նշանավորվեց նաև որպես մեծ փորձության շրջան. 88-ի երկրաշարժը, Ղարաբաղյան պատերազմը, շրջափակման հետևանքով գոյացած էներգետիկ ճգնաժամը, այդ պայմաններում տնտեսության կազմակերպման և հասարակական-քաղաքական բոլոր ոլորտներում արմատական բարեփոխումների անհրաժեշտությունը, մշակութային և գաղափարական դաշտում աշխարհայացքային կարծրատիպերի վերաիմաստավորումը և արժեքային նոր համակարգերի հաստատման խնդիրը՝ բավական ծանր մարտահրավերներ էին, որոնց հաղթահարման համար հսկայական ռեսուրսներ ու գերմարդկային ճիգեր էին պահանջվում:
Բարդ, անցումային փուլում Գեղարվեստա-թատերական ինստիտուտն իր ներքին մեծ խնդիրներն ու կառուցվածքային լուրջ վերափոխումների կարիքն ուներ: Նախ՝ անպայման հարկավոր էր առանձին պրոռեկտոր ունենալ, քանի որ ուսումնա-գիտական գծով պրոռեկտորը՝ Ալեքսանդր Քոչարյանը, թատերական գործիչ էր, բնականաբար, ինստիտուտում հիմնական ուշադրությունն ուղղված էր թատերական խնդիրներին: 1990-ին կերպարվեստի գծով առանձին պրոռեկտոր ընտրվեց գեղանկարի ամբիոնի դասախոս Արամ Իսաբեկյանը, ով փորձեց լուծումներ գտնել՝ հավասարակշռությունը վերականգնելու և կերպարվեստի ֆակուլտետի աշխատանքն արդյունավետ վերակազմակերպելու, ինչպես նաև բարեփոխումներ ու ծրագրեր նախաձեռնելու ուղղությամբ: Խորհրդային շրջանի անհամեմատ դյուրին հնարավորություններից կերպարվեստի ֆակուլտետը բավականաչափ չէր օգտվել՝ նյութերի, սարքավորումների, նկարչական պարագաների ձեռքբերման առումով: Դրանց արտադրությունը Հայաստանում չկար, և նոր պայմաններում պետք էր հոգալ դրսի աղբյուրներից և բավական բարձր գներով դրանց հայթայթման մասին: Բացի այդ՝ լրացուցիչ գումարներ էին հարկավոր բնորդներին վարձատրելու համար, որոնք, ցավոք սրտի, Հայաստանում այդպես էլ աշխատանքային կարգավիճակ չունեցան:
Այս իմաստով գեղարվեստի բուհերի տարբերությունը մյուսներից ակնհայտ է՝ ուսումնական գործընթացն անհամեմատ ավելի ծախսատար է, և պետական աջակցության կարիքն ավելի շատ է զգացվում, ինչն անկախ Հայաստանի առաջին տարիներին գրեթե անհույս էր ակնկալել: Մյուս կողմից՝ ազգային և համաշխարհային մշակութային ժառանգության, հոգևոր արժեքների գնահատման չափանիշները վերանայման փուլում էին, և հատկապես տեսական ամբիոնների առարկայական ծրագրերը նոր իրողություններին համահունչ բովանդակային և որակական փոփոխությունների կարիք ունեին, իսկ ստեղծագործական բաժինները՝ դասավանդման մեթոդների արդիականացման։ Բացի այդ՝ նաև կադրերի ներգրավման և արվեստանոցների պայմանների բարելավման հետ կապված հարցեր կային: Սակայն ամենածանրն ու հրատապը շենքի և տարածքի խնդիրն էր:
1960-ականներին արդեն, Գեղարվեստա-թատերական ինստիտուտի՝ անգամ կցակառույցներով համալրված շենքում չափազանց նեղվածք էր, քանի որ ավելացել էին բաժիններն ու համապատասխանաբար՝ ուսանողների թիվը, բացվել նոր արվեստանոցներ ու լաբորատորիաներ։ Արդ, 80-ականներին, գծանկարի ամբիոնի դասախոս Հովհաննես Պողոսյանի նախագծմամբ, ինստիտուտի համար Այգեձոր փողոցի վրա հատուկ մասնաշենք էր կառուցվել՝ ժամանակակից չափանիշներին համապատասխան, ընդարձակ ու հարմարավետ պայմաններով։ 1987-ի ուսումնական տարվա ավարտին կերպարվեստի ֆակուլտետի որոշ բաժիններ տեղափոխվեցին այնտեղ, բայց մեկ ամիս հետո, դեռ ամբողջությամբ չտեղավորված, նորից հետ վերադարձան, իսկ շենքը, ռեկտոր Վահագն Մկրտչյանի որոշմամբ հանձնվեց Պետական համալսարանին՝ պատճառաբանությամբ, թե ինստիտուտի պահանջներին չի համապատասխանում: Իրականում, սակայն, պատճառը ոչ այնքան հեռավորությունն էր կամ արվեստանոցային ու լաբորատոր պայմաններին անհամապատասխանությունը, որքան ներքին տարաձայնությունները և հեռատեսության պակասը. տարիներ անց էլ այս հարցը դեռ խոսակցության ու քննարկման նյութ է, և շատերն են ափսոսանք հայտնում շենքը կորցնելու համար: Այդ պահից արդեն առավել սուր դրվեց արվեստի երկու բուհերի համատեղ կեցության հարցը:
Եվ ահա, մի քանի տարի անց, 1994-ին, Գեղարվեստի և Թատերական ինստիտուտներն «ապահարզան» տվեցին. Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտը տեղափոխվեց Ամիրյան փողոցում գտնվող նախկին քիմիայի տեխնիկումի շենքը, իսկ Գեղարվեստինը մնաց նույն տեղում։ Իհարկե, դա և՛ մասնագիտական, և՛ վարչական կառավարման տեսակետից, և՛ ֆիզիկական տարածքի առումով միանգամայն տրամաբանական լուծում էր, սակայն այսօր հնարավոր չէ թաքցնել, որ այդ բաժանումն, այնուամենայնիվ, ինչ որ բան անվերադարձ փոխեց` արվեստային բազմազան միջավայրի հոլովման ու թրծման, փոխադարձ ներշնչանքի ու համագործակցության, ստեղծագործական-մտավոր պրպտումների փոխլրացման իմաստով:
Նույն թվականի սեպտեմբերին նոր Գեղարվեստի ինստիտուտի ռեկտոր դարձավ Արամ Իսաբեկյանը: Բուհի ինքնուրույն կարգավիճակը, ընդլայնելով հանդերձ հնարավորությունների սահմանները, իր հետ բերեց այլ խնդիրներ՝ կապված առաջին հերթին շենքի նյութատեխնիկական պայմանների և ֆինանսական ռեսուրսների հետ: Շենքը վթարային ու ավերակ վիճակում էր, լսարանները, դահլիճը, սանհանգույցները՝ վատթար ու անմխիթար դրության մեջ: Հատկապես ձմռան խստաշունչ ամիսներին, առանց ջեռուցման, բավական ծանր էր թե՛ դասախոսների ու աշխատակիցների, թե՛ ուսանողների համար: Դրա հետ մեկտեղ՝ նախորդ ռեկտորի օրոք շատ բան էր անտեսվել, անփույթ ու անտարբեր վերաբերմունքի հետևանքով տնտեսությունը բարձիթողի էր մատնված, արխիվային կարևոր նյութեր չէին պահպանվել, մինչև քսան տարվա դիպլոմային աշխատանքները գրեթե ամբողջությամբ վերացել էին, հատկապես գծանկարները, որոնց մի մասն այրվել էր 1991-ի հրդեհի ժամանակ, իսկ շատ յուղանկարներ վատ պայմաններում փչացել էին: Նույն դրությունն էր քանդակների դեպքում: Չկային գեղարվեստի բուհին անհրաժեշտ լաբորատորիաներ անգամ, ցուցասրահ, տեխնիկական միջոցներ, սարքավորումներ: Ի լրումն ամենի՝ խարխուլ տանիքից և մաշված խողովակներից անընդհատ առաջացած ջրհոսների պատճառով բավական քանակով արխիվային փաստաթղթեր, գրքեր և այլ նյութեր անդառնալիորեն վնասվել էին: Հարկավոր էր ճկուն ու ձեռնհաս կառավարում և իսկապես սրտացավ վերաբերմունք՝ դրությունը շտկելու և առաջ գնալու համար:
Անմիջապես սկսեցինք վերականգնել տնտեսությունը,- պատմում է Արամ Իսաբեկյանը։- Ահավոր վիճակ էր, նկարագրելու բան չի: Մեր նպատակը նախ պատշաճ պայմաններ ստեղծելն էր, որ այդ տարիների համար անհնար բան էր: Սակայն երբ մարդ ցանկություն ունի գործ անել, և դա դառնում է կյանքի նպատակ՝ անհնարը դառնում է հնարավոր»:
Որպես ռեկտոր նա ցուցաբերեց կազմակերպչական բացառիկ ունակություններ, խոհեմ մարտավարություն և ժամանակի պահանջների ճիշտ ընկալում՝ կարողանալով կարճ ժամանակում բուհը դուրս բերել ճգնաժամային վիճակից, այնուհետև մտածել զարգացման հեռանկարների մասին: Երկրի համար այդ ծանրագույն տարիներին՝ երկրաշարժի, պատերազմի, կաթվածահար տնտեսության, փլուզված կրթական համակարգի պայմաններում առաջնահերթ ձեռնարկը եղածը փրկելն էր՝ տասնամյակների ընթացքում հաստատված ավանդույթները, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողների մոտիվացվածությունը և ուսուցման գործընթացը: Ֆինանսական հնարավորությունները խիստ սահմանափակ էին, պետական աջակցություն գրեթե չկար, օգտագործվում էր յուրաքանչյուր նվազագույն առիթ, հնարավորություն՝ ամենաանհրաժեշտ իրերը ձեռք բերելու համար:
Անչափ կարևոր հանգամանք է, որ բուհի ղեկավարումը ստանձնեց սրտացավ, բանիմաց, ավանդույթների ու միաժամանակ նորարարությունների, զարգացումների ջատագով, առաջադեմ գաղափարների համակիր, ստեղծագործական ազատ մտածողությունը քաջալերող այդպիսի անհատականություն և արվեստագետ»,- շատերի հետ իր կարծիքը կիսում է դիզայնի ֆակուլտետի դեկան Ավետիք Ավետիսյանը:
Վիճակին լիովին տիրապետելու համար նոր ռեկտորը ձևավորեց համախոհների խումբ՝ տնտեսության ուսումնասիրության և ընթացիկ բազմաթիվ հարցերի կարգավորման համար: Նրա շուրջ համախմբվեցին նաև ուսումնական հաստատության հիմք հանդիսացող ավագ ու միջին սերնդի լավագույն արվեստագետները՝ Էդուարդ Իսաբեկյանը, Թերեզա Միրզոյանը, Անատոլի Պապյանը, Գրիգոր Աղասյանը, Վաղինակ Ասլանյանը, Վահրամ Խաչիկյանը, Անդրանիկ Կիլիկյանը, Մկրտիչ Սեդրակյանը, Սարգիս Բաղդասարյանը, Սարգիս Մուրադյանը, Արա Հարությունյանը, Վաղարշակ Արամյանը, Մասիս Գրիգորյանը, Ազատ Լեյլոյանը, Փարավոն Միրզոյանը, Էդիկ Վարդանյանը, Գագիկ Գևորգյանը, Կարեն Աղամյանը, Ավետիք Ավետիսյանը, Հայկ Փայասլյանը։ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր նշանակվեց ինստիտուտում տարիներ աշխատած, վարչական և կազմակերպչական փորձ ունեցող Սվետլանա Գևորգյանը, որին 2012-ին փոխարինեց Սուսաննա Կարախանյանը։ 2014-ից մինչ օրս այդ պաշտոնը զբաղեցնում է Մկրտիչ Այվազյանը։ Տնտեսական գծով պրոռեկտոր նշանակվեց Ավետիք Նալբանդյանը, այնուհետև Գագիկ Դորունցը, ապա` Ստեփան Եզդողլյանը, կադրերի բաժնի վարիչ և արհմիության նախագահ՝ Նորա Կարապետյանը, իսկ գլխավոր հաշվապահի պաշտոնում մնաց տարիների հավատարիմ աշխատակից Սոնյա Քալանթարյանը, որին, 2004-ին մահվանից հետո, փոխարինեց բաժնի հին կադրերից Գոհար Բարսեղյանը: Այդ շրջանում ամենակարևոր, ամենաարժեքավոր ռեսուրսը մարդկային գործոնն էր՝ վերաբերմունքը, նվիրումը: Հիմնականում հենց դրա շնորհիվ հնարավոր եղավ պահպանել ստացած ժառանգությունը և շարունակել առաջ ընթանալ նոր ու դժվարին ճանապարհով:
Հնարավորությունները շատ սուղ էին, միայն բարի կամքի շնորհիվ կարող էր ինչ-որ բան փոխվել: Պետական աջակցություն չէր կարող լիներ հասկանալի պատճառներով՝ պատերազմող երկիր էր: Այդ ժամանակ, այդպիսի պայմաններում ոչ մի դասախոս չհեռացավ, ոչ մեկը իր աշխատանքը չլքեց: Մարդիկ անտրտունջ, չնչին գումարով աշխատում էին»,- գործընկերների նկատմամբ հպարտության և երախտագիտության զգացումով նշում է Իսաբեկյանը:
Ինստիտուտը ևս մեկ անգամ վերակազմակերպվեց երկու ֆակուլտետների՝ կերպարվեստի և դիզայնի ու դեկորատիվ-կիրառական արվեստի` եղած ամբիոններով, որոնց դեկաններ նշանակվեցին. կերպարվեստում՝ Վահրամ Խաչիկյանը (1995), որին մեկ տարի անց փոխարինեց Էդիկ Վարդանյանը, ապա՝ Խաչատուր Ազիզյանը (2008), այնուհետև՝ կրկին Էդիկ Վարդանյանը (2012), դիզայնում՝ գեղանկարիչ Ավետիք Ավետիսյանը (1994-ից մինչ այժմ): Ուսուցման վճարովի համակարգի ներդրումից հետո հնարավոր եղավ ձեռնամուխ լինել շենքի բարեկարգման աշխատանքներին և մտածել զարգացումների մասին:
Առաջին հերթին ամբողջովին վերանորոգվեց հիմնական շենքի (Իսահակյան 36) տանիքը. 1950-ականներից գործող կառույցը, բնականաբար, հնացած և մաշված վիճակում էր, և այդ շրջանի շինարարությանը բնորոշ բաղդադի ծածկը՝ զգալիորեն վնասված: Ծածկի զգալի մասը փոխվեց և բետոնապատվեց, միայն գերանների մի շարք պահպանվեց շենքի հին ու նոր՝ 60-ականներին կառուցված հատվածների միջև՝ որպես խորհրդանշական կապ: Մասնակի վերանորոգումներ շարունակում են իրականացվել մինչև օրս:
90-ականների երկրորդ կեսից ուսանողների՝ կտրուկ նվազած թվաքանակն սկսեց աստիճանաբար աճել՝ առաջացնելով տարածքի խնդիր, հետևաբար և՝ նոր մասնաշենք ունենալու անհրաժեշտություն: Բանն այն է, որ կառավարության սահմանած նորմերի համաձայն՝ գեղարվեստի բուհի յուրաքանչյուր ուսանողի համար պետք է ապահովվի 33 մ² տարածություն՝ ի տարբերություն մնացած բուհերի, որտեղ յուրաքանչյուրին հատկանշված է 5-6 մ²: Արտաշես Գեղամյանի քաղաքապետության օրոք ինստիտուտին առաջարկվել է երեք շենք՝ այսօրվա Ամերիկյան համալսարանինը, Ռուսական դեսպանությանը և ևս մեկը՝ ճարտարապետությամբ և տեղադրությամբ հետաքրքիր, Ամիրյան փողոցի վրա: Սակայն այդ շենքերից առաջինը ինստիտուտի կարիքների համար պիտանի չէր, երկրորդը կիսավարտ վիճակում էր, իսկ երրորդը` կիսաքանդ, և հսկայական գումարներ էր հարկավոր դրանք կիրառելի դարձնելու համար։ Այն տարիներին, բնականաբար, շինարարություն անելու մասին խոսք չէր կարող լինել:
Վերջապես, 1997-ին, Արամ Իսաբեկյանի ջանքերի շնորհիվ և այն ժամանակվա Կրթության և գիտության նախարար Վարդգես Գնունու օժանդակությամբ բավական դժվարությամբ հաջողվում է ձեռք բերել կենտրոնական մասնաշենքին շատ մոտ գտնվող Ջրաշատի թիվ 1 հասցեով չորս հարկանի շենքը՝ կիսանկուղով, որ պատկանել էր Հայնախագծին, և հարևան շենքի 7-րդ հարկը: Վերջիններս հատկացվում են դիզայնի և դեկորատիվ-կիրառական արվեստի ֆակուլտետին: Դրանք նույնպես կիսավեր, փլատակ վիճակում էին՝ անդուռ, անշքամուտք և անլուսամուտ, մաշված ու քայքայված ինտերիերով: 2000-ից սկսվեցին հիմնավոր վերանորոգման աշխատանքները, որոնք բավական ժամանակ և նյութական միջոցներ պահանջեցին: Վերանորոգման համար Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ որոշակի գումար հատկացվեց, որով մասամբ հատուցվեցին ծախսերը: Վերակառուցվեց 150 մ² տարածք ունեցող ձեղնահարկը՝ ընդգրկելով չորս արվեստանոց, լիովին նորոգվեցին սանհանգույցները, անցկացվեց ջեռուցման համակարգ, ստեղծվեցին ուսուցման համար անհրաժեշտ պայմանները՝ կահավորանքով ու սարքավորումներով:
Ինստիտուտի ընդհանուր տարածքի ընդլայնումը հնարավորություն տվեց ավելացնել արվեստանոցներն ու լաբորատորիաները, բացել նոր բաժիններ ու ամբիոններ․․․
Գեղարվեստի բուհի համար գործունեության կարևոր օղակ հանդիսացող ցուցասրահի գոյության անհրաժեշտությունը թերևս վեր է որևէ կասկածից, սակայն, զարմանալիորեն, ինստիտուտը երբեք ցուցասրահ չի ունեցել: Եվ ահա, տարիներ ի վեր այդ հարցով մտահոգ՝ Արամ Իսաբեկյանը, օգտագործելով իր անձնական կապերը, ամերիկահայ ընկերոջ՝ գործարար Ալբեր Բոյաջյանի ֆինանսական աջակցությամբ և ակադեմիայի արտաբյուջետային միջոցներից որոշ հատկացումներ տրամադրելով՝ վերջապես կարողանում է իրականացնել իր մտահղացումը: Գլխավոր մասնաշենքի առաջին հարկի աջակողմյան հատվածի ավերակ դարձած նախկին երկու լսարանները հիմնովին նորոգվում են՝ գրեթե ոչնչից վերածվելով գեղեցիկ ու արդիական ձևավորված տարածքի՝ տրամադրող մթնոլորտով: Ալբեր և Թով Բոյաջյան անունը կրող ցուցասրահի բացումը տեղի ունեցավ 2001-ի մայիսի 1-ին:
Արամ Իսաբեկյանի մտահղացմամբ և ջանքերով իրականացած հաջորդ կարևոր իրադարձությունը 2007-ին Փարիզի նշանավոր «Արվեստների միջազգային ավանում» (Cité internationale des arts) մինչև 25 տարի ժամկետով ստուդիոյի ձեռքբերումն էր, որ երկրորդեց այդտեղ Հայաստանի Նկարիչների միության արդեն ունեցած արվեստանոցին: Այսպիսով, բուհի դասախոսների, ասպիրանտների և ավարտական կուրսի ուսանողների համար ստեղծվեցին անգնահագտելի պայմաններ՝ Փարիզում մեկ-երկու ամիս ապրելու և ստեղծագործելու, ցուցահանդեսներ կազմակերպելու, թանգարաններ այցելելու, աշխարհի տարբեր երկրների արվեստագետների հետ շփվելու համար, որ անշուշտ դրական ազդեցություն է ունենում ներաշխարհի հարստացման, ստեղծագործական նոր ու հետաքրքիր հղացումների համար։
Ինստիտուտի շենքի վերանորոգման ընթացքում, ներքին տարածքի օպտիմալացման նպատակով 2003-ին որոշվում է առաջին հարկում տեղակայված գրադարանը տեղափոխել: Այդ առիթով արվեստի կաբինետի վարիչ Սուսաննա Իսաբեկյանի և գրադարանի վարիչ Սիլվա Մարգարյանի ուշադիր ղեկավարությամբ անցկացված գույքագրման ժամանակ հայտնաբերվում են թե՛ պատմական և թե՛ գեղարվեստական տեսակետից մեծ արժեք ներկայացնող գործեր, որոնք տարիներով աննկատ էին մնացել: Դրանք թիֆլիսահայ հայտնի նկարիչ, կենցաղային և ժողովրդական սովորույթների տպավորիչ թարգման Վանո Խոջաբեկյանի 12 գծանկար թերթերն են և հայ նորագույն շրջանի գեղանկարչության խոշոր դեմքերից մեկի` իմպրեսիոնիստական և հետիմպրեսիոնիստական արվեստային սկզբունքների հիմքով և հայկական ձևամտածողությամբ ինքնատիպ արվեստագետ Սեդրակ Առաքելյանի 20 գրաֆիկական աշխատանքները: 2009-ին, խորհրդակցելով Փարավոն Միրզոյանի հետ, որն այդ ժամանակ նաև Ազգային պատկերասրահի տնօրենն էր, Արամ Իսաբեկյանն առավել հարիր է գտնում այդ ժառանգությունը նվիրել թանգարանի ֆոնդին` այն խորին համոզմամբ, որ «միայն Ազգային պատկերասրահը կարող է պատշաճ կերպով հետազոտել դրանք և ապահովել պահպանությունը»: Նվիրատվության առիթով 2010-ի փետրվարին Պատկերասրահում ցուցահանդես է բացվում և հրատարակվում անվանական հատուկ կատալոգ:
Գեղանկարի և քանդակի բաժիններում արվեստանոցային համակարգը վաղուց հաստատել է գեղարվետական կրթության իր առավելություններն ու արդյունավետությունը` առանձին վարպետի կողմից հմտության, տեխնիկայի ու գիտելիքի փոխանցման և յուրաքանչյուր ուսանողի մեջ անհատական ձեռագրի բացահայտման տեսակետից: Նման ուսուցման առավելությունը նաև գեղարվեստական ազատ մտածողության մեջ է: Հետանկախության շրջանում Գեղարվեստի ակադեմիան սկիզբ դրեց արվեստանոցների անվանակոչման գեղեցիկ ավանդույթին: Որպես երախտիք Ակադեմիայի կայացման գործում մեծ ներդրում ունեցող հանրաճանաչ արվեստագետ-մանկավարժների կատարած գործի՝ այդ արվեստանոցները հետմահու ստացան այն վարպետների անունները, որոնք դրանց առաջին ղեկավարներն էին եղել, բուհում արվեստի բարձր մթնոլորտ ստեղծել, ուսանողների սերն ու հարգանքը վայելել, գեղարվեստական դասավանդման ավանդույթներ ձևավորել: Ըստ այդմ՝ գեղանկարի երեք արվեստանոցները կոչվեցին Էդուարդ Իսաբեկյանի, Արա Բեքարյանի և Անատոլի Պապյանի, իսկ քանդակի արվեստանոցները՝ Արա Սարգսյանի, Արա Հարությունյանի և Սերգեյ Բաղդասարյանի անուններով:
Բուհի հիմնադիր արվեստագետների հանդեպ երախտիքի մեկ այլ վկայություն է դարձել անվանական մրցանակների շնորհումը լավագույն դիպլոմային աշխատանքների հեղինակներին։ Գեղանկարչության բաժնի շրջանավարտին շնորհվում է Էդուարդ Իսաբեկյանի անվան մրցանակ, քանդակագործությանը՝ Արա Սարգսյանի անվան, իսկ գրաֆիկայինը՝ Հակոբ Կոջոյանի, ինչպես նաև տրվում են դրամական պարգևներ։
Դեռևս ինստիտուտի ստեղծման առաջին տարիներից դիպլոմային աշխատանքների պաշտպանության ժամանակ որպես հանձնաժողովի նախագահ գրեթե միշտ մասնագետներ էին հրավիրվում դրսից` Մոսկվայի, Լենինգրադի գեղարվեստի բուհերից կամ մեր հանրապետության այլ բուհերից ու մշակութային հաստատություններից: Այս ավանդույթը պահպանվեց հետանկախության շրջանում, և եթե խորհրդային իշխանության օրերին դիպլոմային աշխատանքների թեմաները հաստատում էին բուհի ղեկավարները, իսկ թեմաների ընտրության հարցում զգացվում էր տիրող գաղափարախոսության ազդեցությունը, ապա նոր ժամանակներում ընտրությունը թողնվում է ուսանողին՝ իր նախասիրության շրջանակներում, միայն մի պայմանով, որ տարիների ուսանածը կարողանա ներկայացնել աշխատանքի մեջ:
Դիպլոմային պաշտպանությունների ընթացքում արժեքավոր կարծիքներով ու օգտակար դիտարկումներով զգալի դերակատարում են ունեցել գեղանկարիչ, դիզայներ Էդուարդ Կարայանը, ճարտարապետության դոկտոր Աշոտ Գրիգորյանը և հատկապես՝ ճարտարապետ, ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը: Վերջինս ավելի քան տասը տարի Արամ Իսաբեկյանի խնդրանքով նախագահել է մասնագիտական հանձնաժողովները: Լինելով Սպիտակ քաղաքի կենտրոնի վերականգնման աշխատանքների նախագծի հեղինակ՝ նրա շնորհիվ էր, որ քանդակագործության բաժնի մի շարք ուսանողներ 2003-ին մասնակցեցին այդ ծրագրին՝ իրականացնելով ճարտարապետական համալիրի բարիելեֆային բոլոր աշխատանքները: Նյութի վրա անմիջականորեն աշխատելու հնարավորությունից բացի՝ նման պրակտիկայի առավելությունը ավագ վարպետների, մեծերի մթնոլորտում անմիջականորեն գտնվելն է, որը ճաշակ, մտածողություն, վերաբերմունք ու պատասխանատվություն է ձևավորում:
1990-ականներից սկսած՝ քանդակագործության բաժնի դասախոսները, շրջանավարտներն ու ուսանողները նաև պարբերաբար մասնակցում են Իտալիայի Վենետիկ քաղաքում կազմակերպվող՝ Դանթեին նվիված միջազգային բիենալեներին և արժանացել են բարձր պարգևների։ 1994-ին առաջին մրցանակն է շահել Գարեգին Դավթյանը, որն այժմ նաև բիենալեների ժյուրիի անդամ է, 1996-ին՝ Արմենակ Վարդանյանը: 1998-ին քսանմեկամյա ուսանող Միքայել Օհանջանյանը, որ բիենալեների պատմության մեջ ամենաերիտասարդ մասնակիցն էր, արժանացավ երրորդ մրցանակի և բրոնզե մեդալի, իսկ 2015-ին՝ շահեց «Ոսկե Առյուծ» պատվավոր մրցանակը՝ «Տասներկու» քանդակային ինստալիացիայի համար։ Տարբեր տարիներին նա նաև Իտալիայում կազմակերպված տարբեր արվեստային միջոցառումների վեց այլ մրցանակներ է շահել:
Ցանկացած բուհի գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում գիտահետազոտական աշխատանքը, որի շնորհիվ դասախոսները մանկավարժական փորձառությունը զուգորդում են իրենց գիտական գործունեության հետ` այդ ասպարեզում գրանցած առաջընթացն ու ներդրումները ներմուծելով առարկայական ծրագրերի բովանդակության մեջ: Գեղարվեստի ինստիտուտը ստեղծման առաջին տարիներից իսկ մեծ մասնակցություն է ունեցել արվեստի և մասնավորապես` հայ արվեստի պատմագիտական և տեսական հետազոտությունների զարգացման գործում, բայց նաև` նկարչության, քանդակի, գրաֆիկայի ստեղծագործական և տեխնիկական խնդիրներին առնչվող հայ քննադատական մտքի ձևավորման մեջ: Ոչ միայն արվեստի պատմության և տեսության ամբիոնի, այլև մյուս` ստեղծագործական ամբիոնների պրոֆեսորները, դասախոսները բազմաթիվ հոդվածներ և աշխատություններ են հրատարակել: Պրոֆեսորա-դասախոսական կազմի գիտահետազոտական աշխատանքի ցուցանիշը դարձավ 1971-ից որոշ ընդհատումներով լույս տեսնող «Գիտական աշխատությունների ժողովածուն», որտեղ հրատարակված արվեստաբանական հոդվածները, մեթոդական ու գործնական առաջադրանքները տարբեր առարկաների ուսուցման գործում ուսանողների համար ծառայել են որպես օժանդակ գրականություն։ 2004-ից այն հրատարակվում է «Տարեգիրք. գիտական աշխատությունների ժողովածու» վերտառությամբ և ընդգրկված է Բարձրագույն որակավորման հանձնաժողովի գիտական հրատարակությունների ցուցակում:
Բուհի առօրյա կյանքի ու գործունեության կազմակերպման մեջ կարևոր մաս ունի 1993-ին հիմնադրված Ուսանողական խորհուրդը, որի նպատակն է նպաստել ուսանողների հասարակական ակտիվությանը, ստեղծագործական զարգացմանը, դասախոսների հետ հարաբերությունների դյուրացմանը, ինչպես նաև ապահովել ուսանողների մասնակցությունը բուհի կառավարման գործում։ Ուսանողական խորհուրդը մշտապես կազմակերպում է տարբեր միջոցառումներ՝ մշակութային, սպորտային, գիտական, ժամանցային և այլն, որոնք վարում են համապատասխան հանձնաժողովները: Այդպիսիններից են, օրինակ, 2008-ից ՀՀ նկարիչների միությունում անընդմեջ իրականացվող «Մի կտոր կրակ» խորագրով ուսանողական ցուցահանդես-մրցույթ փառատոնը, որի ընթացքում ներկայացված են լինում ավելի քան 200 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ, մոտ 70 քանդակներ և դեկորատիվ կիրառական արվեստի գործեր: Իսկ հագուստի մոդելավորման բաժնի ուսանողների համար փառատոնի շրջանակներում կազմակերպվում է հագուստի հավաքածուների ցուցադրություն (դեֆիլե): Փառատոնն ամփոփվում է մրցանակներով, որոնք տրվում են բոլոր ուղղվածություններով՝ առաջին, երկրորդ և երրորդ անվանակարգերով: Մրցանակակիրներն ընտրվում են մասնագիտական հանձնաժողովների կողմից: 2014-ին այս միջոցառումը մասնակցել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայկյան-2014» մրցանակաբաշխությանը և «Լավագույն միջբուհական ծրագիր» անվանակարգով արժանացել մրցանակի:
Մեկ այլ ավանդական միջոցառում են դարձել մասնագիտական պլեներները, որոնք կազմակերպվում են յուրաքանչյուր կիսամյակում առնվազն երեք անգամ: Պլեների շրջանակներում Ակադեմիայի ուսանողները կտավին են հանձնում Գառնիի, Գեղարդի, Արզնիի, Ամբերդի, Սաղմոսավանքի, Օհանավանքի, Հաղարծնի, Օշականի, Խոր Վիրապի, Սանահնի, Հաղպատի, Ստեփանավանի և Հայաստանի այլ գեղատեսիլ վայրերի բնությունն ու վանքերը: Յուրաքանչյուր կիսամյակի վերջում ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպվում է պլեներային աշխատանքների ցուցահանդես: Բացի այդ՝ ուսանողները բացօթյա ստեղծագործում են նաև Երևանում:
Այսպիսով, Գեղարվեստի ինստիտուտը նոր հազարամյակ մտավ՝ խիզախորեն դիմագրավելով իր առջև ծառացած մարտահրավերները, հիմնականում հաղթահարած անցյալից մնացած և ներկա պայմաններում կուտակված դժվարությունները և ժամանակին ու ճիշտ որսալով ընձեռնված հնարավորությունները: Շնորհիվ խոհեմ ու նպատակասլաց ղեկավարության և ջանադիր ու նվիրված աշխատանքի` հին բուհն ուղղեց մեջքը, հպարտ բարձրացրեց գլուխը՝ դառնալով հանրապետության առաջադեմ ու մրցունակ արվեստի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ հիրավի արժանի ակադեմիայի կոչման։
Այն պայմաններում, որ մեր ավագներն են աշխատել և մենք՝ անհամեմատելի է,- ասում են ինստիտուտի տարեց աշխատողները, – Արամ Իսաբեկյանը շատ մեծ գործ է արել այս տարիների ընթացքում՝ նյութատեխնիկական բազայից մինչև բուհը միջազգային ճանաչման հասցնելը: Դա իր արժանիքն է, իր նվիրվածության, իր աշխատանքի, իր վերաբերմունքի արդյունքը»: