ՀԳՊԱ-ում կայացան քանդակագործության և գեղանկարչության վարպետաց դասեր չին արվեստագետների կողմից
2016-2017 թվականներին «Լոռվա ձոր» հայրենակցական միության կազմակերպած փառատոնին հրավիրված էին նաև չին արվեստագետներ՝ Նանկին քաղաքի ակադեմիայից, որոնք մասնակցեցին Հայաստանում կայացած պլեներին: Անցած տարի հայ հինգ գեղանկարիչներ, բոլորն էլ ՀԳՊԱ շրջանավարտներ՝ Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը, միության քարտուղար Վահագն Գալստյանը, Լևոն Աբրահամյանը, Սուրեն Ամիրյանը և Արա Հակոբյանը մասնակցեցին Նանկինում տեղի ունեցած «Մեծ մետաքսե ճանապարհ» ծրագրի շրջանակներում կայացած բացօթյա նկարչությանը: Չինացիների համար կարևոր նշանակությամբ այս ծրագիրը նպատակ ունի վերականգնելու կապերը Մետաքսե ճանապարհի երկրների հետ:
Փոխայցելությունների աշխատանքային -ստեղծագործական արդյունքները հայ հանրությանը ներկայացնելու որոշումը կայացվեց համատեղ՝ հայ-չինական ցուցահանդեսով։ Այն նվիրված է լինելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-ամյակին, որը կկայանա նոյեմբերի 7-ին, Նկարիչների միության ցուցասրահում: Հաջորդ օրը նույն սրահում չին արվեստագետների կողմից վարպետաց դասեր կանցկացվեն Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի դպրոցի ուսանողների համար:
«Օգտվելով չին արվեստագետների՝ Հայաստանում գտնվելու առիթից, մտածեցինք ավելի սերտացնել մեր կապերը՝ հրավիրելով նրանց վարպետության դասեր տալ ՀԳՊԱ-ում: Հույս ունենք ընդլայնել համագործակցությունը՝ ընդգրկելով կերպարվեստի մեր մյուս ուսումնական հաստատությունները ևս, հասնել ընդհուպ ուսանողների փոխանակման գործընթացի »,- ասում է Նկարիչների միության քարտուղար Վահագն Գալստյանը:
Չին արվեստագետներ Վանգ Չաոն և Մենգ Լին հոկտեմբերի 5-ին Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության և գեղանկարչության բաժնի ուսանողների համար անցկացրեցին վարպետաց դասեր: Վանգ Չաոն Չինաստանում հայտնի քանդակագործ է, Նանկինի ակադեմիայի պրոֆեսոր: Չինական այս հին քաղաքը կարևոր դեր է խաղացել երկրի պատմության տարբեր ժամանակահատվածներում, Չինաստանի հինգ հզոր մայրաքաղաքներից մեկն է: Նանկինը Երկրորդ համաշխարհայինի տարիներին օկուպացված է եղել ճապոնացիների կողմից, իսկ ճապոնաչինական երկրորդ պատերազմի ժամանակ ենթարկվել է բարբարոսությունների՝ քաղաքի բնակչության ջարդերով: Արդեն խաղաղ ժամանակներում այստեղ ցեղասպանության թանգարան է բացվել, որտեղ ներկայացված գեղարվեստական աշխատանքների մեծ մասը Վանգ Չաոյի հեղինակած մեծածավալ բարելիեֆներն են։ Նա նաև Չինաստանի տարբեր քաղաքներում տեղադրված բազմաթիվ արձանների ու քանդակների հեղինակ է: Հայ բնորդուհու բավական հաջողված դիմաքանդակը ավարտելու համար մոտ երկու ժամ պահանջվեց քանդակագործից. երբեմն նա դիմում էր ուսանողների օգնությանը, մեկին էլ կատակով ասաց, թե՝ քո անունն էլ է նշվելու հեղինակների թվում:
Մենգ Լին գեղանկարչություն է ուսանել Սանկտ Պետերբուրգի Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայում, որոշակիորեն կրում է ռուսական ավանդական նկարչության ազդեցությունը: ՀԳՊԱ-ի ուսանողուհի Կարոլին Սեմերջյանի դիմանակարը ռեալիստական ոճի ազատ դրսևորման արդյունք էր:
Մելանյա Բադալյան