Նպատակ ունենալով խթանել կառավարման համակարգի, կրթական ծրագրերի ինչպես նաև որակի ապահովման գործընթացների բարելավումն ու զարգացումը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ակտիվորեն մասնակցել է «TEMPUS», իսկ հիմա էլ մասնակցում է «Erasmus+» դրամաշնորհային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը: Ընդ որում, ՀԳՊԱ-ն երկու դրամաշնորհային ծրագրի համակարգող է՝ GOVERN (ՏԵՄՊՈՒՍ) և INCLUSION (ԷՐԱԶՄՈՒՍ+):
Այսպես, 2009-ից մինչև 2017-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ներգրաված է եղել «TEMPUS»-ի տասը դրամաշնորհային ծրագրերում, մասնավորապես, «GOVERN»-ում (Բոլոնիայի սկզբունքներին համահունչ բարձրագույն կրթության կառավարման համակարգի արդյունավետ բարեփոխումների իրականացում՝ խթանելով բուհերի ինքնավարությունը և հաշվետվողականությունը), «VERITAS»-ում (Զալցբուրգի սկզբունքների հիման վրա հետբուհական կրթության կառուցվածքային զարգացում), «PICASA»-ում (բուհերի միջազգայնացման խթանումը Արևելյան հարևանության երկրներում՝ մշակութային և կառուցվածքային տեղայնացմամբ), «ALIGN»-ում (մասնագիտության կրթական ծրագրերի և որակավորումների ազգային շրջանակների միջև համապտասխանության ապահովում և ստուգում), «ESPAQ»-ում (ուսանողների մասնակցության խթանումը բարձրագույն կրթության որակի ապահովման գործընթացում) և «HEN-GEAR»-ում (Հայաստանում մարդկային կապիտալի գնահատման և շրջանավարտների աշխատանքի ապահովման բարձրագույն կրթության հարթակ):
Ծրագրերի գործունեության ընթացքում իրականացվել են կրթական և գիտահետազոտական համատեղ նախագծեր, միջազգային վերապատրաստումներ և գիտաժողովներ, ինչպես նաև ՀԳՊԱ-ն համալրվել է ժամանակակից տեխնիկայով:
2016-ից ՀԳՊԱ-ն մասնակցում է Էրազմուս+ կարողությունների զարգացում (ERASMUS+ Capacity Building: Key Action 2) ծրագրերին: 2016-2019-ին ներգրավվել է երկու դրամաշնորհային ծրագրում՝ «Ինքլյուժն (INCLUSION)» (Հայաստանում և Բոսնիա և Հերցեգովինայում սոցիալական ուղղվածության ռազմավարության մշակում և իրականացում միջտարածաշրջանային փորձի փոխանակման միջոցով) և «C3QA» (Եվրոպական ինտեգրման համատեքստում բարձրագույն կրթության երրորդ աստիճանի որակի ապահովման համակարգի ստեղծում և իրականացում՝ նպաստելով հետազոտության միջազգայնացմանը), որոնցից Ինքլուժն ծրագիրը համակարգել է ՀԳՊԱ-ն։ Երկու ծրագրերը հաջողությամբ իրականացվել և արժանացել են բարձր գնահատականի։