Աշխատաժողովներ և փորձի փոխանակում ՀԳՊԱ-ում և ԵԹԿՊԻ-ում
Փետրվարի 24-28-ը Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցան աշխատաժողովներ և փորձի փոխանակում Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի առաջատար դասախոսների և անձնակազմի ներկայացուցիչների խմբի հետ:
Սեմինար-քննարկումների ընթացքում իռլանդական բուհի ներկայացուցիչները, որոնց գլխավորում էր ֆիլմի, արվեստի և ստեղծագործական տեխնոլոգիաների ֆակուլտետի դասախոս Դեյվիդ Քուինը, խոսեցին միջոլորտային կրթական ծրագրերի գնահատման ձևերի, Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ֆիլմի և անիմացիայի, ինչպես նաև դիզայնի կրթական ծրագրերի և դրանց առանձնահատկությունների մասին: Տեղի ունեցավ գործիքակազմի մշակման ուղղությամբ աշխատաժողով բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների մասնակցությամբ: Անդրադարձ կատարվեց նաև միջազգայնացման արդի խնդիրներին և ուսանողների շարժունության հետագա հնարավորություններին և համագործակցության ընդլայնմանը: Հանդիպումներն իրականացվեցին Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում:
Ի դեպ, հանդիպումներից մեկի ընթացքում ՀԳՊԱ-ի համակարգչային գրաֆիկայի 3-րդ կուրսի ուսանողուհի Սոնա Անտոնյանը իռլանդացի հյուրերի ճեպանկարները նկարեց և դրանք նվիրեց վերջիններիս: Իսկ Հայաստանում գտնվելու վերջին օրը Իռլանդիայի արվեստի, դիզայնի և տեխնոլոգիայի ինստիտուտի ներկայացուցիչներն այցելեցին ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ, ծանոթացան բուհի ծրագրերին և խնդիրներին, որից հետո շրջեցին քաղաքի հին թաղամասերով: Հյուրերը Հայաստանից հեռացան մեծ տպավորություններով և մեր երկիր վերադառնալու հաստատ որոշմամբ: