«Հայացք մեկ այլ կողմից»
ՀԳՊԱ-ի ուսանողների ցուցահանդեսը՝ Նկարիչների միության սրահում
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան շուրջ քսան տարի արդեն ապահովել է ապագա կերպարվեստագետի համար անհրաժեշտը՝ սեփական ստեղծագործության հանրային ներկայացումը։ Ակադեմիայի «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահը ծառայում է հենց այս նպատակին՝ ուսանողական խմբակային և անհատական տարաբնույթ ցուցահանդեսներ կազմակերպելուն, ինչը խրախուսող հանգամանք է ուսանողների համար: Եվ բնականաբար իրենց արվեստի ներկայացման շրջանակների ընդլայնումը ավելի ոգևորիչ է նրանց համար: Այս պատճառով օրեր առաջ Նկարիչների միության սրահում ակադեմիայի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպած ցուցահանդեսը տոնական տրամադրություն էր հաղորդել մթնոլորտին:
Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը՝ նույն ակադեմիայի նախկին շրջանավարտ, անկեղծացավ, թե առավոտյան աշխատանքի գալուն պես՝ մտել է ցուցասրահ, նայելով աշխատանքները մի պահ մոռացել, որ ուսանողների գործեր են դրանք: Նա առանձնահատուկ շնորհակալությամբ դիմեց դասախոսական կազմին, որ ջանք ու եռանդ չի խնայում փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու, և ի մասնավորի՝ ռեկտոր Արամ Իսաբեկյանին, որի գրագետ կառավարման հետևանքն է նման արդյունքը: Հարցին՝ թե ինչպիսին է վաղվա օրը լինելու, նա նկատեց. «Կարող ենք ասել, որ շատ լավ է լինելու, լավ արվեստագետներ ենք ունենալու ապագայում: Այս ցուցահանդեսը դրա լավագույն վկայություններից է, ոմանց աշխատանքները կարելի է ուղղակի, հենց այսպես՝ արվեստի գործեր համարել»:
«Հայացք մեկ այլ կողմից» ցուցահանդեսին ներկայացված են ակադեմիայի բոլոր բաժինների ուսանողական աշխատանքներ՝ ստեղծագործական երևակայության ամենաբազմազան արտահայտություններով՝ գեղանկարչական, գրաֆիկական և քանդակային գործեր, խեցեգործական, գոբելենային, հագուստի մոդելավորման, դիզայներական արվեստի ուշագրավ նմուշներ, պլակատներ՝ գեղարվեստական մտածողության նոր հնարքներով, նաև դասական մոտեցումներ՝ գեղանկարի բնագավառում:
ՀԳՊԱ-ի ռեկտոր Արամ Իսաբեկյանը՝ դիմելով ներկաներին, խոսեց ակադեմիայի ցուցասրահում պարբերաբար կազմակերպվող ցուցահանդեսների առավելությունների մասին, որոնց նա մշտապես ներկա է լինում և ուրախանում լավ գործերի համար, խրախուսում ու քաջալերում ուսանողներին: Նա շնորհակալությամբ դիմեց Նկարիչների միությանը՝ ղեկավարությամբ Սուրեն Սաֆարյանի, ակադեմիայի հանդեպ ուշադիր վերաբերմունքի համար: Բարձր գնահատեց Ուսանողական խորհրդի կատարած աշխատանքը՝ Մանե Մակյանի գլխավորությամբ: Վերջինս իր արվեստանոցի ուսանողներից է, շնորհալի նկարչուհի։ Այս առումով Արամ Իսաբեկյանը նկատեց, որ աշխատանքի նման մեկտեղումից երբեմն տուժում է նկարչությունը, հորդորեց հետևել ռեկտորին, որ իսկապես ոչ հեշտ բուհական ղեկավարի աշխատանքն արդյունավետ համատեղում է ստեղծագործականի հետ: Նա նաև անդրադարձավ հաճախակի իրեն ուղղված հարցին՝ թե ունե՞ք տաղանդավոր ուսանողներ. «Մեկը չի, երկուսը չի, ինչպե՞ս կարող են չլինել: Մենք աշխատում ենք հաճույքով. արվեստի բուհի համար սա կարևոր հանգամանք է: Տարբեր դժվարություններ ենք ունեցել և հիմա էլ կան, բայց ամենակարևորրը սերն է արվեստի հանդեպ, ինչու չէ՝ նաև ակադեմիայի»: Նա տեղեկացրեց ուսանողներին՝ աշնանը, հոկտեմբերին Նկարիչների միությունում կայանալիք ՀԳՊԱ-ի 75-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի մասին, որին կարող են մասնակցել ակադեմիայի տարբեր տարիների շրջանավարտների աշխատանքներ՝ մասնագիտական ժյուրիի ընտրությամբ:
Մանե Մակյանի շնորհակալական խոսքն ուղղված էր պրոֆեսորադասախոսական կազմին, ռեկտորին, Նկարիչների միությանը՝ սրահը տրամադրելու, ցուցադրության հնարավորության, ուսխորհրդի անդամներին՝ կատարած աշխատանքների համար:
Մելանյա Բադալյան