«Ճարտարապետություն և շինարարություն»
Ցուցահանդեսային թեմատիկ նախագիծ
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կերպարվեստի ֆակուլտետի գեղանկարչության բաժնի Էդուարդ Իսաբեկյանի անվան արվեստանոցի սաների «Ճարտարապետություն և շինարարություն» խորագրով թեմատիկ ցուցահանդեսը՝ այս օրերին «Ալբերտ և Թովէ Բոյաջյան» ցուցասրահում ընթացող, իրականացվում է Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի աջակցությամբ և երկրորդն է այս ծրագրի շրջանակներում: Ինչպես նախորդը (իրականացվեց անցած տարի, կրում էր «Տրանսպորտ և առևտուր» խորագիրը) ունեցավ կատալոգային հրատարակություն, այնպես էլ այս վերջինը Գագիկ Գալստյանի աջակցությամբ կունենա նույնատիպ տպագիր վավերացում:
Արվեստանոցի ղեկավարները՝ ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը և ավագ դասախոս Արթուր Հովհաննիսյանը կարևորագույն խնդիր են համարում ստեղծագործական, առողջ մթնոլորտի ստեղծումը, այն բարենպաստ միջավայրի, որ երիտասարդ արվեստագետին մղում է բացահայտելու ներքին պոտենցյալը, նպաստում հնարավորությունների առաջընթացին, երևակայության ազատությանը: Բացառիկ անհրաժեշտ հանգամանք է նման անկաշկանդ մթնոլորտի գոյությունն առհասարակ անհատի ազատ ինքնաարտահայտման համար, հատկապես երբ դա ուղեկցվում է մասնագիտական խորհուրդների, վարպետության փոխանցմամբ:
Այս ցուցահանդեսի մտահղացումը Գագիկ Գալստյանինն է, նմանապես՝ կատալոգի տպագրության առաջարկը ևս: Արամ Իսաբեկյանը տեղեկացրեց, որ կատալոգի տպագրության ուշացումը օբյեկտիվ պատճառներով է պայմանավորված. մինչև վերջին օրը ուսանողներն աշխատում էին, իսկ որոշ աշխատանքներ անգամ դեռ թաց են: Նա կարևորեց ցուցահանդեսի վավերացումը, քանի որ այդպիսի ցուցահանդեսները մնայուն են և դառնում են ակադեմիայի պատմության մաս:
Շնորհավորելով մասնակիցներին իրապես հաջող աշխատանքների համար՝ Գագիկ Գալստյանը նկատեց, որ իրենց մոտ ևս հետաքրքրական աշխատանքներ են արվում՝ գծանկար, նաև գունանկար գործեր, ինչին հետևեց Արամ Իսաբեկյանի՝ համատեղ ցուցահանդես իրականացնելու առաջարկը, ինչպես դա մանկավարժական համալսարանի ուսանողների հետ է արվում:
Ցուցահանդեսը ուներ ևս մեկ առանձնահատկություն․ Արթուր Հովհաննիսյանի առաջարկով ցուցադրված էին ղեկավարների մեկական աշխատանքներ: Այս առիթով նա ասաց, թե ուսանողության տարիներին ինքը ինչպիսի ոգևորություն կունենար, եթե իրենց դասախոսների հետ համատեղ ցուցադրություն լիներ, որովհետև կարևոր և հետաքրքիր է սերունդների գեղարվեստական մտածողության և արտահայտությունների նմանություններն ու տարբերությունները: «Համոզված եմ, որ այն դասախոսը, երբ չի պարտադրում իր ձեռագիրը և հնարավորություն է տալիս ուսանողին բացվելու, որպես մանկավարժի՝ դա նրա առավելությունն է»:
Մասնակից ուսանողների կողմից (3-րդ, 4-րդ կուրս և մագիստրատուրա) ելույթ ունեցողները՝ Միքայել Հարությունյանը և Սեդա Ղարիբյանը, հենց նման մոտեցման անհրաժեշտության մասին խոսեցին, այն միջավայրի ստեղծման, որ ապահովում են Արամ Իսաբեկյանը և Արթուր Հովհաննիսյանը, որը լավագույն խթան է ստեղծագործելու և առաջընթացի: Սեդայի համար նաև թեմայի ընտրությունն էր կարևոր, քանի որ, ինչպես ասաց՝ հնարավորություն տվեց հայացք գցել այնպիսի առօրեական գործունեության, ինչպիսին շինարարությունն է և այնպիսի մնայուն արժեքների, ինչպիսին՝ ճարտարապետությունը:
Մելանյա Բադալյան